Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խեղման վնասը չեն հատուցել

Հունիս 24,2006 00:00

1988-ից մինչ օրս հարցին լուծում չի տրվել

«Չեռնոբիլից վերադառնալուց հետո իմ առողջությունը վատացավ: Ես կորցնում էի մեծ քանակությամբ արյուն: Բժիշկներն ինձ ուղարկեցին ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այնտեղ հետազոտվելուց հետո բժիշկները եկան այն եզրակացության, որ ես Չեռնոբիլում ձեռք եմ բերել կյանքիս համար վտանգավոր մի շարք խրոնիկ, անբուժելի հիվանդություններ՝ երիկամների նեֆրիտ, լեղապարկի սուր բորբոքում, լյարդի մեծացում, թոքի շնչարգելում», երեկ «Առավոտին» պատմում էր Մասիսի տարածքի Այնթապ գյուղի բնակիչ, 2-րդ խմբի հաշմանդամ Վարազդատ Հովսեփյանը: Վերջինիս 1988թ. հունիսի 9-ին ուղարկել են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի Սլավուտիչ բանվորական ավան՝ վթարի վերացման աշխատողների համար հասարակական սնունդ կազմակերպելու: Վ. Հովսեփյանն աշխատել է «Երառսպասարկում» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար մասնագետ:

Ըստ բժշկական հանձնաժողովի 2000թ. տրված տեղեկանքի, կորցրել է մասնագիտական աշխատունակության 60%-ը: Մինչ օրս նա խեղման համար փոխհատուցում չի ստացել: Դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, «Չեռնոբիլ ասոցիացիա» հ/կ-ին: Վերջիններս 2001թ. ապրիլի 4-ին պաշտոնապես պատասխանել են, թե «արխիվային փաստաթղթեր չեն պահպանվել»: Վարազդատ Հովսեփյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ուր իր հայցադիմումում շարադրում է. «Հարգելի դատարան, ինձ ու իմ նմաններին ուղարկել են այդ թանաքով կնքված հրամանով» եւ դատարանին է ներկայացրել Չեռնոբիլի երթեւեկության «չարաբաստիկ» տոմսերը, 1988 թ. հունիսի 8-ի թիվ 17-K հրամանը:

Վ. Հովսեփյանը իր պահանջը հիմնավորում է ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 15-ի 579 որոշմամբ հաստատված կանոններով, համաձայն որի, վնասի փոխհատուցումը կատարվում է այն կազմակերպության կողմից, որը քաղաքացուն գործուղել է աշխատանքի: Ի դեպ, վնասի հատուցման չափն էլ չի կարող պակաս լինել ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձից, գումարած դրա նկատմամբ աշխատողի աշխատունակության կորստի հանրագումարը: Նման պահանջի վրա վաղեմություն չի տարածվում: Սակայն Չեռնոբիլ գործուղող «Երառսպասարկում» ՓԲԸ-ն չի տվել վնասի փոխհատուցման գումարը՝ 2001-ից առայսօր: Քաղաքացին պահանջում է 488825 դրամ եւ կենսաթոշակ: Գումարը, որը նշում եմ, մեկ պարկեշտ նախարարի կանգառից կանգառ գնալու չափ է, որը կարող էր տրվել եւ դատարան էլ չհասներ:

Իր առաջարկություններն ունի նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» ՓԲԸ-ն: «Չեռնոբիլի ատոմակայանի վթարի աշխատանքներին մասնակցելիս հայցվորը հրամանագրված է եղել՝ Երեւանի հասարակական սննդի տրեստի աշխատակից»: Տրեստն էլ լուծարվել է 1990-ին: Եվ որ իրենց մոտ է փոխադրվել 1992-ից: 2006-ին էլ ազատել են Վ. Հովսեփյանին կենսաթոշակային տարիքը լրանալու համար: Ասել է թե, ՓԲԸ-ն սննդի տրեստի իրավահաջորդը չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել