ՍԴ նախագահը այդպես էլ չբացահայտեց իր ղեկավարած պետական մարմնի արդյունավետության աստիճանը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում ներկա էր երկքաղաքացիության մասին հարցերի քննարկմանը եւ զարմանալի կերպով չէր փախչում լրագրողներից, նույնիսկ պատասխանում էր հարցերին: «Առավոտը» եւս մի քանի հարց տվեց ՍԴ նախագահին եւ այն, ինչ ստացվեց մեր երկխոսությունից, ներկայացնում ենք ընթերցողին:
– Ի՞նչ օգուտ ՍԴ որոշումներից, երբ դրանցից մարդիկ հարցի լուծում եւ կոնկրետ օգուտներ չեն ստանում: Դուք ասում եք, թե քաղաքական անձ չեք եւ ՍԴ-ն եւս քաղաքական մարմին չէ: Այնուամենայնիվ, դուք քաղաքական մարմին եք ղեկավարում, հասարակության մեջ, համենայնդեպս, ՍԴ-ն հենց այդպես էլ ընկալվում է: Եվ Գագիկ Հարությունյանը զուտ ՍԴ նախագահ չէ, այլ հենց քաղաքական կենսագրություն ունեցող անձ, ի վերջո, ինչո՞ւ եք կայացնում որոշումներ, եթե դրանց արդյունքը չի երեւում, ուրեմն ո՞ւմ են պետք այդ որոշումները:
– Հարցը այսպես դիտարկենք, այդ թեմային ես նույնպես անդրադարձել եմ, եթե դուք ժամանակ գտնեիք եւ նայեիք «Սահմանադրական մշակույթ, պատմության դասերը եւ ժամանակի մարտահրավերները» աշխատությունը, այնտեղ ես անդրադարձել եմ նաեւ այս պրոբլեմներին, թե ինչո՞ւ: Այդ ինչուների պատասխանները կան այնտեղ եւ այդ վիճակի լուծման պատասխանները: Եթե ես խիստ համառոտացնեմ, դա պայմանավորված է դարձյալ ինստիտուտի կենսունակության այսօրվա վիճակով: Նախ միշտ չափազանցվում է, թե ՍԴ բոլոր որոշումները չեն կատարվում: ՍԴ-ն ընդունել է 650-ից ավելի որոշումներ, այդպիսի հարցադրումներ կարելի է անել մեկ տասնյակից ավելի քիչ որոշումների պարագայում: Իրականության մեջ շատ հաճախ ձեւավորվում են որոշակի կեղծ կամ անիրական սպասելիքներ, եւ եթե այդ անիրական սպասելիքը չի բավարարվում, նաեւ՝ համապատասխան դժգոհություն:
– Կոնկրետ հարց տամ հետեւյալ ձեւակերպմամբ. եթե 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների ուսումնասիրության հարցով ընդդիմության դիմումի քննարկման ժամանակ ՍԴ-ի շենքը շրջապատված լիներ հարյուր-հազարավոր քաղաքացիներով, դուք արդյո՞ք այլ որոշում չէիք կայացնի:
– Դուք դարձյալ փորձում եք այսպես՝ եթե այսպես լիներ, ինչ կլիներ եւ այլն: ՍԴ-ն գնահատել է որոշակի փաստեր եւ եկել է այդ եզրակացության, այն պայմանավորված է եղել այն նյութով, որը վերլուծել է, որը քննել է եւ որոշումը կայացրել է:
– Իսկ որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, որ ՍԴ այդ որոշումից հետո, երբ առաջարկեցիք անցկացնել վստահության հանրաքվե, իշխանությունները Գագիկ Հարությունյանի նկատմամբ որոշակի ճնշումներ իրականացրին եւ ձեզ ինչ-ինչ արտոնություններից այն ժամանակ զրկեցին:
– Հարցրեք նրանց, ովքեր այդ լուրերը տարածել են, հարցրեք նրանց:
– Արդյո՞ք Գագիկ Հարությունյանը քաղաքական անձ չէ:
– Ես ինձ քաղաքական անձ չեմ համարում, ես համարում եմ պետական անձ, որը պետական իշխանության որոշակի անկախ թեւի ներկայացուցիչ է:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ