Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո ոչ
պետական բուհերի ղեկավարները «գրոհ» ձեռնարկեցին նրա ջանքերով հիմնած ակադեմիայուի
վրա: Անցյալ շաբաթվա ընթացքում խմբագրություն են դիմել միանգամից մի քանի
ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ եւ հանդես եկել որոշակի նկատառումներով՝ ուղղված
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեմ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն
է Արթուր Բաղդասարյանը: Մեր զրուցակիցներից ներկայացավ միայն «Մովսես Խորենացի» ոչ
պետական բուհի պրոռեկտոր Ռազմիկ Գրիգորյանը եւ ասաց, որ միայն վերջերս մի քանի ոչ
պետական բուհերի ղեկավարներով իմացել են, թե իբր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան
ոչ պետական բուհ է, սակայն ինչ-ինչ պատճառներով (ըստ պրն Գրիգորյանի՝ նաեւ Ա. Բաղդասարյանի
անձից կախված) բուհն իր ուսանողներին տարկետման իրավունք տալիս է՝ ի տարբերություն
մյուս ոչ պետական բուհերի: Ընդ որում, ըստ Ռ. Գրիգորյանի, իրենց բուհերը վերջին տարիներին
հավատարմագրվել են, իսկ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան՝ ոչ: Պրն Գրիգորյանը
վիրավորված էր. նա ուզում է, որ բոլորը հավասար պայմաններում գործեն, առանց այն էլ
«պետությունը նրանց շենք է տվել…»: Հիշեցնենք, որ հիշյալ ակադեմիային տրամադրվել
է Զեյթունի հանրակացարանների 1-ին մասնաշենքը: 2002-ի հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահը
ներկա գտնվեց ակադեմիայի բացմանը, եւ Ա. Բաղդասարյանի ու Ռ. Քոչարյանի փոխադարձ կոմպլիմենտներից
պարզ դարձավ, որ ծրագիրը, որն ամբողջապես ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից,
իրականացվել է ՀՀ նախագահի եւ Ա. Բաղդասարյանի համատեղ ջանքերով: Առաջինն օգնել է
դուրս գալ բազմաթիվ բյուրոկրատական դժվարություններից, բայց միայն երկրորդի երկարատեւ
բզել-բրթելուց հետո: «Եթե Արթուր Բաղդասարյանը ինձ չբզեր այս հարցում, չգիտեմ՝ կլինե՞ր
այս ծրագիրը, թե՝ ոչ, կամ երբ կլիներ: Ցանկանում եմ, որ Հայաստանում տարբեր ծրագրեր
բրթող, կամային հատկություններ ցույց տվող մարդկանց քանակն ավելանա»,- այն ժամանակ
հայտարարեց Ռ. Քոչարյանը: Ի դեպ, այն ժամանակ Արթուր Բաղդասարյանը դեռ ԱԺ նախագահ
չէր: Գործընկերները թերեւս չբողոքեին, եթե հիշեին, որ այս ծրագիրն իրականացվել
է անձամբ երկրի նախագահի միջամտությամբ եւ միջպետական պայմանագրերով: Նրանց բողոքներին
ու նկատառումներին պատասխանում է նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր
Սերգեյ Բիչախչյանը. «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան մասնավոր բուհ չէ: Այն
հիմնադրամ է պետության մասնակցությամբ, որի կարգավիճակը պետական կրթական հաստատություն
լինելն է: Իսկ զինվորական տարկետման իրավունքը, որ վերապահվել է ակադեմիայի ուսանողներին,
այն պատճառով է, որ այստեղ կրթական ծրագրերն իրականացվում են միջազգային պայմանագրերի
հիմքով: Այդ ծրագրերի իրագործմանը մասնակից եւ երաշխավորող է հանդիսանում նաեւ մեր
պետությունը»: Նա ավելացրեց, որ ակադեմիան շահույթ չհետապնդող հաստատություն է եւ
փակվելու դեպքում դրա ամբողջ ունեցվածքը՝ մինչեւ վերջին փոքրագույն սեփականության
միավորն անգամ, անցնում է պետությանը: «Մինչդեռ մասնավոր բուհի ունեցվածքը պատկանում
է բուհի սեփականատիրոջը»,- փաստեց Ս. Բիչախչյանը: Նա նշեց, որ ակադեմիայի ուսանողների
զինվորական տարկետման իրավունք ունենալու փաստը բոլորովին էլ չի առնչվում նախկին
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնի հետ եւ, բացի այդ, ակադեմիան գործել է մինչ
Ա. Բաղդասարյանի պաշտոն զբաղեցնելը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ