Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայմանագիրը վերադարձ չի պարտադրում

Հունիս 24,2006 00:00

Իսկ սփյուռքում հայ աշակերտների թիվը գնալով նվազում է

Երեկ ԿԳՆ-ում ասուլիսով հանդես եկան ԿԳՆ միջազգային համագործակցության եւ սփյուռքի հետ կապերի բաժինների պետերը:

Միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի, գործնական ծրագրերի, փոխըմբռնման հուշագրերի համաձայն, ԿԳՆ-ն այսօր համագործակցում է շուրջ 30 երկրի հետ: Կրթական ծրագրեր են իրականացվում ՌԴ-ի հետ, Բելառուսի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Իրանի եւ այլն: Ներկայումս շարունակվում է ՌԴ-ում բակալավրի եւ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանի համար ուսուցման տեղերի մրցույթը, որի համար այս տարի ռուսական կողմից տրամադրվել է 70 տեղ: Մայիսին կազմակերպված մրցույթի առաջին փուլում 70 տեղի համար ստացվել է 50 դիմում-հայտ, հաղթող է ճանաչվել 36 դիմորդ, իսկ թափուր 34 տեղի համար նոր մրցույթ է հայտարարվել: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 26-ն է:

Միջազգային համագործակցության բաժնի պետ Վահե Գրիգորյանն այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված այս տարվա թափուր տեղերի այդքան մեծ թիվը, նա կարծիք չուներ նաեւ այն մասին, թե որքանով են թափանցիկ եւ օբյեկտիվ անցնում այդ մրցույթները: Ասաց, որ դեռեւս ոչ մի պաշտոնական բողոք չեն ստացել: Նա մանրամասներ ներկայացրեց մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ եւ միայն այդքանը: Ոչինչ, որ 2 տարի առաջ նախագահի վերահսկողական ծառայությունը խիստ կասկածի տակ առավ եւ գրեթե ամբողջությամբ փոխեց ՌԴ-ի հետ միջազգային պայմանագրով մրցույթին հաղթող ճանաչվածների ցանկը, որ նախատեսված էր ասպիրանտական տեղերի համար:

Հիշեցնենք՝ վերահսկողականը պարզել էր, որ մրցույթում հաղթել են բացառապես տղաներ, իսկ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նրանց միջին գնահատականները բոլորովին էլ չեն համապատասխանում պահանջներին: Բացի այդ, պարզվել էր, որ ԿԳՆ մրցույթի արդյունքում ՌԴ ասպիրանտուրայում սովորելու պետք է մեկնեին անձինք, ովքեր ռուսերենից մշտապես բավարար գնահատականներ են ունեցել: Իսկ ինչու են թափուր մնում բակալավրիատի տեղերը. մի՞թե ոչ նրա համար, որ այստեղ, ի տարբերություն ասպիրանտուրայի, բանակից ազատվելու մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, որ վերահսկողականն իր ուսումնասիրություններում զարմանք էր հայտնել, որ ԿԳՆ-ում գոյություն չունի արխիվ, եւ հնարավոր չէ պարզել, թե միջպետական համաձայնագրերով կրթության մեկնած անձինք վերադառնո՞ւմ են, թե՞ ոչ: Երեկ էլ Վ. Գրիգորյանը չկարողացավ ասել, թե արդյոք բոլո՞րն են վերադառնում, «բայց մեր խնդիրն է՝ ապահովել որակյալ կրթություն»: Մի խոսքով, վիճակագրություն այդ մասին չկա, պայմանագրով էլ որեւէ պարտավորություն չկա, որ ավարտելուց հետո տվյալ անձը պետք է վերադառնա հայրենիք: Իսկ, օրինակ, երբ անհատն իր նախաձեռնությամբ եւ իր միջոցներով է մեկնում արտասահման (ասենք՝ Քեմբրիջի համալսարան) ուսանելու, նրա համար գործում է գրավի պայմանագիրը՝ տարկետման իրավունքի փոխարեն: «Արտասահմանում սովորելուց հետո յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ուր գնա աշխատելու»,- ասաց Վ. Գրիգորյանը՝ շեշտելով, որ մեր ուսանողների մասին բոլոր դեսպանատները գովեստով են խոսում: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է սփյուռքում նվազում հայ աշակերտների թիվը: Ի դեպ, այդ մասին էլ երեկ հայտնեց սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը:

Ստացվում է այնպես, որ որքան լայն թափ է ստանում արտագաղթը, այնքան քչանում է հայ դպրոցականների թիվը: Պատճառն արդյոք հենց այն չէ՞, որ այսօր արտագաղթում են հիմնականում մեր երիտասարդները, իսկ նրանց երեխաները, ծնվելով ու մեծանալով օտարության մեջ, նույնիսկ հայերենին չեն էլ տիրապետում, ուր մնաց՝ հայկական դպրոց հաճախեն:

Միջազգային համագործակցության բաժնի պետ Վ. Գրիգորյանին հիշեցրինք ամիսներ առաջ մեր թերթում հրապարակված իրանցի ուսանողների այն բողոքը, ըստ որի, գալով Հայաստան, նրանք փոխանակ ԿԳՆ-ի միջոցով տեղավորվեն համապատասխան բուհերում, այդ գործընթացն անցնում են ինչ-որ «Դպիրշին» կազմակերպության միջոցով, որն էլ պարտավորեցնում է 425-ական դոլար մուծել: Եվ ասում էին, որ «Դպիրշինն» այդ անում է ԿԳՆ-ի հետ պայմանագրի հիման վրա: Պրն Գրիգորյանն ընդհանրապես տեղյակ չէր նման պայմանագրից, միայն ասաց, որ այլեւս 425-ական դոլար չի մուծվի, որ հարցը լուծվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ հարցը լուծվել է հետեւյալ կերպ. մեր տեղեկություններով, մի քանի ամիս ԱԱԾ մեկուսարանում մնալուց հետո «Դպիրշինի» տնօրեն Համլետ Կրասկյանն ազատ է արձակվել:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել