Լաչինում
փառատոնի մասնակիցներն ու հյուրերը մի ամբողջ օր մնացին առանց սննդի, ջրի եւ զուգարանի
Հունիսի 24-25-ը
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնը շարունակվեց Վայոց ձոր մարզի
Ջերմուկ, ապա Քաշաթաղի շրջանի Բերձոր (Լաչին) քաղաքներում: Երգով, պարով եւ ասմունքով
հանդես եկան Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» խումբը, Վրաստանից եւ Դոնի Ռոստովից ժամանած
մեր հայրենակիցները, ինչպես նաեւ Աղավնաձորի, Վայքի, Եղեգնաձորի խմբերը: Ծրագրում
ներգրավված Ջերմուկի պարի խումբն էլ չմասնակցեց միջոցառմանը՝ կազմակերպիչների կողմից
ժամանակին տեղեկացված չլինելու պատճառով: Եթե Ջերմուկում ներկա էին ԱԺ, մարզպետարանի,
քաղաքապետարանի ներկայացուցիչները, ապա Բերձորում ոչ մի պաշտոնյա հարկ չէր համարել
իր ներկայությամբ պատվել միջոցառումը: Ժամերով սպասելով Բերձորի քաղաքապետին, որն
այդպես էլ չերեւաց: Միջոցառումն սկսվեց 3 ժամ ուշացումով. պաստառների վրա (եթե կային
այդպիսիք) գրված Էր՝ սկիզբը ժամը 17-ին: Միջոցառման կազմակերպիչներն էլ էին սպասում
տեղի իշխանավորներին, որպեսզի պարզեն մասնակիցների սննդի, եւ այլ հարցեր: Տեսնելով
մասնակիցների թշվառ վիճակը՝ ստիպված էինք կազմակերպիչներից պարզաբանում խնդրել ստեղծված
անկազմակերպ վիճակի առիթով, լսեցինք հետեւյալ պատասխանը. «Ի՞նչ կարող ենք անել, մեր
երկրում չենք, Հայաստանում լինեինք՝ ուրիշ բան»: Սփյուռքի մեր հայրենակիցները չէին
սպասում, որ կարժանանային նման վերաբերմունքի, եւ որ ելույթ կունենային այդպիսի պայմաններում:
Հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտը թույլ չէր տալիս ոմանց արտահայտվել, նրանք մխիթարվում
էին միայն, որ Հայաստանում են: Էլ ինչի համար է կառավարության կողմից տրամադրած 117
մլն դրամը, եթե ապահովված չեն կազմակերպչական տարրական հարցեր: Թե՞ կազմակերպիչները
միայն իրենց «փողն են աշխատում» (այդպես ասաց հենց կազմակերպիչներից մեկը)՝ չմտածելով,
որ «հաց ու պանիրով» երկար ճանապարհ կտրած, հոգնած, սոված ու ծարավ երիտասարդների
ու երեխաների համար դժվար էր բեմ բարձրանալը: Կիրակի օրը փառատոնը հյուրընկալվեց
նաեւ Էջմիածնում: Արագածոտնի մարզի ներկայացուցիչները, միջոցառման բոլոր առավելությունները
նշելով, դժգոհեցին, թե հաճախ միայն վերջին պահին են իմանում՝ երբ, որտեղ են ներկայացնելու
իրենց ծրագիրը. «Խառը-խուռը վիճակ է, օրինակ՝ ասում են Սեւան ենք գնալու, բայց չգիտենք
երբ, որտեղից»։ «Հուսով եմ՝ փառատոնն այս անգամ ավելի մեծ տրամադրություններ կարթնացնի,
իսկ մենք հաջորդ անգամ ավելի մեծ խմբով եւ ավելի լավ պատրաստված կգանք»,- ասաց Չեխիայի
Վիսոչինայի նահանգի Հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։ Սիրիայի
«Պետրոս Ադամեան» թատերախմբի ատենապետ Ներսես Տադլեանը չի մոռացել, թե փառատոնի բացման
արարողության ժամանակ ինչպես են իրենց հետ վարվել. «Մեզ առաջնորդեցին սրահ, նստեցինք,
մի տասը րոպե անց մեկը մոտեցավ՝ ասելով, որ այդտեղից պիտի դուրս գանք։ Երբ հարցրինք՝
ինչո՞ւ, պատասխանեց, որ մարդ պիտի նստի։ Մենք մարդիկ չե՞նք, դա շատ վիրավորական է»։
Իսկ երեկ պատվիրակությունները այցելեցին նաեւ Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի
մարզեր, Սեւանա լճի ափին կայացավ համերգ եւ միասնության խարույկ վառվեց։ ԱՐԵՎ
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ