Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են դաշտի տերերը

Հունիս 23,2006 00:00

Մեկ
տարի գործող «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա» հ/կ-ն հուլիսի 4-ին կազմակերպում
«Համադրողների միջազգային ամառային դպրոցը»: «Առավոտը» հյուրընկալել էր արվեստաբան,
ասոցիացիայի անդամ Լիլիթ Սարգսյանին: – Ըստ մեզ հասած տեղեկությունների, ասոցիացիայի
ստեղծման օրվանից չեն դադարում ասեկոսեները այս կազմակերպության շուրջ: –
Այսօր ասոցիացիայի կազմում չներգրավված մասնագետները տարակուսում են այն առիթով,
որ «ազգային» կոչված ասոցիացիան «արդիապաշտական» հավակնություններ ունի, սատարում
է «ավանգարդ արվեստը», որը «հակասում է մեր ազգային ինքնությանը»: Ասոցիացիայի անվանման
մեջ «ազգայինը» չի նույնացվում մեր ինքնության հետ: Եվ քանի որ «ազգայինը» սրբագործված
արժեքների հետ է զուգորդվում, ասոցիացիան կարող էր կոչվել «հայկական»: Ակադեմիական
ոլորտի որոշ ներկայացուցիչներ ժամանակին չվարանեցին թշնամական կամ արհամարհական դիրք
ընդունել նորաստեղծ ասոցիացիայի հանդեպ, պատճառաբանելով դա ոչ թե մասնագիտական նկատառումներով,
այլ ասոցիացիայի «գիտական կոչումներ չունեցող» անդամների՝ իբր թե «դաշտին տիրանալու»
«հավակնություններով»: Բայց արվեստաբանական դաշտերը տարբեր են եւ մրցակիցներ չեն:
Սակայն մեր հայրիշխանական հասարակության մեջ «տեր ու ծառա» կամ «հայր ու որդի» խաղալու
փորձեր են արվում անգամ արվեստի դաշտում: – Ըստ ձեզ, ո՞րն է ժամանակակից արվեստաբանության
գերխնդիրը: – Նախ՝ վերոնշյալ ակադեմիական եւ ոչ ակադեմիական միջավայրերի միջեւ
հակամարտությունը վերացնելը եւ հնարավորինս հանդուրժողականություն հաստատելը: –
Խնդրում ենք մանրամասնել: – Հանդուրժողականությունը ես տեսնում եմ մասնագիտական
քննարկումների միջոցով անձնական ամբիցիաներն ու հավակնությունները վերացնելու մեջ:
Ավելացնենք կրթական ու գիտահետազոտական համակարգերում առկա սոցիալական եւ բարոյահոգեբանական
խնդիրները: Այսօր բուհական համակարգը չի պատրաստում արդի պահանջներին համապատասխան
արվեստաբաններ, ինչն էլ բերում է «արհեստավարժ» նորաթուխ արվեստաբանների՝ համապատասխան
հմտություններ (փորձագիտություն, մենեջմենթ, համադրողություն, վերլուծողականություն
եւ այլն) չունենալու պատճառով ոլորտից դուրս մնալուն: Հարցը չի լուծվի, քանի դեռ
զինծառայությունն ու գիտակրթական համակարգերը միմյանց «ձեռք են լվանում»: Մյուս կողմից,
արվեստաբանության բնագավառում հետազոտություն կատարելն ու գիտական աստիճանավորման
ներկայացնելը առնվազն շռայլություն է: Պարզվում է, որ «դաշտի տերերից» շատերը խորհրդային
տարիներին հասցրել են գիտական կոչումներ վաստակել: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել