Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՅԻ»

Հունիս 24,2006 00:00

Վստահեցնում
է երաժշտագետ Արմենուհի Մարտիրոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Մոցարտյան
տարին ոգեւորություն է առաջացրել Եվրոպայի եւ աշխարհի քաղաքակիրթ երկրների երաժշտությամբ
թերապիա անցկացնող մասնագետների շրջանում: Բանն այն է, որ ավստրիացի հանճարեղ կոմպոզիտորի
երաժշտությունը, ինչպես վստահեցնում են մասնագետները, դրական, ավելին՝ բուժիչ ազդեցություն
է ունենում մարդկանց վրա, եւ ոչ միայն: Օրինակ՝ մասնագետները արձանագրել են, որ մոցարտյան
երաժշտության ներքո աճող վարդերն ավելի առողջ են, գեղեցիկ ու երկարակյաց: Անգամ մինչ
քննությունները ուսանողներին «ենթարկել են երաժշտաթերապիայի» եւ տեսել, թե ինչպես
այդ նույն ուսանողները բարձր առաջադիմություն են ցուցաբերել թերապիա չանցածների նկատմամբ:
Հղի կանանց շրջանում անցկացվող նման թերապիայի արդյունքում ծնված երեխաների ուղեղը
լիարժեք ձեւավորում է ունեցել: Կամ, Մոցարտի Երկու դաշնամուրի համար գրված սոնատի
օգնությամբ երաժշտական թերապիա ընդունողների աչքի տեսողությունն է լավացել: Այս ամենը,
իհարկե՝ եվրոպաներում եւ ամերիկաներում: «Առավոտի» կողմից մեծ ժամանակ պահանջվեց՝
գտնելու երաժշտության միջոցով թերապիա անցկացնող հայ մասնագետի: Այս թեմայի շուրջ
զրույցի առաջարկը սիրով ընդունեց երաժշտագետ Արմենուհի Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց,
որ միջնադարյան Հայաստանում եղել է նման թերապիա, որը արեւելքի ծնունդ է. «Տասը տարի
առաջ մեզանում անցկացվում էին կոնֆերանսներ, հրավիրվում՝ մասնագետներ Եվրոպայից:
Հետո այդ բոլորը լռեց, փաստորեն նահանջեցինք: Ինչո՞ւ, դրա պատասխանը ես էլ չգիտեմ»:
Տիկին Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ աշխարհում այս ոլորտում զբաղվում են մեծամասամբ
երաժիշտները. «Առաջին հերթին պետք է հասկանալ, որ երաժշտությունը այնքան էլ սովորական
ու անվտանգ բան չէ, ինչը կարող է թվալ առաջին հայացքից: Օրինակ, Չինաստանում գոյություն
ուներ մահապատիժ երաժշտության միջոցով: Ամենակարեւորը, մասնագետը պետք է ունենա երաժշտական
կրթություն (նա չբացառեց նաեւ, որ այս թերապիայով կարող են զբաղվել հոգեբաններ կամ
նեղ մասնագիտությամբ բժիշկներ): Երաժշտական հնչյունը վիբրացիա է, մեծ ուժ: Պետք է
իմանալ, թե մարդուն այդ վիբրացիան ինչ չափաբաժնով մատուցել: Նույն սկզբունքով պետք
է հրամցնել երաժշտության մեջ առկա այս կամ այն ռիթմով գրված մեղեդին»: Տիկին Մարտիրոսյանի
կարծիքով, մարդ արարածը այսքան աղտոտված չէր առաջներում. «Եվ դրա համար էլ երաժշտական
ասպարեզ ներխուժեցին, օրինակ, ռեփն ու ռոքը, այսինքն մարդու հոգին այնքան է քարացել,
որ բարձրակարգ երաժշտությունը չի կարող ներխուժել ներս: Դրա փոխարեն, ռեփի աղմուկը
ընդունակ է շարժել մարդու քարացած հոգին»: Դիտարկմանը՝ մեկն իրեն լավ է զգում դասական
երաժշտություն ունկնդրելիս, մյուսը՝ ռաբիս: Սա ինչպես կբացատրեք, երաժշտագետը պատասխանեց.
«Պետք է ձեւավորվի երաժշտություն մատուցելու ճիշտ քաղաքականություն: Ելնելով այսօր
մեծամասամբ ու հաճախ մեզ հրամցվող երաժշտությունից՝ մեր ժողովուրդը երաժշտական թերապիայի
պատրաստ չէ: Հարկավոր է կամաց-կամաց ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը բոլորին հնարավորություն
տա լսելի դարձնել բարձրակարգ երաժշտությունը»: Հարցին՝ ձեր կարծիքով հայ
եւ արտերկրի ո՞ր հեղինակների երկերի միջոցով կարելի է անցկացնել թերապիա, Ա. Մարտիրոսյանը
հայտնեց իր կարծիքը. «Կոմիտաս, Մոցարտ, Բախ, Բրուքներ, Վագներ, Տերտերյան»: Չէինք
կարող չհետաքրքրվել նաեւ, թե այս տարի Եվրատեսիլում ինչպե՞ս էր, որ հաղթեց ռոք խումբը:
Երաժշտագետը պատասխանեց. «Դա Եվրոպայի համար պարտություն էր: Եվ քանի դեռ աշխարհում
երաժշտությունը դիտվում է բիզնես, արդյունքը պետք է այդպիսին լիներ»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել