Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկումներ «Ընտրական օրենսգրքի» շուրջ

Հունիս 24,2006 00:00

ԱԺ նախագահի մոտ երեկ պիտի խորհրդակցություն անցկացվեր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ, սակայն հետաձգվեց:

Ըստ այդմ՝ միայն մեկ շաբաթ անց, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կվերադառնա Ստրասբուրգից՝ պարզ կդառնա, թե կոալիցիան ինչ դիրքորոշում ունի այն դրույթների վերաբերյալ, որոնք առաջարկում է վերանայել Վենետիկի հանձնաժողովը: Այս հանձնաժողովը ողջունել է «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող մի շարք փոփոխություններ՝ նշելով, թե դրանք բարելավում են ընտրությունների իրավական շրջանակը, եւ մասնավորապես. «Փոփոխությունների նախագծի հոդված 3-ը պարզաբանում է, որ քվեի գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաեւ ընտրողի պարտավորություն: Հայաստանի ընտրությունների ժամանակ դիտարկված բաց քվեարկության դեպքերի պարագայում այս պարզաբանումը ողջունելի է»: Սակայն հանձնաժողովը մատնանշել է նաեւ վերանայման ենթակա փոփոխություններ, մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովի անդամների ուսուցման, նրանց ետ կանչելու, ընտրողների ինքնության ստուգումների, քվեաթերթիկի կնքման, քվեարկության գաղտնիության եւ այլ դրույթների շուրջ:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հունիսի 20-ին «Փաստարկ» ակումբում հայտարարել էր. «Գտնում ենք, որ լուրջ ուսումնասիրության կարիք կա, քանի որ տեսնում ենք՝ Վենետիկի գնահատականները բավական կոշտ են: Ու պետք է հասկանանք՝ այդ կոշտ գնահատականները տրված են ինչի՞ն: Դա տեխնիկակա՞ն բնույթի սխալի հետեւանք է, օրենսդրակա՞ն տեխնիկայի, թե՞ մտածողության տեխնիկայի»: Ըստ ամենայնի՝ նա հակված է 1-ին վարկածին, քանի որ հայտնել էր, թե ՄԱԿ-ը օրինագիծը տվել է թարգմանության եւ համեմատել խորհրդարանի այն թարգմանության հետ, որն ուղարկվել է Վենետիկ: Ըստ Գուրգեն Արսենյանի՝ համեմատությունը ի հայտ է բերել 200 սխալ, որից 15-ը՝ բովանդակային:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արդեն իսկ ասուլիսում վստահեցրել է, թե «միտումնավոր նման բան չէր կարող արվել»: Ըստ նրա՝ ցավոք, մենք չունենք փաստաթղթերի թարգմանության համապատասխան կառույցներ. «Եվ գրեթե չի լինում որեւէ նախագիծ, որ ուղարկվի փորձաքննության եւ խնդիրներ չառաջանան թարգմանության հետ կապված»:

Երեկ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին ասուլիսում անդրադարձավ նաեւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ըստ որի՝ այն փաստը, որ ընդդիմությունը ստորագրեց այս նախագծի տակ, ապա նոր որոշակի վերապահումներ արեց՝ խոսում է անհաջող պահվածքի մասին։ Եվս մեկ անգամ շեշտեց, թե ընդդիմությունը դեմ եղավ Սահմանադրության փոփոխության նախագծին, որը որոշակիորեն համապատասխանում էր իր շահերին, սակայն իր շահերին հակասող «Ընտրական օրենսգրքի» նախագծին տվեց համաձայնություն. «Այսինքն՝ մի ծայրահեղությունից ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել