Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Հունիս 27,2006 00:00

Ֆուտբոլի աշխարհի իսկական առաջնությունը Գերմանիայում սկսվեց 1/8 եզրափակիչով

Այս փուլից սկսած, խմբային մրցաշարի արգելքը հաղթահարած 16 ազգային հավաքականների համար յուրաքանչյուր հերթական հանդիպում կյանքի ու մահվան ճակատամարտ է, յուրաքանչյուր ֆուտբոլիստի թույլ տված ամեն մի աննշան վրիպում, առավել եւս՝ սխալ, «մահ է» իր թիմի համար:

Աշխարհի գավաթի համար պայքարի մեջ ներգրավված 32 հավաքականները խմբային մրցաշարում մի գերնպատակ ունեին. իրենց ենթախմբում զբաղեցնել առաջին կամ երկրորդ տեղը եւ հետագա պայքարը շարունակելու իրավունք նվաճել: Եվ քանի որ աշխարհի առաջնությունը մարաթոնյան մրցաշար է, ամեն մի թիմ, հավատալով, որ հենց ինքն է անցնելու «փլեյ օֆֆ», մեկնարկային խաղերում չէր ցուցադրում իր իսկական կարողությունները՝ ուժերը խնայելով ապագայի ավելի ծանր ու պատասխանատու մրցելույթների համար: Խոսքն այստեղ, իհարկե, առաջին հերթին վերաբերում է ֆավորիտներին: Իսկ ինչ վերաբերում է համեմատաբար թույլ հավաքականներին, նրանք ներդրեցին իրենց ողջ ունակությունները՝ համաշխարհային ֆուտբոլային հասարակության մեջ իրենց հասանելիք տեղը գտնելու համար: Թե հավաքականներից նախնական մրցաշարում ով ինչի՞ հասավ, արդեն հայտնի է:

Ութ խմբերից հինգում նախնական մրցափուլի արգելքը հաղթահարեցին երկուական արժանավորները: Դրանք են.

«B» խումբ, Անգլիա եւ Շվեդիա

«C» խումբ. Արգենտինա եւ Հոլանդիա

«D» խումբ. Պորտուգալիա եւ Մեքսիկա

«G» խումբ. Շվեյցարիա եւ Ֆրանսիա

«H» խումբ. Իսպանիա եւ Ուկրաինա

Իսկ ահա մնացած երեք խմբերում սենսացիոն անակնկալներ գրանցվեցին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է «E» խմբում ընդգրկված Չեխիային: ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող չեխերը, որոնց ոչ միայն խմբում, այլեւ առաջնությունում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն էին համարում, ԱՄՆ-ին 3:0 հաշվով հաղթելուց հետո, անհասկանալի ձեւով տանուլ տվեց աշխարհի առաջնությունների նորեկ Գանային՝ 0:2, այնուհետեւ նույն հաշվով պարտվեց Իտալիային ու դուրս մնաց պայքարից՝ 1/8 եզրափակիչում իր տեղը զիջելով աֆրիկացիներին:

Առաջնության վատթարագույն հավաքականներից մեկը դարձավ նաեւ «F» խմբում ընդգրկված Խորվաթիան: Մեկնարկային խաղում Բրազիլիայից կրած պարտությունը (0:1) միանգամայն բնական էր: Բայց դրանից հետո Ճապոնիայի (0:0) եւ Ավստրալիայի (2:2) հետ ոչ- ոքիները Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկին հարկադրեցին առաջինների շարքում հրաժեշտ տալ Գերմանիային:

Նույն բանը տեղի ունեցավ նաեւ Լեհաստանի հավաքականի հետ, որն անսպասելի զիջեց Էկվադորին՝ 0:2, հետո՝ Գերմանիային՝ 0:1, իսկ Կոստա Ռիկայի նկատմամբ տարած հաղթանակը՝ 2:1, ընդամենը սփոփանքի դեր խաղաց:

Պայքարի սրության ու որակի առումով անհամեմատ դիտարժան են անցնում 1/8 եզրափակիչի խաղերը: Այս փուլում առաջինը միմյանց դեմ ելան Գերմանիան եւ Շվեդիան: Կազմակերպիչ երկրի հավաքականը, որի համար առնվազն եզրափակիչ հասնելը ձախողում կգնահատվի, երկու անպատասխան գնդակ անցկացրեց սկանդինավցիների դարպասը, մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն հանդիպելու է Արգենտինայի ընտրանու հետ, որն իր հերթին համառ պայքարում հաղթանակը պոկեց Մեքսիկայից՝ 2:1: Անգլիան 1:0 հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ ու հաջորդ փուլում ուժերը չափելու է պորտուգալացիների հետ:

1/8 եզրափակիչի Պորտուգալիա-Հոլանդիա հանդիպումը, որ կայացավ շաբաթ օրը, երկար կմնա թե մասնագետների, թե ֆուտբոլասերների հիշողության մեջ: Այն հատկապես երկրորդ խաղակեսում ավելի շատ տուրուդմբոց էր հիշեցնում, քան ֆուտբոլ: Պատահական չէ, որ հանդիպման գլխավոր մրցավար Վալենտին Իվանովը երկու թիմերի ֆուտբոլիստներին ընդհանուր առմամբ 20 քարտ ցույց տվեց, որից 4-ը՝ կարմիր: Չնայած Պորտուգալիան ի վերջո 1:0 հաշվով հաղթանակ տարավ, սակայն Անգլիայի հետ հաջորդ հանդիպումում անչափ ծանր կացության առջեւ է կանգնելու: Նախ, ոտքի վնասվածք ստացած առանցքային խաղացող Ռոնալդուի մասնակցությունն այդ խաղին առայժմ հարցականի տակ է: Երկրորդ, կարմիր քարտ ստացած հիմնական կազմի խաղացողներ Կոշտինյան եւ Դեկուն հաստատ չեն մտնի խաղադաշտ: Այնպես որ, պորտուգալացիների գլխավոր մարզիչ Սկոլարին բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու:

Երեկ կայացան 1/8 եզրափակիչի Իտալիա-Ավստրալիա, Շվեյցարիա-Ուկրաինա հանդիպումները, որոնցում հաղթողները կհանդիպեն 1/8 եզրափակիչում: Իսկ այսօր պարզ կդառնա քառորդ եզրափակիչի վերջին զույգը, դրա համար պայքարելու են Բրազիլիան ու Գանան, Իսպանիան ու Ֆրանսիան:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել