Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Հունիս 23,2006 00:00

Գավառի
մանկատան երեխաների գերակշիռ մասը սոցիալական որբեր են Գավառի մանկատունն
այսօր ունի 115 սան: Նրանց 80 տոկոսից ավելին սոցիալական որբեր են. ունեն ծնողներ,
սակայն այստեղ են՝ ըստ որոշ տվյալների, ծնողների սոցիալական վատ պայմանների պատճառով:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը 30 տարեկանից (արդեն 20 տարի է) աշխատում է
իբրեւ տնօրեն: Այս ընթացքում մանկատան պայմաններն
անհամեմատ լավացել են: Մեր այցելության ժամանակ տեսանք, որ, իբրեւ «թանգարանային
նմուշ», մի պատի վրա փակցված էին մանկատան՝ դեռեւս խորհրդային տարիների պայմանները
ցուցադրող նկարներ, որ կարծես սարսափ-կինոնկարից լինեին: Բարերարների թիվն այսօր
2 տասնյակից ավելի է: Պրն Նալբանդյանն ուզում է հասնել նրան, որ ամեն տարի շրջանավարտների
50 տոկոսը կարողանա բուհ ընդունվել, ասենք՝ 4-ից 2-ը: Գավառի պետհամալսարանում հիմա
2 հոգի արդեն սովորում է: Այս մանկատան նախկին սաներից մեկն ասում է, որ, ընդհանուր
առմամբ, մանկատան սանը մեծ շանսեր ունի հենց միայն նրա համար, որ մանկատան սան է:
Եթե միայն հասկանա, որ պետք է ինքը վաստակի իր ապրուստը, հասկանա, թե ինչու պետք
է ինքը սովորի: Որովհետեւ, ըստ նրա, մանկատունը «պորտաբույծ կառույց է», ամեն ինչ
մատուցվում է պատրաստի: Եվ այս ուղղությամբ եւս աշխատանքներ պետք է տարվեն երեխաների
հետ: Փոխտնօրեն Համլետ Բեսալյանը, որ աշխատում է դեռ 1987 թ-ից, համեմատում
է խորհրդային տարիների մանկատունը՝ այս օրերի հետ. «Այն ժամանակ՝ 88-ից առաջ, պատժամիջոցներ
էին կիրառվում՝ երեխային ծնողի մոտ չթողնելով, էքսկուրսիայից, ճաշից զրկելով, հիմա
նման բան չկա: Հիմա ավելի հեշտ է աշխատել, որովհետեւ այն ժամանակ պլանային համակարգ
էր, պարտադրում էին՝ այս երեխան այս ուղղությամբ պետք է գնա, նա՝ այն, իսկ հիմա,
երբ ազատություն կա, հաջողություններն ավելի շատ են»: Մանկատան մի հարկաբաժնում
դիտողությունների արկղ էր դրված, որն ամեն ամիս բացում է սոցապնախարարության ներկայացուցիչը:
Պրն Բեսալյանը վկայում էր, որ արդեն 5-6 ամիս՝ այնտեղ ոչ մի դիտողություն չի գցվել:
Իսկ ընդհանրապես երեխաները հետեւյալ ցանկություններն են հայտնում այդ արկղի
միջոցով՝ «կուզենայինք տոլմա ուտել», «հեծանիվ եմ ուզում ունենալ», «մայրիկիս եմ
ուզում տեսնել» եւ այլն: Երբեմն փոքրիկները դժգոհում էին իրենց մեծերից, որոնք իրենց
վրա «վերխ են վերցնում»: Մանկատան հոգեբան Արմինե Բուդումյանն ասում է, որ
այս երեխաների հետ աշխատանքում ամենադժվարն այն է, երբ փորձում ես հասկացնել, թե
ինչ է ընտանիքը, ով են իրենք, ինչ է ծննդյան օրը, ինչու են հայտնվել այստեղ: «Երբեք
ծնողին երեխայի աչքից չի կարելի գցել, փորձում ենք արդարացնել նրանց ծնողներին, մոր
մասին բացասական կերպար չստեղծել»: Եվ պարզվում է, որ այս երեխաները, որ ամեն անգամ
խնդությամբ են ընդունում իրենց լքած մայրերին ու անհամբերությամբ սպասում հաջորդ
այցին, ավելի մեծահոգի են, քան իրենց ծնողները: Մանկատան ամենափոքրիկների դաստիարակ
Նաթելա Սարգսյանն (նկարում) ասում է, որ իր 13 սաներն էլ ծնողներ ունեն, բայց երեխաներին
ացելում են ընդամենը 3-4-ի ծնողները: Երեխաները հիմնականում Երեւանից են, Հրազդանից,
Արարատից, եւ գրեթե բոլորն էլ սոցիալական որբեր են: Ընդհանրապես՝ մանկատան երեխաների
80 տոկոսից ավելին ծնողներ ունի: Տիկին Նաթելան որեւէ կերպ չի կարող արդարացնել այդ
ծնողներին, որքան էլ նրանք սոցիալական վատ պայմաններում ապրեն: Բայց եւ՝ չի դատապարտում
նրանց: Տիկին Նաթելան էլ մանկատանն է մեծացել, եւ իրեն էլ 5 տարեկանում հայրը բերել
է մանկատուն՝ սոցիալական պայմաններից ելնելով: Նա հիմա ամուսնացած է եւ բազմազավակ
մայր: Պարզվում է, որ երբեմն մի քանի ամսով էլ են ծնողները տուն տանում իրենց երեխային,
բայց, թերեւս չկարողանալով իրենց շատ նեղություն տալ, էլի հետ են բերում: Տիկին Նաթելան
ասում է, որ մի ընտանիքից 4 երեխա կա այստեղ. «Հայրն ու մայրն անհայտ ուղղությամբ
են գնացել, տատիկ-պապիկը բերել են՝ Վանաձորից: Կա, որ հայրն ու մայրը մուրացկանությամբ
են զբաղվում, բայց տարին մի երեխա ունենում են: 3-ն այստեղ են, 4-րդին դեռ չեն բերել,
2 տարեկան է, դեռ պահում են»: Տիկին Նաթելան ասում է, որ երբեմն դաստիարակները երեխաներին
իրենց տուն են տանում, որ ընտանիք տեսնեն: Կարեն, 9 տարեկան- «Ես ծնվել եմ
եղեռնի օրը, ու այդ օրը իմ մաման մահացել է: Ունեմ 3 եղբայր (մեկը գնացել է Ամերիկա՝
սրսկումների), պապա ունեմ ու մի քեռի: Հրազդանում են ապրոմ, գալիս են ինձ տեսնելու,
կուզեմ գնամ իրենց հետ ապրեմ, ասում են՝ գործերը շատ է, պիտի մի քիչ թեթեւանա, որ
գանք՝ տանենք»: Թելման, 10 տարեկան- «Ես մամա ունեմ, մի պապա, 4 քեռի: Մամաս
Երեւանում է, վարձով է ապրում, քույրս Ռուսաստանում է: Մամաս վերջերս եկավ, ասաց՝
սեպտեմբերին կգամ, կտանեմ Ռուսաստան՝ ռուսական դպրոց կգնաս»: Սեդրակ, 10 տարեկան-
«Մայրիկս եւ հայրիկս գալիս են Վարդենիսից, հնարավորություն չունեն ինձ պահելու»:
Սեդրակը արձակուրդներին գնացել է տուն, մնացել ու էլի եկել: Նա պատմում էր,
որ տանը ուտելու բան կար, սակայն ծնողներն ասել են, որ ի վիճակի չեն իրեն պահելու:
Գրիգոր,11 տարեկան- «Մայրիկս ինձ տանում է տուն, բայց չի պահում, 3 եղբայր
ենք, բոլորս այստեղ ենք»: Դավիթը վստահորեն ասում էր, որ սեպտեմբերին գնալու
է տուն: Այդ մասին խոսելիս ընկերները նրա հետ ուրախանում են՝ մի թաքուն հույս փայփայելով,
որ մի օր էլ իրենց հետ նման բան կկատարվի: Հարությունը 5-րդ դասարանում է
սովորում: Նրան վերջին անգամ մայրն այցելել է, երբ առաջին դասարան է եղել, բայց շատ
լավ հիշում է իր մայրիկին: Թեեւ այս երեխաների հարեւանությամբ, կիսավեր տներում
ապրում են իրենց հասակակիցները, որոնք հաճախ դասագրքի ու հացի փող չեն ունենում,
բայց նրանք իրենց ընտանիքներում են ապրում, ինչը երազում է մանկատան յուրաքանչյուր
երեխա: Այդ մասին ասում են բոլորը, երբ խոսում են իրենց երազանքների մասին: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել