Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

Հունիս 27,2006 00:00

Երեկ ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» թերթի
գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը Թերթի տնօրեն Մանուկ Սուքիասյանը երեկ
հրավիրված մամուլի ասուլիսում այս առնչությամբ հայտարարեց. «Մեզ համար, անկախ հնարավոր
պատճառաբանությունից, ակնհայտ է, որ սա հետապնդում է ազատ խոսքի նկատմամբ՝ թերթի
համարձակ ու անաչառ հրապարակումների հետ կապված, որոնք, հավանաբար, որոշ մարդկանց
ու որոշ շրջանակների դուր չեն եկել: Սա ուղղակի ահաբեկելու քայլ է՝ ուղղված ինչպես
Ա. Բաբաջանյանի, այնպես էլ ողջ խմբագրակազմի դեմ: Եվ այն հիմնավորումը, որը միջնորդավորված
ստացանք Գլխավոր դատախազությունից, թե՝ իբր զինվորական ծառայությունից խուսափելու
հիմքով է բերման ենթարկվել եւ նրա դեմ քրեական հետապնդում է սկսվել՝ անհեթեթ է եւ
ծիծաղելի, որովհետեւ Ա. Բաբաջանյանը շուտով կդառնա գիտության դոկտոր եւ իր զինծառայության
հետ կապված խնդիրները պարբերաբար կանոնակարգվել են համապատասխան օրենքով»: Թերթի
տնօրենի ասելով, թեեւ Ա. Բաբաջանյանն ուսանել է ԱՄՆ-ում, բայց պարբերաբար գնացել-եկել
է հայրենիք եւ նրան այդ ընթացքում ոչ ոք երբեւէ չի էլ փորձել այդ հարցով անհանգստացնել:
«Այն ժամանակ նա երեւի Հայաստանում թերթ չէր տպում՝ դրա համար»,- հավելեց թերթի պատասխանատու
քարտուղար Լիզա Ճաղարյանը: Թերթի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ խմբագրակազմը
նաեւ այլ լրագրողների աջակցությամբ պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել, որ
Ա. Բաբաջանյանին բերման ենթարկելու մասին տեղյակ են արդեն միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունները, այդ թվում՝ Human right wotch-ը, նաեւ՝ հայաստանյան լրագրողական
կազմակերպությունները: Երեկ, ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական
հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե՝ «Ռազմական ոստիկանությունից
ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հունիսի
24-ին հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝
ՀՀ քաղաքացի Արման Շամիրի Բաբաջանյանի կողմից 2002թ. նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու
եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու
փաստի առիթով: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հանձնարարությամբ ռազմական
ոստիկանության աշխատակիցները Ա. Շ. Բաբաջանյանին հունիսի 26-ին որպես կասկածյալ հրավիրել
են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցաքննության», որի ժամանակ պաշտպանի ներկայությամբ
նա խոստովանական ցուցմունք է տվել՝ հաստատելով իրեն առաջադրված մեղադրանքը: Նույն
օրը Ա. Բաբաջանյանը ձերբակալվել է: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը թերթի
խմբագրությանն այդպես էլ չի ասել, թե այդ ո՞ր պաշտպանի ներկայությամբ են հարցաքննել
Ա. Բաբաջանյանին: Փոխարենը «Փաստաբանների պալատի» նախագահը թերթին փոխանցել է, թե
ինքը տեղյակ չէ, որ պալատի որեւէ փաստաբան ներգրավված լինի այդ քրգործում: Ն.
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել