Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագընթաց ճանապարհ՝ բնակելիների հաշվին

Հունիս 23,2006 00:00

Փարաքարը (գյուղը) փակելու քաղաքակիրթ ձեւը

Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Դալմայի այգիների շուրջ ծավալված խոսակցությունները դեռ չմարած՝ հասունանում է մի նոր կոնֆլիկտ, այս անգամ՝ քաղաքապետարանի եւ Արգավանդ, Թաիրով, Փարաքար գյուղերի բնակիչների միջեւ: Երեւան-օդանավակայան արագընթաց ավտոմայրուղու կառուցման լուրը նշված գյուղերի բնակիչների դժգոհությունն է հարուցել: Նույնիսկ Արգավանդ գյուղում ստեղծվել է բնակչության շահերը պաշտպանող նախաձեռնող խումբ: Խմբի ղեկավար Սամվել Վարձելյանից տեղեկացանք, որ նրանք դիմել են ԱԻՎ եւ ՆԳ նախարարություն՝ իրենց մասով փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով, թե մայրուղին առանձնացնող միջնորմը կառուցելուց հետո ինչպե՞ս են աշխատելու հրշեջ մեքենաները, երբ, ենթադրենք, հրդեհ բռնկվի կահույքի սրահներից մեկում: «Համոզված ենք, որ ծրագրի իրականացումը կհանգեցնի կահույքի շուկայի վերացմանը, որը հարյուրավոր աշխատատեղեր է ապահովում Արգավանդի եւ հարակից մյուս գյուղերի բնակիչների համար: Բացի այդ, կդադարեն գործել նաեւ խաղատները, ինչը իր հերթին կվնասի համայնքի բյուջեին»,- ասաց Վարձելյանը:

Խնդրի նկատմամբ որոշ դժգոհություններ ունեն նաեւ Փարաքար-Թաիրով համայնքում: Փարաքարի գյուղապետարանը, արագընթաց մայրուղու լուրն առնելուն պես, հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ ՀՀ բոլոր ղեկավարներին դիմում-բողոք են ուղարկել՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ավտոմայրուղու շինարարության լուրը առաջացրել է համայնքի բազմաթիվ բնակիչների տագնապը եւ իրավացի դժգոհությունը: Թաիրով եւ Փարաքար գյուղերի մոտ 150 բնակիչների տների մուտքերը մայրուղու կառուցապատվող հատվածի կողմից են, որը իրականացնելու դեպքում փակվում է նշված բնակիչների բնակելի տների մուտքերը: Ծրագրի իրականացումը բացասաբար կանդրադառնա համայնքի այն խավի վրա, որն իր հացը վաստակում է ճանապարհամերձ կրպակներով»: Գյուղապետարանը միայն բողոքավորի տպավորություն չթողնելու համար նաեւ առաջարկություն է ներկայացրել, ըստ որի, անհրաժեշտ է ուսումնասիրել եւ արագընթաց ճանապարհը կառուցել Երեւանի հարավային դարպասների մոտից, Արգավանդ գյուղով եւ նախկին «Ավիաշին» տրեստի տարածքով: Այն կկրճատի տարածությունը եւ կգտնվի բնակավայրից դուրս:

Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե այս ծրագիրը ինչո՞ւ նախապես չեն համաձայնեցրել համայնքների հետ: Նրա պարզաբանմամբ՝ «Երեւան-օդանավակայան ճանապարհը միշտ էլ եղել է Երեւան քաղաքի վարչական տարածքում, ֆորմալ առումով նրանք ճիշտ են, բայց գյուղի հետ դաժան բան են անում»:

Երեւաննախագիծ ինստիտուտի տվյալ արագընթաց մայրուղու նախագիծը կառուցողներն էլ մեր հարցին, թե ծրագիրն ինչքանո՞վ է համապատասխանում միջազգային չափանիշներին՝ պատասխանեցին. «Չի համապատասխանում, քանի որ արագընթաց մայրուղին իրավունք չունի անցնելու բնակելի տարածքներով»:

ԳԱԳԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել