Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջնագիր՝ Վաշինգթոնի՞ն

Հունիս 27,2006 00:00

Վերջնագիր՝
Վաշինգթոնի՞ն Երեկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը,
ի պատասխան «Մեդիամաքսի» հարցման, հայտնել է, թե ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նոր համանախագահ
Մեթյու Բրայզայի հրապարակած՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային
համաձայնագրի կետերը «կողմերին առաջարկված փաստաթղթի ընդամենը որոշ տարրեր են, որոնք
բնականաբար չեն արտացոլում համաձայնագրի նախագծի էությունը, ինչը անտեղի մեկնաբանությունների
հրապարակ գալու առիթ տվեց»: «Այսպես թե այնպես, եթե ապագայում ԶԼՄ-ներում կրկին նմանատիպ
բացահայտումներ հայտնվեն, ապա հայկական կողմը կհրապարակի վերջին 7-8 տարիների ընթացքում
բանակցությունների ժամանակ քննարկված բոլոր փաստաթղթերը՝ «ընդհանուր պետության» սկզբունքով
համաձայնագրի նախագիծը, Քի-Ուեսթում քննարկված փաստաթուղթը եւ վերջերս Բուխարեստում
քննարկված նախագիծը: Վստահ եմ, արդեն այդ ժամանակ ամեն բան պարզ կդառնա: Ի դեպ, բոլոր
երեք նախագծերն էլ մերժել է հենց ադրբեջանական կողմը»,- հավելել է Սողոմոնյանը: Այդուամենայնիվ,
չնայած վերը նշված պնդմանը, թե նախագծերը մերժել է Բաքուն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի
եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թահիր Թահիզադեն, մեկնաբանելով Բրայզայի
վերոհիշյալ «բացահայտումները», ասել է, թե «այդ հայտարարությունը արտացոլում է իրերի
ճիշտ դրությունը եւ չի հակասում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը»: «Ադրբեջանը միշտ
էլ արծարծել է փուլա-փաթեթային կարգավորման հարցը, որի կիրառման դեպքում առաջին փուլում
նախատեսվում է կարգավորել հակամարտության 8-10 պարտադիր բաղադրիչ»,- մանրամասնել
է Թահիզադեն: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա, ադրբեջանցի դիվանագետի մեկնաբանությամբ,
այն նպատակամղված պետք է լինի «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նախակոնֆլիկտային
ժողովրդագրական եւ էթնիկական կազմի վերականգնմանը», որից հետո միայն հնարավոր է անցնել
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի «դեմոկրատական եւ սահմանադրական» ճշգրտմանը, մասնավորապես՝
Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում տեղի ունենալիք «համազգային
հանրաքվեի» միջոցով: Բրայզայի բացահայտումների մեջ միակ բանը, որի հետ Թահիզադեն
«մինչեւ վերջ համաձայն չէ», ամերիկացի համանախագահի՝ երկու նախագահներին ուղղած՝
հնարավորինս արագ հանդիպելու եւ «ցայժմ չհամաձայնեցված հարցերը քննարկելու» կոչն
է: «Պրահյան գործընթացի համաձայն, այդ հարցերը համաձայնեցնելու առաջադրանքը դրված
է արտգործնախարարների առջեւ: Մնացածը, ինչ ասել է Բրայզան, տեղավորվում է Ադրբեջանի
ԱԳՆ-ի՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ ունեցած պատկերացումներում»,- ամփոփել է Թահիզադեն:
Մի ուշագրավ պահ. ՀՀ նախագահի մամլո խոսնակի՝ վերջին 7-8 տարիներին շրջանառված
փաստաթղթերը հրապարակելու սպառնալիքը, փաստորեն, ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ
ԱՄՆ-ին: Էստեղ են ասում՝ «պրիեխալի»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել