Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՁՆԻՑ «ԲՌՆԱԶԱՎԹԵԼ ԵՆ»

Հունիս 27,2006 00:00

Ասում է նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը

Երկու տարին մեկ կին դատավոր է հեռացվում համակարգից: 2000թ. դադարեցվեցին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մարինոսյանի, 2002-ին՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Մանուշակ Հակոբյանի, 2004-ին՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի լիազորությունները:

Ո՞վ կլինի 2006-ի այն կին դատավորը, որ պաշտոնանկ կարվի: «Առավոտը» թեկնածուի անունը, համենայնդեպս, գիտի:

Իսկ հունիսի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Անահիտ Սաղաթելյանի հայցադիմումը մերժվեց: Նա դատի էր տվել արդարադատության նախարարին եւ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին:

«Փետրվարի 22-ին գրավոր դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, հայտնելով Հայաստանի նախագահի 30.04.04թ. ՆՀ-66-Ա հրամանագիրը իմ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, իրավական ուժ չունի եւ անօրինական կիրառության մեջ է դրվել, քանի որ չի հրապարակվել իրավական ակտերի մասին ՀՀ օրենսգրքի 60, 61 հոդվածների սահմանած կարգով»,- երեկ «Առավոտին»ասաց Ա. Սաղաթելյանը:

Նա պահանջել էր «միջոցառումներ ձեռնարկել ՀՀ նախագահի վերոնշյալ
հրամանագիրը անվավեր, ուժը կորցրած կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչել»:

Նախկին դատավորը միեւնույն ժամանակ վկայակոչելով տեղեկատվության ազատության մասին գործող օրենքը, սպառիչ տեղեկություն էր ցանկանում իմանալ, թե ինչ հիմքով, երբ, ով եւ ինչ կարգով է իրազեկել իրեն՝ ՀՀ նախագահի հրամանագրի մասին, իր լիազորությունները վաղաժամ դադարեցնելով:

Պատասխանողը՝ արդարադատության նախարարը կամ նրա ներկայացուցիչը չէին մասնակցում դատական նիստին եւ խնդրել էին հայցի քննությունը սկսել առանց իրենց:

Դատական նիստին տեղեկացանք, որ դատավորին պաշտոնանկ անելուց հետո, նրա գործերի ընդունում-հանձնում չի եղել, որ Ա. Սաղաթելյանը, ըստ թիվ 158 ծառայողական վկայականի, դեռեւս Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավորն է:

Ի դեպ, դատավոր նշանակող երկրիս նախագահը՝ Ռ. Քոչարյանը, ծառայողական վկայականը ստորագրել էր ոչ հայերեն:

Ա. Սաղաթելյանի ազատման հաջորդ օրը դատարանի նախագահի կարգադրությամբ կոտրվել էր նրա չհրկիզվող պահարանը, հետեւաբար խախտվել էր նրա աշխատավայրի անձեռնմխելիության օրենքով սահմանված իրավունքը:

Մեր տեղեկություններով, մինչ օրս չկա դատավորի 5-րդ թվակիր կնիքը եւ դատավորի կնիքը կորչելու մասին որեւէ հայտարարություն երբեւէ չի եղել: Անահիտ Սաղաթելյանը կատարվածը համարում է իրենից դատական իշխանության բռնազավթում:

Կենտրոնի դատարանում թեեւ քննության դրվեց մեկ հայց (միավորելով թե ԱՆ նախարարի դեմ, թե ԱՆ աշխատակազմի դեմ գործերը), սակայն դատավոր Էդիկ Ավետիսյանը հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակել է երկու վճիռ: Նախկին դատավորը մտադիր է վերաքննիչ դատարանում բողոքարկել իր գործընկերոջ կայացրած վճիռները:

Ուշադրության արժանի է այն, որ Սաղաթելյանը ՀՀ նախագահի հրամանագրից հետո ենթարկվել է վիրահատության եւ դատարան էր ներկայացրել անաշխատունակության թերթիկ, որ անուղղակիորեն հերքում է այն պնդումը, թե իր ազատման
մասին վաղօրոք իրազեկել են:

Մեր հարցին, թե դժվա՞ր է լինել հայցվորի կարգավիճակում եւ տեսնել, թե ինչ է կատարվում դատարաններում, նախկին դատավորը պատասխանեց. «Մարզի դատարաններում, որը թվում է հեռու էր, նման բաներ չի եղել: Ես միշտ մտածել եմ, որ Երեւանի դատարաններում կարգուկանոն պիտի լիներ, սակայն տնավարի էր ամեն ինչ»:

Իսկ հավատո՞ւմ է, թե վերաքննիչ դատարանում նույնպիսի տնավարություն չի լինի, նա պատասխանեց, որ այդ դեպքում չի բացառվում Եվրոդատարան դիմելը:

Ա. Սաղաթելյանը ցավով նկատեց, որ իր լիազորությունները դադարեցվելուց հետո որոշակի սառնություն էր նկատվել գործընկերների կողմից, որոնք «փորձում էին ինձ մոտ չկանգնել, որպեսզի հանկարծ նախարարությունից չտեսնեին, որ լավ հարաբերությունների մեջ էինք»:

Ա. Սաղաթելյանին ազատել են աշխատանքից դեռեւս չավարտված մի քրեական գործի կապակցությամբ, մեղադրելով, որ նա խախտել է «ողջամիտ ժամկետը», եւ, նրա կարծիքով, ինքը զրկված է եղել պաշտպանվելու իրավունքից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930