Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Հունիս 27,2006 00:00

Երեկ
Ստրասբուրգում սկսվեցին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Հայաստանի պատվիրակությունը՝
Տիգրան Թորոսյան (պատվիրակության ղեկավար), Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան,
Արմեն Ռուստամյան եւ Հերմինե Նաղդալյան կազմով, կիրակի օրվանից Ստրասբուրգում է եւ
մասնակցում է նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջան ըստ Դեմիրճյանի ԵԽԽՎ
մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի անդամ, ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության
ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ենթահանձնաժողովի երեկվա նիստում դարձյալ բարձրացրել է
Հին Ջուղայի պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերը: Դեռեւս ԽՎ նախորդ
նստաշրջանի ժամանակ էր որոշվել, որ հանձնաժողովի ներկայացուցիչները պետք է այցելեն
տարածաշրջան՝ տեղում ծանոթանալու վանդալիզմի օրինակներին, սակայն անհայտ պատճառներով
այդ այցը շարունակ հետաձգվում էր: Երեկվա նիստում դարձյալ վստահեցվել է, որ պատվիրակությունը
շատ մոտ ժամանակներս կայցելի տարածաշրջան: Ստեփան Դեմիրճյանը տեղեկացրել է, որ անհրաժեշտ
բոլոր փաստաթղթերը ներկայացված են, հանձնաժողովի անդամները բավականին իրազեկված են,
մնում է միայն գալ եւ տեղում համոզվել: Հանձնաժողովի անդամներից մեկը Ադրբեջանի պատվիրակից
հետաքրքրվել է՝ իսկ Ղարաբաղի տարածքում երաշխավորվելո՞ւ է պատվիրակության անվտանգությունը:
Ադրբեջանցի պատվիրակը իր հերթին հայացքը ուղղելով Ստեփան Դեմիրճյանին՝ ասել է. «Ինձ
ինչո՞ւ եք հարցնում, Հայաստանին հարցրեք»: Ստեփան Դեմիրճյանը Հայաստանի կողմից խոստացել
է հետեւյալը. «Վստահ եմ, Ղարաբաղի իշխանությունները կապահովեն բոլորի անվտանգությունը»:
Նստաշրջան ըստ Գեղամյանի «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար
Արտաշես Գեղամյանը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքների շրջանակում
երեկ մասնակցելով խորհրդարանական վեհաժողովի եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական եւ
եվրոպական ժողովրդական կուսակցությունների խմբի նիստին՝ «գեղամյանաբար հակահարված»
է տվել ադրբեջանական պատվիրակության անդամ տիկին Հաջիեւային: Նիստի ժամանակ
քննարկվել են ադրբեջանական պատվիրակության լիազորություններին վերաբերող հարցեր,
եւ տիկին Հաջիեւան իր ելույթի հիմնական ժամանակը, ինչպես լինում է սովորաբար, տրամադրել
է հայերին եւ դարձյալ հայտարարել հայերի կողմից «գրավված» տարածքների մասին։ Նա ասել
է, որ այդ տարածքներում հայերը զբաղված են ամբողջ սահմանի երկայնքով անտառային հրդեհների
կազմակերպմամբ: Տիկին Հաջիեւան հայտարարել է նաեւ, որ այդ հրդեհների մասին ինքը տեղեկացվել
է արբանյակային կապի շնորհիվ: Ադրբեջանուհին առաջարկել է, որ ԵԽԽՎ-ն, որպես խիստ
կարեւոր եւ ճգնաժամային հարց, զբաղվի հայերի կողմից կատարվող, այսպես կոչված, հրդեհների
հրահրմամբ: Այս ելույթից հետո խոսել է Արտաշես Գեղամյանը: Նախ շնորհավորել է Ադրբեջանին
«տիեզերական պետություն» դառնալու համար՝ նկատի ունենալով, որ վերջիններս արդեն հաղորդակցվում
են արբանյակային կապի շնորհիվ, եւ հետո շնորհակալություն է հայտնել տիկին Հաջիեւային
այն բանի համար, որ վերջինս այդչափ բարձր գնահատական է տալիս հայկական գիտությանը,
քանի որ եղանակային բարձր ջերմաստիճանը կապում է հայերի հետ, այսինքն՝ ստացվում է,
որ եթե տունդրայում եւս այս պահին հրդեհներ են, ապա մեղավորը դարձյալ հայկական գիտությունն
է. «Մինչդեռ, հայկական արտակարգ իրավիճակների վարչությունը հրդեհների բավականին իրական
գնահատական ունի, այն է՝ դրանք պայմանավորված են աննախադեպ բարձր եղանակային ջերմաստիճանով
եւ նրանով, որ նույն այդ բարձր եղանակային դժվարագույն պայմաններում ադրբեջանական
կողմը չի դադարեցնում իր հրետանու ռմբակոծությունները՝ ուղղված հայկական կողմին,
չնայած արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ գոյություն ունեցող փոխադարձ հրադադարի
մասին պայմանագրին»: Արտաշես Գեղամյանը «հակահարված» է տվել նաեւ թուրքական
պատվիրակներին: Խոսքի ազատության եւ կրոնական համոզմունքների հարցի քննարկման ժամանակ
թուրք պատվիրակության ղեկավար պարոն Մերչանն առաջարկել է ընդունել որոշման նախագիծ
տարածաշրջանում մահմեդականների կրոնական իրավունքների ոտնահարման մասին: Սրան ի պատասխան՝
Արտաշես Գեղամյանը ներկայացրել է այս օրերին Ստամբուլում Ամենայն հայոց կաթողիկոսի
դեմ թուրքերի իրականացրած բռնությունները: Նստաշրջան ըստ Թորոսյանի
ԱԺ նախագահ, պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ մեզ փոխանցեց հետեւյալը.
«Հանձնաժողովների նիստերում քննարկված հարցերից կարելի է առանձնացնել Ադրբեջանի լիազորությունների
ճանաչման հարցը, որը մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվելուց հետո քննարկվեց նաեւ
լիագումար նիստում: Ադրբեջանցիները ներկայացրին 10 փոփոխություն, որոնցից հանձնաժողովը
հավանություն տվեց ընդամենը 2 խմբագրական փոփոխության: Եթե փորձենք բանաձեւից առանձնացնել
այն հատվածը, որը վերջնական գնահատական է տալիս Ադրբեջանում կատարված ընտրություններին,
ապա վեհաժողովը նշեց, որ թեեւ մայիսին ընտրություններ են անցկացվել 10 ԸՏ-ներում,
սակայն 2005 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կարող
են կասկածի տակ դրվել զգալի թվով այլ ընտրատարածքներում եւս»: Վեհաժողովը եզրակացրել
է, որ 14/80 բանաձեւում նշված պահանջների մեծ մասը չի կատարվել, եւ այս հարցին որոշեց
վերադառնալ 2007-ի գարնանային նստաշրջանի ժամանակ, երբ քննարկվելու է Ադրբեջանի պարտավորությունների
կատարման հարցը: Տիգրան Թորոսյանը եւս ասաց, որ ադրբեջանցիները փորձում են տարածել
հրդեհների հարցը՝ համապատասխան նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակով փորձելով
ստորագրություններ հավաքել: Չի բացառվում, որ այս հարցը դառնա զեկուցման թեմա: Ըստ
Տիգրան Թորոսյանի, այս ամենը սովորական ադրբեջանական սադրանք է, եւ այն կփորձեն ակտիվացնել
նաեւ նստաշրջանի վերջին օրը, երբ օրակարգում կա մի զեկույց ընդհանրապես անտառների
հրդեհների վերաբերյալ: Իսկ մեր պատվիրակության «հակահարվածների» մասին պարոն
Թորոսյանը ասաց, որ դրանք պարզապես քաղաքական խմբերում սովորական բանավեճեր են, որոնց
արդյունքում չի ձեւավորվում որեւէ փաստաթուղթ կամ որոշում: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ Հ. Գ. ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի լիազորությունների
հարցով զեկուցողները երեկ չափազանց կոշտ գնահատականներ տալով Ադրբեջանում ժողովրդավարական
զարգացումներին եւ ընտրական գործընթացներին՝ նաեւ օգտագործում էին շատ դաժան ձեւակերպումներ:
Մասնավորապես, էստոնացի պատգամավոր Հերկելը երեկ ասել է, որ իր համար հասկանալի,
է, թե ադրբեջանցիները ինչու չեն կարողանում պատկերացնել, որ իրենց գործընթացների
վերաբերյալ իրենց գնահատականներից տարբեր գնահատականներ են հնչում. «Մենք մշակութային
տարբերություններ ունենք, տարբեր մշակույթներ ենք ներկայացնում, բայց միեւնույն է՝
դուք ԵԽ անդամ եք եւ պարտավոր եք ընդունել այստեղ գործող չափանիշները»,- ադրբեջանցիներին
«տեղն է դրել» էստոնացի պատգամավորը: Իսկ շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գրոսը ԵԽԽՎ-ում
երեկ հայտարարել է, որ մեծ նավթային գումարներ ստացող ադրբեջանցիները փոխանակ դա
իրենց երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը ծառայեցնեն, այն գրպանում են, իսկ
մյուս մասն էլ փորձում են օգտագործել Հայաստանի դեմ պատերազմի պատրաստվելու համար»:
Այս մասին մեզ երեկ տեղեկացրեց ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության
ղեկավար Տիգրան Թորոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել