Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավորին հարցաքննում են

Հունիս 23,2006 00:00

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Շարունակվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Մ. Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Ս. Ասատրյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը փորձեց ճշտել նախկին պատգամավորի կողմից նախորդ դատական նիստում հնչածը, թե մինչեւ իր ավտոմեքենայի պայթյունը որեւէ խնդիր չի ունեցել որեւէ մեկի հետ: Ի. Պետրոսյանը հրապարակեց թերթերից մեկում տպագրված նյութից մի հատված, որտեղ Մ. Գասպարյանը ասել էր, թե ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Մադաթյանը խորհրդարանում ատրճանակ է հանել իր վրա. «Ես ձեռքից վերցրել եմ ատրճանակը եւ հանձնել եմ միլիցիայի քաղաքային վարչություն, հաջորդ օրը միասին գնացել ենք, վերցրել, իրար հետ բարիշած դուրս ենք եկել»: 2002թ. մայիսի 9-ին այդ մասին իր հայտարարածը պատգամավորը հերքեց, ասաց, որ նման դեպք չի եղել եւ շրջվելով տողերիս հեղինակի կողմը, փորձում էր հակադարձել «Առավոտում» հրապարակված դատական ռեպորտաժին, որը կապ չուներ ատրճանակային խորհրդարանական էպոպեայի հետ: Ի. Պետրոսյանը հրապարակեց նաեւ թիվ 14 երթուղային գծի վարորդների բողոքների, ցույցերի մասին թերթային հոդվածները: Պատգամավորը հայտարարեց, որ որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել, իսկ կառուցապատման աշխատանքների հետ կապված էլ ասաց, թե «բարիդրացիական պայմանագրերով հեռացել եմ էն ժամանակ էլ, հիմա էլ»:

Ի դեպ, հարցաքննությանը մի քանի անգամ փորձեց առարկել նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Վլադիմիր Յավրումյանը, ասելով, որ անթույլատրելի է համարում հրապարակվածը: Յուրի Վոլֆսոնի պաշտպան Անժելա Կարապետյանն էլ փորձեց ճշտել, թե արդյոք Մելիք Գասպարյանը որեւէ բարեկամական, ազգակցական կապ ունեցե՞լ է ԱԱԾ նախկին պետի՝ Կառլոս Պետրոսյանի հետ: Վերջինս ասաց, որ ընդամենը հանդիպել է ԱԺ-ում, ուրիշ հարց չի ունեցել: «ԱԺ նախկին պատգամավորը նախաքննության փուլում ցուցմունք է տվել, թե իր գրասենյակ զանգել են, ահաբեկել են եւ որ դեռեւս այն ժամանակ, մինչեւ Գյուրջինյանների ընտանիքին հանդիպելը (Սիլվա Ասատրյանի ամուսնու) ինքը թշնամիներ է ունեցել»,- նշում է փաստաբան Ի. Պետրոսյանը:

Մելիք Գասպարյանը բորբոքվեց Սիլվա Ասատրյանի հարցերի ժամանակ, որը փորձում էր իմանալ, թե ինքն ինչպիսի առնչություն է ունեցել պատգամավորի հետ, որ ինչպե՞ս կարող էր սպառնալիքի ահազանգով 6-րդ վարչություն դիմած պատգամավորի դեմ իրականացվեր պայթյուն, երբ կասկածյալը կլինեին իրենք: Պատգամավորը համարյա չէր լսում հարցերը՝ դրսեւորելով ԱԺ պատգամավորներին հատուկ կուլտուրայի մակարդակ: Երեկ խոսք գնաց Գյուրջինյանների կողմից իրեն 210 հազար դոլար «տալիքի» մասին: Մի բան պարզ չէր, թե ինչպես կարող է ԱԺ պատգամավորը խաղ անել այդքան գումարի հետ, երբ օրենքի համաձայն, պատգամավորն իրավունք ուներ զբաղվել միայն գիտական, մշակութային գործունեությամբ:

Երեկ դատարան էր եկել նաեւ Սիլվա Ասատրյանի աղջիկը՝ Լուսինեն, որը գործով անցնում է որպես վկա: Պաշտպանական կողմը միջնորդեց նրան հանել դատակոչի ցուցակից, քանի որ նա ազատվում է մերձավորի դեմ ցուցմունք տալուց՝ ըստ գործող սահմանադրության: Դատարանը չառարկեց:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել