Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզում ես ծա՞ռ կտրել

Հունիս 24,2006 00:00

Մուծիր 10 հազար դոլար

Վերջին տասը տարիների ընթացքում ողջ աշխարհում անտառային զանգվածների ոչնչացումը կազմել է 94 մլն հեկտար, որը կազմում է Երկրի ընդհանուր մակերեսի 2,4%-ը: Արեւադարձային անտառների մակերեսն ամեն տարի կրճատվում է 1%-ով: Ամենաթարմ տվյալներով, հասուն անտառները ներկայումս կազմում են երկրագնդի ցամաքային մասի 21,4%-ը միայն: Եվրոպայում վերջին 100 տարիների ընթացքում հատվել է անտառային զանգվածի գրեթե 50%-ը: Սակայն այժմ արդեն ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի մյուս ծայրերում հասկացել են, որ անտառահատումները վտանգում են մեր մոլորակի ապագան, եւ ամեն ինչ անում են անտառները պահպանելու եւ վերականգնելու համար (Հայաստանի մասին չենք խոսում): Այսպես, օրինակ, Ղազախստանում մեկ տարի առաջ ընդունված օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ապօրինի հատված ծառի համար չարագործը կվճարի 140 000 տենգե գումար, որը կազմում է մոտ $900: Անշուշտ, սա չափազանց մեղմ պատիժ է, ասենք, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներում սահմանված տույժերի համեմատ, որոնք կազմում են 3500- 5000 եվրո՝ յուրաքանչյուր հասուն ծառի համար, սակայն մեզ անընդհատ ստիպում են համեմատվել մեր եղբայր ԱՊՀ-ականների եւ ոչ թե Եվրոպայի հետ, այնպես որ՝ Ղազախստանի օրինակը ուսանելի է: ՌԴ-ում, կախված մարզից, ապօրինի ծառահատման համար սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով:

Սակայն ծառահատողների հանդեպ արդարացիորեն շատ ավելի դաժան են անապատային երկրներում: Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում յուրաքանչյուր հատված ծառի դիմաց հանցագործը պարտավոր է վճարել ավելի քան 10 հազար դոլարի տուգանք: Ծանր են տանում ծառահատումները նաեւ մեկ այլ ասիական երկրում՝ մերձարեւադարձային Կամբոջայում, որի անտառային զանգվածները 70-ական թվականներին երկրի ընդհանուր մակերեսի 74%-ից նվազել են մինչեւ 58%-ի: Օրերս Կամբոջայի պառլամենտն ընդունել է օրենք, որի համաձայն անօրինական ծառահատումները կարող են ոչ միայն 25 հազար դոլարի տուգանքի, այլեւ մինչեւ 10 տարի ազատազրկման պատճառ դառնալ: Ճիշտ է, այս ահարկու օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատի կողմից, սակայն վերլուծաբանները կարծում են, որ դա ընդամենը ձեւականություն է, քանի որ օրենքը չընդունելը գրեթե բացառված է:

Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել