Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ՝ ՎԵՐՋԻՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ

Հունիս 24,2006 00:00

Վեցյակի փաթեթը Թեհրանին զրկեց մանեւրելու
հնարավորությունից Վերջին շաբաթների ընթացքում արձանագրված միջազգային քաղաքական
առավել մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունների շարքում, անշուշտ, հարկ է առանձնացնել
Իրանի աղմկահարույց միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում «վեցյակի» ձեռք բերած աննախադեպ
համաձայնությունը: Աննախադեպ՝ առնվազն երկու պատճառով: Ուշադրություն դարձնենք վեցյակի
կազմությանը. այստեղ ներգրավված են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր հինգ հիմնական
անդամները (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) եւ Գերմանիան: «Իրանական»
համաձայնությունն ուշագրավ է նախ եւ առաջ այն առումով, որ դրա կենսակոչման դեպքում,
փաստորեն, Իրանի հետ չմիջնորդավորված բանակցություններ կընթանան նաեւ Իրան-ԱՄՆ ձեւաչափով:
Իսկ այս երկու երկրների միջեւ, ինչպես հայտնի է, որեւէ կարգի շփում չի եղել մի քանի
տասնամյակ առաջ Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր: Երկրորդ
ուշագրավ հանգամանքն այն է, որ վերոհիշյալ համաձայնությանն այս անգամ անվերապահորեն
միացել են նաեւ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման երկու ավանդական հակառակորդները՝
Ռուսաստանն ու Չինաստանը: Ստացվում է, որ մի կողմից Վաշինգթոնն այս կերպ ձերբազատվում
է Թեհրանի նկատմամբ պերմանենտ անհանդուրժող կեցվածք ընդունածի բացասական իմիջից (ինչը,
ի դեպ, մինչեւ վերջերս Իրանի ղեկավարների կողմից միջազգային ասպարեզում ճարպկորեն
խաղարկվում էր), մյուս կողմից, Թեհրանի հետագա համառության դեպքում Մոսկվան եւ Պեկինը
վերջնականապես զրկվում են նրան աջակցելու բոլոր քաղաքական հիմքերից: Թերեւս հենց
սա է պատճառը, որ ի տարբերություն նախկին դեպքերի, երբ Իրանը եվրաեռյակի կամ Մոսկվայի
հետ ունեցած բանակցային ամեն ռաունդից հետո մարտականորեն ազդարարում էր միջուկային
էներգիա արտադրելու իր իրավունքի եւ Վաշինգթոնի «ագրեսիվ նկրտումների» մասին, այս
անգամ «կառուցողական» լռություն պահպանեց: Ավելին, Իրանի արտաքին գերատեսչությունից
անգամ ազդանշաններ ստացվեցին առ այն, որ վերոհիշյալ փաթեթը բավական «հետաքրքիր» է»
ու բանակցությունների հիմք կարող է դառնալ: Այդ մասին, ի դեպ, օրերս Երեւանում կայացած
մամլո ասուլիսի ժամանակ զուսպ հայտարարություն արեց նաեւ Հայաստանում ԻԻՀ փոխդեսպանը:
Ոչ պակաս ուշագրավ ազդանշաններ ստացվեցին նաեւ ԱՄՆ-ից: Մի քանի օր առաջ Associated
Press գործակալությունը, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին, տարածեց
մի սենսացիոն հաղորդագրություն, որում նշվում էր, թե ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հարցում
աննախադեպ զիջումների գնալ. ընդհուպ՝ մինչեւ Թեհրանին հաղորդակից դարձնելը միջուկային
ոլորտում իր ունեցած սեփական մշակումներին եւ ձեռքբերումներին: Միայն թե Իրանը հրաժարվի
իր տարածքում ուրան հարստացնելու աշխատանքներից: Նույն հաղորդագրության համաձայն,
ԱՄՆ-ի այդ մտադրությունը հաստատել է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերի
եւ անվտանգության բարձրագույն կոմիսար Խավիեր Սոլանան, որը, ի դեպ, «փաթեթի» շրջանակներում
անձնապես բանակցություններ է անցկացրել Թեհրանում եւ հենց այնտեղ էլ պաշտոնապես իրանական
կողմին է հանձնել վեցյակի համաձայնեցրած փաստաթուղթն ու նախատեսվող գործողությունների
պլանը: Եվ այս ամենը Վաշինգթոն-Թեհրան հարաբերությունների թեկուզեւ անուղղակի
մեղմացման միակ ապացույցը չէ: Վեցյակի առաջարկած փաթեթի նկատմամբ Իրանի ղեկավարության
դրսեւորած առաջին արձագանքը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից գնահատվել է իբրեւ «պոզիտիվ
քայլ»: «Այժմ տեսնենք, թե արդյո՞ք իրանցիները հետագայում եւս լուրջ կվերաբերվեն այդ
առաջարկություններին: Ընտրությունն իրենցն է: Ես արդեն ասել եմ, որ այդ դեպքում մենք
նրանց հետ բանակցությունների կնստենք», երեքշաբթի օրը Թեքսաս նահանգում լրագրողների
հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է Բուշը: Այս ամենով հանդերձ, որոշ արեւմտյան
դիտորդներ դեռեւս հեռու են իրանական ճգնաժամը փոքրիշատե կարգավորված համարելու մտքից:
Նրանք կարծում են, որ Իրանի սպասողական կեցվածքը, որը «թյուրիմացաբար» մեկնաբանվում
է իբրեւ կառուցողականություն, իրականում ժամանակ շահելու նպատակ է հետապնդում: Այլ
վերլուծաբաների կարծիքով, վեցյակի փաթեթի շրջանառումից հետո Իրանն այլեւս կորցրել
է իր նախկին համակիրների աջակցությունն ու հետեւաբար, սպառել՝ մանեւրելու վերջին
պոտենցիալը: Ուստի՝ Իրանն այսօր իսկապես կանգնած է միակ եւ ճիշտ ընտրությունը կատարելու
հրամայականի առջեւ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.
Գ. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նախանցած օրը հայտարարեց, որ վեցյակի առաջարկների
փաթեթին Իրանը պաշտոնապես կպատասխանի օգոստոսի վերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել