Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ, արդար, բայց օտար

Հունիս 24,2006 00:00

ԱՄՆ նախագահական ընտրությունները եւ Հայաստանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում չորս տարին մեկ տեղի ունեցող նախագահական ընտրությունները, անկասկած, համաշխարհային քաղաքականության ամենանշանակալից իրադարձություններից են, եւ դա հասկանալի է: Մոլորակի թիվ մեկ գերտերության վարած բավական ակտիվ արտաքին քաղաքականությունը, այսպես թե այնպես, իր անդրադարձն է ունենում գրեթե բոլոր երկրների ճակատագրերի վրա, ուստի միանգամայն օրինաչափ է, որ այդ գերտերության թիվ մեկ քաղաքական իրադարձությանը՝ հերթական նախագահի «ծննդին», շունչները պահած հետեւում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ շատ ուրիշ երկրներում: Թեեւ հարկ է վերապահում անել, որ ԱՄՆ պետության բավականաչափ կայացած ու բյուրեղացած քաղաքացիական, ժողովրդավարական եւ առհասարակ արժեքային ավանդույթների պարագայում նախագահի անձի փոփոխությունը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առանձնապես շատ բան չի փոխում:

Կոնկրետ Հայաստանի բնակիչների համար ԱՄՆ հերթական նախագահի ընտրությունը, մի շարք հանգամանքների ճնշմամբ, կրկնակի-եռակի կարեւորություն է ձեռք բերել: Թվարկենք դրանցից մի քանիսը: Նախ, ԱՄՆ-ում է գտնվում աշխարհի ամենամեծ ու ամենաազդեցիկ հայկական համայնքներից մեկը, որի կենսական առնչությունները Հայաստանի հետ՝ լրացուցիչ պարզաբանումների կարիք չունեն: Հետեւաբար՝ ԱՄՆ նոր նախագահի անձը, որը նաեւ այդ երկրում բնակվող շուրջ մեկ միլիոն հայերի առաջնորդն է, չի կարող մեզանում հետաքրքրություն չառաջացնել: Երկրորդ. գաղտնիք չէ, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ողջ աշխարհի հայությունն ամեն անգամ հույսեր է փայփայում, թե ԱՄՆ նախագահի այս կամ այն թեկնածուն ընտրվելու դեպքում վերջապես կճանաչի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ու անկախ այն բանից, որ այդ հույսերն ամեն անգամ ի դերեւ են ելնում, հայությունը չի դադարում ԱՄՆ նախագահի ընտրությունը կարեւորել հատկապես այդ տեսանկյունից: Երրորդ. ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանի կարեւորագույն՝ եթե ոչ քաղաքական, ապա առնվազն ֆինանսական գործընկերը, ու հենց այդ երկիրն է, որ ետխորհրդային շրջանում բոլորից շատ ու հիմնականում՝ անհատույց ֆինանսական ներարկումներ է արել (եւ շարունակում է անել) Հայաստանի տնտեսության մեջ: Եվ վերջապես՝ գուցե առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում ամենեւին էլ երկրորդական չէ: Հայաստանի բնակչության այն հատվածը, որն իրեն համարում է քաղաքակիրթ արժեքների կրող եւ առնվազն թաքուն ցանկություն ունի ապրել այդ արժեքներով, ազատ եւ արդար ընտրություններ տեսնելու իր «հավեսը» որոշ չափով բավարարում է ԱՄՆ նախագահի ընտրություններին հետեւելով, քանզի, ինչպես հայտնի է, Հայաստանում այդօրինակ քաղաքացիական զգացմունքների բավարարման հնարավորությունն իսպառ բացակայում է:

Ասվածի համատեքստում, անկասկած, հետաքրքիր կդիտվի այն տեղեկատվությունը, որը ներկայացնում ենք ստորեւ: Ուսումնասիրելով ամերիկյան վերլուծական կենտրոնների համապատասխան հաղորդագրություններն ու մամուլի հրապարակումները, փորձել ենք ամբողջացնել 2008թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հավանական մասնակիցների ցանկն ու հանրության կողմից նրանց ցուցաբերվող վստահության մոտավոր աստիճանը:

Եվ այպես: Եթե ամերիկյան դեմոկրատների կողմից իբրեւ թեկնածու առաջադրվի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի տիկինը՝ Հիլարի Քլինթոնը, ապա նրա օգտին, առնվազն այսօր, հաստատապես պատրաստ է քվեարկել ընտրողների 22%-ը: Եվս 28%-ը քվեն նրան կտա փոքր-ինչ տատանվելուց հետո: Դեմոկրատների հավանական թեկնածուների թվում են նաեւ նախկին թեկնածու, սենատոր Ջոն Քերին եւ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը: Վերջինիս հնարավորությունները, սակայն, շատ ավելի համեստ են՝ 17%-ը՝ հաստատ եւ 32%-ը՝ տատանվող: Քերիի խիստ նվազած շանսերի թվային արտահայտությունն ընդհանրապես ներկայացնելու կարիք չկա:

Վերջին տարիների ընթացքում ոչ այնքան պոպուլյար դարձած հանրապետական թեկնածուների շարքում ամենից շատ քվեներ կարող էր հավաքել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին՝ 19% եւ 45%: Սակայն Ջուլիանին, գոնե նախորդ ամսվա դրությամբ, դեռեւս հանրապետականների պաշտոնական թեկնածուների ցուցակում չէր, եւ տակավին հայտնի չէ, թե արդյոք երբեւէ կընդգրկվի՞ դրա մեջ: Իբրեւ հանրապետականների հավանական թեկնածուներ են նշվում նաեւ սենատոր Ջոն Մակքեյնը եւ Ֆլորիդայի նահանգապետ՝ ներկայիս նախագահի կրտսեր եղբայր Ջեբ Բուշը: Կրտսեր Բուշի հնարավորությունները բավական ցածր են գնահատվում՝ 9% + 26%, եւ շատերը հակված են այդ ցուցանիշը պայմանավորել Ջեբի ավագ եղբոր գործոնով: Ինչ վերաբերում է Մակքեյնին, ապա նրա համար պատրաստ է հաստատապես քվեարկել ամերիկացիների ընդամենը 12%-ը, սակայն եւս 48%-ը կարող է նրան ձայն տալ վերջին պահին՝ լավ ծանր ու թեթեւ անելուց հետո:

Իհարկե, ինչպես նշեցինք այս հրապարակման սկզբում, ԱՄՆ նախագահի անձի գործոնը երկրի համար բախտորոշ հարցերում վճռորոշ չէ: Բացի այդ, վերը նշված ցուցանիշներն ու թեկնածուների անունները երկու տարվա ընթացքում կարող են անճանաչելիորեն փոխվել: Այնպես որ, մեր հայրենակիցներին խորհուրդ կտայինք մինչ այդ զբաղվել Եվրասահմանադրության ճակատագրով:

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել