Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ԲՈՒԶԱՆԴԻՑ

Հունիս 24,2006 00:00

Սահմանադրական դատարանի որոշումը դատավորների համար բնակիչներին վտարելու տեղ է թողել

Չնայած ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատարանների այն որոշումները, որոնք վերաբերում էին Կենտրոնի իրացման գոտու վտարումներին, այդուհանդերձ առաջին ատյանի դատարաններն այսօր էլ շարունակում են վտարման վճիռներ կայացնել: Նախկինում դատարանները թիվ 1151-Ն որոշմամբ էին բնակիչներին իրենց տներից վտարում՝ նրանց բնակտարածքները պետական կարիքների համար ծառայեցնելու պատճառաբանությամբ: Այսօր, երբ ՍԴ-ն գտել է, որ հենց այդ որոշումը խախտում է Սահմանադրության մի շարք հոդվածներ, դատարանները հենվելով հենց նույն՝ թիվ 1151-Ն որոշման վրա, կրկին բնակիչներին իրենց տներից հանում են:

Այսպես, հունիսի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ռուբիկ Ներսիսյան), անտեսելով ՍԴ որոշումը, վճռել է Բուզանդի 83 հասցեից վտարել Նունե Համբարձումյանի ընտանիքին եւ որպես փոխհատուցում տալ 14 մլն 985 հազար 445 դրամ, որից 10 %-ն էլ պետք է եկամտահարկ գանձվի: Խնդիրն այն է, որ Համբարձումյանների 135 քմ տարածքից սեփականացված է միայն 66 քմ-ն, որի չափով էլ գումարը փոխհատուցել են, սակայն բնակտարածքում, բացի Ն. Համբարձումյանների ընտանիքից, բնակվում է եւս երկու ընտանիք. «Երբ ցանկանում էինք մեր հողամասի մնացած 69 քմ-ն էլ սեփականացնել՝ թույլ չտվեցին, այժմ դատարանն ասում է, որ դա պետական հող է եւ ձեզ չի պատկանում, բայց մեր 4-րդ սերունդն արդեն այդ տանն է ապրում: Փոխհատուցեցին միայն 66 քմ-ի համար։ Փաստորեն, երեք ընտանիք պետք է այդքան գումարով երեք տեղ բնակարան ձեռք բերի, որ 10 % եկամտահարկն էլ հանեն՝ տակը բան չի մնում»,- դժգոհեց Ն. Համբարձումյանը: Ի դեպ, վտարվածներին փոխհատուցման գումարները հաշվարկվում են $450՝ մեկ քմ-ի դիմաց, մինչդեռ մայրաքաղաքի այդ հատվածում 1 քմ-ն շուկայական արժեքով 1200 դոլարից պակաս չի գնահատվում:

Հունիսի 18-ին էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Հրաչյա Հովհաննիսյան) Բուզանդի 83 հասցեից վտարել է Անահիտ Գեղամյանի ընտանիքին՝ երեք անձին փոխհատուցելով 4 մլն 817 հազար դրամ: Ընդ որում, 1990-ից Ա. Գեղամյանն իր ամուսնուց փաստաթղթերով բաժանված է եւ 15 տարի վարում է առանձին տնտեսություն, սակայն դատարանը սա հաշվի չի առել, եւ բաժան ամուսիններին միասին է փոխհատուցել: Դատարանները՝ ՍԴ-ի որոշումը հաշվի չառնելը քաղաքացիներին բացատրում են, թե այնտեղ վտարման գործողությունները կասեցնելու մասին ոչ մի տող չկա, եւ միայն գրված է, որ այդ որոշումները հակասահմանադրական են: Իսկապես, ՍԴ-ն իր որոշման մեջ վտարման գործընթացը կասեցնելու պահանջ չի դրել, ինչից էլ դատավորները կառչում են ու նորից իրենց արածն անում:

Այս առնչությամբ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը պարզաբանեց, որ կառավարությունը նախարարությանն է վերապահել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի մշակումը եւ այն արդեն դրված է հանրային քննարկման. «Քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանները մինչ ԱԺ ուղարկելը այդ օրինագծի վերաբերյալ կարող են իրենց նկատառումներն ու դիտողությունները ներկայացնել»:

Ուշագրավ մի հանգամանք եւս. դատարանների վճռում բավարարվում է ԾԻԳ-ի ներկայացված պահանջը, որով փոխհատուցման գումարից 10%-ը պետք է գանձվի որպես եկամտահարկ: Մինչդեռ ՍԴ-ի որոշման մեջ հստակ ասվում է, որ այդ գումարներից եկամտահարկ չպետք է պահվի, քանի որ այս դեպքում խոսք է գնում ոչ թե առեւտրային գործարքի, այլ՝ փոխհատուցման մասին:

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է կառավարությանը՝ խնդրելով վտարման գործողությունները դադարեցնել: Առաջին հայացքից օմբուդսմենը, իհարկե, բարի գործ է արել, սակայն ավելի արդյունավետ կլիներ, որ պաշտպանը կառավարությանը խնդրելու փոխարեն ՍԴ-ին առաջարկություն աներ եւ գործողությունների կասեցման հարցը ՍԴ-ում քննարկման առարկա դարձներ: Փաստորեն, օմբուդսմենը չգիտի, որ դատարաններն ու գործադիրը տարբեր թեւեր են, եւ կառավարությունը դատարանների վրա օրենքի սահմաններում չի կարող ազդեցություն ունենալ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել