Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՌԱՎՈ՛, ԿԱՆԱՅՔ»

Հունիս 24,2006 00:00

«Օրինաց
երկիր» կուսակցության կանանց միության 5-րդ համաժողովը առաջին վայրն էր, որտեղ ԱԺ
ղեկավարության ձեւավորումից հետո ելույթ ունեցավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Այս ընթացքում բավական նիհարած իրենց առաջնորդին համաժողովի 670 պատվիրակուհիները
դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով եւ «Օրինաց» բացականչություններով: «Ո՞նց
կարող է չհաղթել այն կուսակցությունը, որն ունի այսքան հրաշալի կանայք»,- հաճոյախոսեց
Արթուր Բաղդասարյանը: Ելույթում ներկայացրեց տվյալներ, թե կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս
գալուն հաջորդած ամիսներին կուսակցությունը լքել է 100-200 մարդ, սակայն միաժամանակ
շարքերը համալրել են հազարավոր նոր անդամներ. «Ապրիլին ՕԵԿին անդամագրվել է 3250
մարդ, մայիսին՝ 5171, եւ անդամագրվածների շուրջ 70%-ը կանայք են»: Եվ ընդհանրապես՝
պարզվեց, որ այս կուսակցության 70%-ը կանայք են, այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ
թվաքանակը ներկայացվում է 62 հազար, ուրեմն՝ 43 հազարից ավելին կանայք են: «Ուզում
եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր նեղ օրին, դժվար օրին մնացին մեր կողքին:
Ոչ մի կին պաշտոնյա չհեռացավ «Օրինաց երկիր»-ից: Բռավո՛, կանայք», բացականչեց կուսակցության
առաջնորդը: Բնական հարց առաջացավ՝ բա Թամար Պողոսյա՞նը, որի պատճառով այդքան հարվածներ
կրեց ՕԵԿ-ը: Սակայն մեզ հիշեցրին, որ նա ավելի վաղ է փաստացի հեռացել, իսկ Արթուր
Բաղդասարյանը խոսում է վերջին շրջանի մասին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն
իր հերթին կանանց բարեմաղթեց՝ «հալա՛լ լինի ձեզ», որ մնացին, մինչդեռ «շատ պատեհապաշտ,
նյութապաշտ, աթոռապաշտ տղամարդիկ փախան»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության
նիստերի դահլիճում, ուր անցկացվում էր այս համաժողովը՝ սոսկալի տոթ էր՝ պրն Բալասանյանն
ասաց. «Եթե սա միտումնավոր է արված, ապա ասեմ, որ ՕԵԿի կանանց հնարավոր չէ խեղդել»:
Սակայն վերադառնանք Արթուր Բաղդասարյանի ելույթին, որն ուներ ընդգծված ընդդիմադիր
շեշտադրումներ: Հայտարարեց, թե Հայաստանում օլիգարխիկ տնտեսություն է. «Այս երկրի
հարստությունը կենտրոնացած է մի խումբ մարդկանց ձեռքին: Եվ բնականաբար, այն երկրում,
որտեղ չկա ազատ տնտեսություն, չկա ազատ զարգացող մանր ու միջին բիզնես՝ օլիգարխիկ
տնտեսությունը երկրի զարգացման համար լավ երաշխիքներ չի կարող տալ»: Արթուր Բաղդասարյանը
խոսեց նաեւ մեկ այլ երեւույթի մասին. «Տեղի է ունենում իշխանության եւ փողի կենտրոնացում,
զոռբայության եւ կեղծիքի կենտրոնացում, որի նպատակն է գնել ամեն ինչ, վերցնել վերահսկողության
տակ շարժվող ու շնչող յուրաքանչյուրին: Եվ այս պայմաններում մենք պետք է հասկանանք,
որ ժողովրդական առածը ճիշտ է ասում՝ ձիու վրա թեւեր էլ դնես, միեւնույն է արծիվ չի
դառնա: Ինչքան ուզում է օլիգարխները հարստանան, օլիգարխիկ տնտեսությունը զարգացնեն՝
միեւնույն է, հասարակ մարդը տնտեսության զարգացման արդյունքները, պտուղները իր մաշկի
վրա չի զգալու, որովհետեւ հարուստները գնալով հարստանում են, աղքատները՝ գնալով աղքատանում»:
Ըստ ՕԵԿ նախագահի՝ իշխանության եւ փողի կենտրոնացմամբ փորձ է արվում «մարդկանց դատապարտել
հուսալքության եւ ասել, որ այս երկրում ընտրությունների արդյունքները ոչինչ չարժեն:
Դա հաստատ այդպես չէ, եւ մենք պետք է միասին պայքարենք նորմալ ընտրական համակարգ
ունենալու համար: Մենք ձեզ հետ միասին պետք է պայքարենք, որ Հայաստանում գերիշխի
օրենքի իշխանությունը եւ ոչ թե փողի ու զոռբայության իշխանությունը»: Արթուր Բաղդասարյանը
հայտարարեց, թե ՕԵԿ-ը «պայքարելու է բարու եւ գեղեցիկի, ճշմարիտի եւ ազնվության հաղթանակի
համար… Պայքար նրանց դեմ, ովքեր փողով ուզում են առնել ամեն ինչ, ովքեր ճնշումներով,
ստի, կեղծիքի իշխանություն հաստատելով՝ ուզում են երկիրը տանել կործանման»: Մի
քանի մեջբերումներ կանանց ելույթներից: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը
կոչ արեց գնալ այնպիսի առաջնորդի հետեւից, որը փորձում է իրոք փոփոխություններ կատարել
երկրում: ՕԵԿ Հրազդանի մարզային կազմակերպության նախագահ Մարիամ Հովհաննիսյանը պնդեց,
թե վերջին իրադարձություններից հետո իրենք ստացել են «նոր լիցք եւ էներգիա»: Ըստ
Լյուդա Մելիքյանի՝ անցած 1,5 ամիսներն իրենց համար փորձության ամիսներ էին. «Փորձության,
քանի որ Աստված մարդուն փորձության է ենթարկում տեսնելու, թե ով է հավատարիմ ճշմարիտին
եւ իր սկզբունքներին, ով իր հոգին չի վաճառում բոլորիս հայտնի չար արարածին: Մորթապաշտներ
ու վախկոտներ միշտ եղել են, կան ու դեռ կլինեն: Սակայն մեր՝ ՕԵԿ կանանց համար սրանք
եղել են առավել կազմակերպվելու ու միավորվելու ամիսներ»: ՕԵԿ Վանաձորի կազմակերպության
նախագահ Արմինե Պողոսյանը նշեց, թե հանձինս Արթուր Բաղդասարյանի՝ տեսնում են մի քաղաքական
առաջնորդի, «որն իր ապրած կյանքով եւ անցած ճանապարհով ապացուցել է հավատարմությունն
ազգային եւ ժողովրդավարական արժեքներին»: Համոզմունք արտահայտեց. «Նման առաջնորդի
հետ անցնելու ենք երկար ճանապարհ»: Մարգարիտա Պետրոսյանը, որը վերընտրվեց
ՕԵԿ կանանց միության նախագահ՝ համաժողովի վերջում հույս հայտնեց, թե 2007-ին ՕԵԿ-ը
կլինի «ավելի հզոր, ավելի ամուր ու ավելի միասնական»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել