Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԻՏԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ

Հունիս 24,2006 00:00

Երեկ
ԳԱԱ ընդհանուր ժողովն ընտրեց ակադեմիայի հիմնական ղեկավար կազմը՝ փոխնախագահ, ԳԱԱ
նախագահության անդամներ, ինչպես նաեւ հաստատեց արդեն իսկ բաժանմունքների կողմից ընտրված
ղեկավարներին՝ ակադեմիկոս-քարտուղարներին: Հիշեցնենք՝ վերջին 10 օրվա ընթացքում
վերաձեւավորվել էին ԳԱԱ բաժանմունքները, եւ արդյունքում բնագիտական բաժանմունքի ղեկավար
էր ընտրվել Վիլեն Հակոբյանը, հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքում՝
Վլադիմիր Բարխուդարյանը, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում՝ Յուրի Չիլինգարյանը,
իսկ մաթեմատիկայի, մեխանիկայի եւ ինֆորմատիկայի բաժանմունքում՝ Նորայր Առաքելյանը:
Այս 4 ակադեմիկոսներն ի պաշտոնե դարձան ԳԱԱ նախագահության անդամներ: Նրանց միացան
նաեւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ռոմիկ Աթոյանը,
ով Ֆադեյ Սարգսյանի ամենամերձավոր մարդկանցից է, եւ ում անունը նաեւ շրջանառվում
էր ԳԱԱ նախագահի թեկնածուների շարքում, ինչպես նաեւ՝ Ֆիզիկական քիմիայի ինստիտուտի
տնօրեն Ադոլֆ Մանթաշյանը եւ ԳԱԱ նախագահի խորհրդական Սերգեյ Համբարձումյանը, ով նորից
կմնա խորհրդականի պաշտոնում: Երեկ Յուրի Շուքուրյանն ընտրվեց ԳԱԱ փոխնախագահ,
այսինքն՝ ինչպես Ֆադեյ Սարգսյանի օրոք, այսօր էլ մնաց ակադեմիայի 2-րդ դեմքը: Ի պաշտոնե
ԳԱԱ նախագահության կազմում պետք է ընդգրկվի նաեւ ակադեմիկոս-քարտուղարը, ում ընտրությունները
հետաձգվել են, եւ ԵՊՀ ներկայացուցիչը, ով դարձյալ դեռ չի ընտրվել եւ ով, ըստ որոշ
տեղեկությունների, կլինի ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ԳԱԱ թղթակից անդամ Գեղամ
Գեւորգյանը: Երեկվա ընդհանուր ժողովին հաստատված ցուցակային կազմի 75 հոգուց
ներկա է եղել 70-ը: Նիստը, ինչպես եւ սպասվում էր, փակ էր, եւ մեզ հաջողվեց առանձին
մարդկանցից որոշակի տեղեկատվություն ստանալ միայն քվեարկության ժամանակ: Վիլեն
Հակոբյանը մեզ ասաց, որ նիստի ժամանակ խիստ քննադատական ելույթով հանդես է եկել ակադեմիկոս
Անրի Ներսիսյանը եւ մի քանիսին հարցեր ուղղել: Մասնավորապես՝ Վ. Հակոբյանի հետ երկխոսությունն
այսպես է եղել. «Նա ինձ հարցրեց՝ ինչու եմ իրեն անվանել հոգեկան հիվանդ, (խոսքը հայտնի
ընդլայնված նիստում Ա. Ներսիսյանի հասցեին հնչած վիրավորանքների մասին է, երբ ներկայացվում
էին Ա. Ներսիսյանի կողմից ԳԱԱ նախագահությանն ուղղված մեղադրանքներն ուսումնասիրող
հանձնաժողովի աշխատանքների արդյունքները- Հ. Բ.), ես էլ բացատրեցի, որ դա 100 տոկոսանոց
իրականությանը չի համապատասխանում: Ես ինքս բժիշկ եմ եւ որակումներ տալու իրավունքներ
չունեմ, ես ընդամենն ասել եմ, որ ձեր նշած այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում,
ասել եմ, որ ազատեն գրադարանի տնօրենի պաշտոնից, որովհետեւ չի կարող ժամանակ տրամադրել
այդտեղ աշխատելու»: Ա. Ներսիսյանն ասում է, որ ինքը նաեւ հարցեր է ուղղել
Յուրի Շուքուրյանին եւ ասել, որ հիշյալ չարաշահումներին մասնակից է նաեւ Յու. Շուքուրյանը,
եւ չի կարելի թույլ տալ, որ նույն մարդիկ մնան ԳԱԱ ղեկավարությունում. «Սովետական
շրջանում դրան ասում էին նոմենկլատուրա, երբ նույն մարդիկ են վերեւում մնում, իսկ
հիմա ես նրանց կոչում եմ գիտական օլիգարխներ»: Պրն Ներսիսյանը նույն հարցով
դիմել է նաեւ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ղեկավար, արդեն նախագահության
անդամ Յուրի Չիլինգարյանին, ով ղեկավարում էր հիշյալ հանձնաժողովը, եւ ով լրագրողների
ներկայությամբ ընդլայնված նիստի ժամանակ անձնական վիրավորանքներ էր տեղում Ա. Ներսիսյանի
հասցեին: Ըստ Ա. Ներսիսյանի, Յու. Չիլինգարյանը հրաժարվել է իր բառերից: Իսկ մեր
հարցին, թե ինչպես է պատասխանել իր հասցեին վիրավորանք հնչեցնելու մասին Ներսիսյանի
հարցին, պրն Չիլինգարյանն ասաց. «Ինչ որ պատասխանել եմ…»: Մեզ հետ զրույցում,
ի դեպ, Ֆադեյ Սարգսյանն ասաց, որ ինքն աշխատել է չհիշել այդ բոլոր ելույթները. «Միակ
բանը, որ շահել եմ, դա այն է, որ հեռացել եմ այստեղից: Ուրախ եմ, բայց ոչ թե նրա
համար, որ աշխատանքս է թեթեւացել…»: Հետո պրն Սարգսյանը շեղեց խոսակցության հունը
եւ ասաց, որ ուրախ է նրա համար, որ չէր կարող 82 տարեկան հասակում աշխատել, երբ 31
ինստիտուտների 65 տարին լրացած տնօրենները պետք է թողնեն իրենց պաշտոնները: Բայց
չէ՞ որ ԳԱԱ ներկայիս նախագահն էլ 70 տարեկան է. «Ուրիշ թեկնածու չկար, հավատացեք»,-
ասաց Ֆ. Սարգսյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել