ՓՇՈՏ
ՃԱՆԱՊԱՐՀ Է ՍՊԱՍՎՈՒՄ Խասավյուրտում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի
միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որն իր մակարդակով գրեթե հավասար էր Եվրոպայի
առաջնությանը, Հայաստանից լավագույն արդյունք է ցույց տվել 60 կգ քաշային Սեւակ Բաղդյանը:
Նա տարել է երեք հաղթանակ եւ գրավել 5-րդ տեղը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ
Ենոքյանն իր սաների մարզավիճակը գործնականում ստուգելու առումով այս մրցուղերթը կարեւոր
է համարում սեպտեմբերի վերջին Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնության ճանապարհին:
Այժմ հավաքականը ուսումնամարզական հավաքներով շարունակելու է նախապատրաստվել տարվա
գլխավոր ստուգատեսին, իսկ հուլիսի 14-17-ը Վրաստանում մասնակցելու է մեկ այլ խոշոր՝
Կարտոզիայի մրցաշարին: Չինաստանում նույն ժամանակահատվածում կայանալիք հունահռոմեական
ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ընտրանին, Լեւոն Ջուլֆալակյանի
գլխավորությամբ, այս օրերին Ուկրաինայի, Ռումինիայի, Չեխիայի եւ Մոլդովայի հավաքականների
հետ ուսումնամարզական հավաքում է գտնվում Ալուշտայում: Դրանից հետո մեր հունահռոմեականները
նույնպես հանդես կգան Վրաստանում: 2008 թվականին Պեկինում կայանալիք օլիմպիական
խաղերին մեր ըմբիշների մասնակցության քանակի հարցում, բացառված չէ, լուրջ խնդիրների
առջեւ կանգնենք: Բանն այն է, որ ուղեգրերը ըմբշամարտի երկու ձեւերում խաղարկվելու
են եկող տարվա աշխարհի առաջնությունում (յուրաքանչյուր քաշային կարգում 1-10-րդ տեղեր)
եւ «Գրան պրի» երկու վարկանիշային մրցումներում (1-4-րդ): Եվ քանի որ աշխարհի առաջնությունն
անցկացվելու է Բաքվում, ամենայն հավանականությամբ մրցագորգի մեր վարպետները բաց թողնեն
այն: Եթե այդպես պատահի, ամեն բան կախված կլինի վերոնշյալ երկու մրցաշարերում անհրաժեշտ
տեղեր գրավողների թվաքանակից: Հասկանալի է, վարկանիշային մրցաշարերում, որտեղ հանդես
են գալու աշխարհի առաջնությունում օլիմպիական նորմերը չլրացրած ուժեղագույն ըմբիշները,
մրցանակային տեղ զբաղեցնելն ավելի բարդ է լինելու, քան բուն աշխարհի առաջնությունում
10-րդը ճանաչվելը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ