Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐՏՆԱՅԻՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՑԱԾՐ Է

Հունիս 24,2006 00:00

Սպառողները իրավազուրկ են

Քանի դեռ գազասպառողները չեն պաշտպանում իրենց իրավունքները, գազիֆիկացում եւ ներտնային տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայությունները շարունակելու են թերանալ կամ խաբել բնակիչներին. գումարներ են գանձելու չարված կամ անորակ աշխատանքի դիմաց: Վերջին 2-3 շաբաթների ընթացքում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ներտնային տեխսպասարկման նոր պայմանագրերը ձեռքին արդեն 6-7 անգամ այցելում է ՀԱԹ Շերամի 37 շենք, պահանջում կնքել դրանք եւ վճարել համապատասխան (պայմանագրով նախատեսված) գումար. 1 կետի համար՝ 2400 դրամ, 2-ի դեպքում՝ 5700, 3 կետի համար՝ 6900 դրամ: Չվճարելու համարձակություն ունեցող բնակիչներին «ՀայՌուսգազարդը» սպառնում է գազամատակարարման դադարեցմամբ, ինչը նույնպես պայմանագրային դրույթ է: Չնայած սպառնալիքին, որոշ բնակիչներ չեն ցանկանում վճարել առնվազն երեք պատճառով՝ չունեն, սպասարկման գինը բարձր է կամ պարզապես ծառայություն չի մատուցվել (վերջին ձեւակերպումը մատակարարի պայմանագրային պարտավորությունն է): Իսկ եթե նշված հանգամանքներին ավելացնենք գազամատակարարման համակարգի հետ առնչված եւ անհետացած ընկերությունների ու ծառայությունների նկատմամբ բնակչության շրջանում ձեւավորված անվստահությունը, հասկանալի ու արդարացի կդառնա բնակիչների դժգոհությունը: Մինչ հասցեական մեղադրանքներ հնչեցնելը, հիշեցնենք, որ 2005թ. նոյեմբերից ներտնային տեխսպասարկման իրավասությունը ՍՊԸ-ներից անցել է «ՀայՌուսգազարդին»: Այդ որոշումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց ՍՊԸ-ների շրջանում եւ քանի դեռ ժողովուրդը գլխի չէր ընկել, ՍՊԸ-ների ներկայացուցիչները սկսեցին դռնեդուռ ընկած 3000-ական դրամ հավաքել բնակիչներից՝ իբրեւ սպասարկման վարձ: Ովքեր խաբվեցին՝ տվեցին, մի մասն էլ հասկացավ, որ գանձումներն ապօրինի են: Սակայն 2-3 տարին էլ բավական եղավ, որ նպաստավոր դաշտում հայտնված ընկերությունները ուզածիդ պես խաբեն հանրությանը: Օրինակ, ՀԱԹ-ում գազիֆիկացում իրականացնող «Վ. եւ Ն. Մկրտչյաններ» ընկերությունը պայմանագիր կնքելիս բնակիչներից պահանջում եւ ստանում էր 7000 դրամ, չտալով որեւէ անդորրագիր, սակայն համառորեն պահանջելու դեպքում, այնուամենայնիվ, տալիս էր, բայց առանց նշելու գումարը գանձող կազմակերպության անունը, ստացման հիմքը եւ նպատակը:

Մարդկանց ստիպեցին հրաժարվել հին գազատար խողովակներից, ապամոնտաժեցին եւ փոխարենը նույն կազմակերպությունը շենքը սնուցող գազատարի մի հատվածում կրկին մոնտաժեց հին խողովակ, որից ժամանակ առ ժամանակ գազի արտահոսք է լինում: Վերոնշյալ հասցեում ծխնելույզների եւ օդանցքների տեխնիկական ստուգում իրականացրած «ՍԱՄ-ԺԱՍ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները բնակիչներից հավաքեցին 22.000 դրամ (չտալով անդորրագիր)՝ շքամուտքի տանիքում օդատար ուղի (դեֆլեկտոր) բացելու համար, բայց պաշտպանիչ թիթեղ այդպես էլ չտեղադրեցին: Ավելին, տանիքի ծածկն էլ կոտրեցին եւ անձրեւաջրերն ու ձյան հալոցքաջրերը, առնետներով ու քարերով անարգել լցվում են շքամուտք եւ 5-րդ հարկի բնակարան, առաջացնելով վթարայնության նախապայմաններ շենքի համար եւ խնդիրներ բնակչի գրպանին: Բացի այդ, 2004-ից գազիֆիկացված շենքի ներտնային համակարգը նախկինում սպասարկող «ԱՍՔՈ -ԳԱԶ» ընկերությունը չի բարեհաճել իր պարտականությունը կատարել գոնե մեկ անգամ: Այժմ այդ գործառույթն «ՀայՌուսգազարդինն» է, որը առաջին տպավորությամբ նույնպես չի փայլում բարձր սպասարկմամբ, քանի որ նույն հասցեում ապրող բնակչի պահանջին (գազօջախի անսարքությունը վերացնել) օպերատիվորեն չէին արձագանքել եւ վերջինս մեկ շաբաթ ապարդյուն սպասելուց հետո ինքն էր համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իհարկե, մինչ հոդվածի հրապարակումը, «ՀայՌուսգազարդից» գործուղված մասնագետ ուստա Սեդրակը կատարեց իր պարտականությունը՝ վերացրեց անսարքությունը, եւ որպես սկիզբ դա լավ է: Ստիպված կապվեցինք «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայության պետ Շուշան Սարդարյանի հետ: Այն հարցին, թե գո՞հ են իրենց կազմակերպության ներտնային տեխսպասարկման մակարդակից, Շ. Սարդարյանն ասաց. «Գնահատողը բնակիչները պետք է լինեն: Թեեւ բողոքները շատ են, բայց շատ հետաքրքիր պատկեր է. յուրաքանչյուր ամսվա վերջին ես պարտադիր բոլոր մասնաճյուղերից խնդրում եմ, որ ուղարկեն իրենց գրանցամատյանների պատճենները: Վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակիչներն առհասարակ որեւէ բողոքով, առաջարկությամբ չեն դիմում»:

Ինչ վերաբերում է գազահամակարգում հին խողովակների առկայությանը, ապա Շ. Սարդարյանը «խիստ բացառեց» այն, քանի որ ՍՊԸ-ների շինմոնտաժային աշխատանքների նկատմամբ «ՀայՌուսգազարդի» մասնագետները մի քանի փուլով հսկողություն են իրականացնում՝ ընդունում-հանձնում, փորձարկում: Նշանակում է, նշված դեպքում կամ հսկիչները մասնագետներ չեն եղել, կամ անուշադիր են եղել, կամ էլ տեսել են ու լռել: Հարց եղավ նաեւ «ՀայՌուսգազարդի» պայմանագրային պարտավորությունների չկատարման վերաբերյալ: Զրուցակիցս ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց, նշելով, որ միգուցե դա մասնակի դեպք է, բայց հորդորեց, որ բնակիչներն իրենց իրավունքների պահանջատերը լինեն:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել