Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանուկները երգեցին, ուրեմն օրհներգ է»

Հունիս 24,2006 00:00

Կարծում
են արվեստագետները «Հիմնը պիտի լինի այնպիսին, որ մատաղ սերունդը երգի իբրեւ
մոր մասին մի երգ», մեր օրհներգի ընտրության հարցում այս մոտեցումն ունի բանաստեղծ
Ռազմիկ Դավոյանը, ով երեկ «Հայելի» ակումբում բանավիճեց նկարիչ Հենրիկ Գարուկյանի
հետ: Սակայն բանավեճը, որպես այդպիսին, կարծես թե չկայացավ, քանի որ երկու արվեստագետներն
էլ խնդրի մասին համարյա նույն կարծիքն ունեին: «Եթե ընտրությունը չստացվի՝ չի նշանակում,
որ հարկադրաբար պիտի ընտրենք: Ռուսաստանը, Ղրղըզստանը, ինչ երկիր էլ փոխի իր օրհներգը,
Հայաստանը նույնը հարկադրաբար չի կարող անել»,- վստահեցրեց Ռազմիկ Դավոյանը: Նոր
օրհներգի ընտրությունը կատարելու է 25 հոգանոց հանձնաժողովը: Անդամները մինչեւ օգոստոսի
1-ը կընդունեն ու կծանոթանան ներկայացված աշխատանքներին: Ռ. Դավոյանն ասաց, որ այս
հարցում չկա սահմանափակություն, բաց են բոլոր առաջարկությունների համար: Միայն մի
բան չի հասկանում, թե ինչպես են սկզբում երաժշտությունը գրում, հետո բանաստեղծին
կանչում, որ բառեր գրի: Հայտարարված մրցույթը երկու փուլով է անցնելու: Ռ.
Դավոյանն առաջարկեց ներկայացված աշխատանքները փորձարկել, օրինակ՝ մարզադաշտում կամ
հաճախ հնչեցնել ռադիոյի եթերից: Իսկ նկարիչ Հ. Գարուկյանն էլ ասաց, որ այդ երաժշտությանը
պիտի ականջը սովորի: Կանադայում երեխաները դասերը սկսում են ազգային հիմնով, ԱՄՆ-ում
քաղաքացիական դաստիարակության արդյունք է ազգային խորհրդանիշների պաշտամունքը: Իսկ
Հայաստանո՞ւմ. «Դեռ չենք հասել այն աստիճանի, որ հոգով երգ գրենք»,- նկատեց Հենրիկ
Գարուկյանը: «Այժմ անցումային փուլում ենք: Մինչեւ չգա մի ժամանակ, որ անկախության
հրճվանքը մեզ թեւեր տա, բարձրացնի այս սոցիալական պայմաններից, մոտեցումները չեն
փոխվի»,- ասաց Ռ. Դավոյանը: Հենրիկ Գարուկյանի կարծիքով. «Եթե օրհներգի ընտրության
հարց առաջադրվեր 1991-92-ին, ավելի դիպուկ կլիներ»: Երեկ արվեստագետները դատապարտեցին
կաթողիկոսի հետ կատարվածը: «Կարծում եմ, թուրքերի մեջ կլինեն նաեւ այնպիսիները, ովքեր
կամաչեն իրենց հայրենակիցների նման վերաբերմունքից»,- նշեց նկարիչը: Անդրադարձ
եղավ նաեւ հայաստանյան մշակութային փառատոներին: «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Ոսկե
ծիրան» փառատոները Հ. Գարուկյանը նմանեցրեց պիոներական հանդիպումներին: Իսկ Ռ. Դավոյանն
ասաց, որ իր տարիքն ու վաստակը թույլ չեն տալիս մասնակցել մասսայական միջոցառումների:
Նաեւ զբաղված է «Եթե աստված կամենա» վեպը գրելով: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել