Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Հունիս 23,2006 00:00

Մայրը
վստահ է, որ մինչ այդ իր երեխան լիովին առողջ էր Մոտ մեկ ամիս առաջ Բյուրեղավանի
պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում
ստանալուց վեց օր անց մեկ տարեկան երեխան մահացել է: Երեխայի մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը,
վստահ է, որ իր փոքրիկը՝ Աստղիկը, մինչ պատվաստումը լիովին առողջ է եղել, բայց սրսկումից
հետո ընկել է կոմայի մեջ ու այլեւս չի արթնացել: Մոր պատմելով, ինքը երեխային իր
ոտքով առողջ վիճակում տարել է պոլիկլինիկա, նույնիսկ ճանապարհին փոքրիկը մոր համար
ծաղիկներ է հավաքել ու ոչ մի ցավից չի տրտնջացել ու գանգատվել: Մինչդեռ մահանալուց
հետո Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի դիահերձող բժիշկ Արմեն Իսկոյանը
մոտ 5-6 ծանր հիվանդություններ է ախտորոշել, ըստ որի՝ Աստղիկը ունեցել է երկկողմանի
թոքաբորբ, աղիքներում՝ խոց, գլխուղեղում՝ ուռուցք, լյարդը 4- 5 սմ-ով մեծացած է եղել,
եւ բացի այդ, դիահերձման ժամանակ երեխայի օրգանիզմում վիրուս է հայտնաբերվել, որը,
բժշկի ասելով, մահվանից մոտ 15 օր առաջ է գոյացել: Փոքրիկի մահանալուց անցել
է մեկ ամիս, սակայն ծնողները երեխայի մահվան վկայականը չեն հանել, քանի որ այդ ախտորոշման
հետ համաձայն չեն. «Ես վստահ եմ, որ իմ երեխան առողջ էր: Իմ երեխան ծնված օրվանից
որեւէ օրգանի հետ կապված գանգատ չի ունեցել: Մի օր չի հազացել, գրիպ չի ընկել, չի
ջերմել, նորմալ սնվել է եւ ամեն ինչ շատ արագ ընկալել է»,- պատմում է Աստղիկի մայրը:
Որ երեխան առողջ է եղել՝ հաստատեց նաեւ բարեկամուհին՝ Խոնարհ Բարիկյանը. «Մեր աչքի
առաջ է մեծացել, օր օրի աճում էր, շատ ընդունակ երեխա էր ու մշտապես առողջ տեսք ուներ:
Ուրիշները ատամ հանելիս չեն քնում, ջերմություն են ունենում, իսկ մեր երեխան նույնիսկ
չզգացինք, թե ոնց հանեց»: Դիահերձողի ախտորոշումը շատ տարօրինակ է, քանի որ ծնված
օրվանից երեխան եղել է բժիշկների հսկողության ներքո, նրա անունով կազմվել է բժշկական
թերթիկ, որտեղ գրանցվել են փոքրիկի առողջական վիճակի մասին բոլոր մանրամասները: Այժմ
այդ թերթիկը մեր ձեռքի տակ է եւ այն կարդալով պարզ է դառնում, որ ամեն անգամ մանկաբույժի
այցելությունից հետո երեխայի առողջությունը իդեալական վիճակում է եղել եւ լյարդի
մեծացման, աղիքներում խոցի եւ գլխուղեղում ուռուցքի մասին խոսք անգամ չկա: Բացի այդ,
թերթիկում նշված է նաեւ, թե երեխան մինչ այդ ուրիշ ինչ պատվաստումներ է ստացել եւ
բոլորն էլ նորմալ է ընթացել: Երեխային զննող մանկաբույժը՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի
բժշկուհի Նվարդ Կաղյանը նույնպես Աստղիկին մինչ պատվաստման տանելը ստուգել է եւ հավաստիացրել,
որ երեխան առողջ է եւ կարող է սրսկվել: Սակայն պատվաստանյութի ներարկումից հետո երեխան
կոմայի մեջ է ընկել ու մահացել. «Սրսկումից հետո կես ժամ մնացինք պոլիկլինիկայում,
որ տեսնեն, թե երեխայի օրգանիզմը դեղն ինչպես է ընդունում: Մի 20 րոպեից երեխան քնեց:
Բժիշկը տեսավ, որ ամեն ինչ նորմալ է՝ սրսկած տեղը չի կարմրել, չի ուռչել եւ ես երեխային
քնած վիճակով տուն տարա: Սակայն նկատեցի, որ նա սովորականից շատ քնեց: Սովորաբար
ցերեկները 20-25 րոպե է քնում, այս անգամ՝ մոտ 1,5 ժամ, անհանգստացա, գրկեցի՝ երեխան
բարձր ջերմություն ուներ, շատ թույլ էր, չէր կանգնում, այդ պահին երեխայի աչքերը
հետ գնացին, բերանից փրփուր եկավ ու ուշագնաց եղավ: Տեղափոխեցինք Արաբկիր բժշկական
համալիրի վերակենդանացման բաժանմունք եւ վեց օր անց երեխան մահացավ»,- պատմեց մայրը:
Ի դեպ, ԿԿԽ-ի դեպքում նախապես չեն փորձարկում՝ երեխայի օրգանիզմը դեղն ընդունո՞ւմ
է, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով, այս երեխան միակը չէ, որի օրգանիզմը ԿԿԽ-ի
պատվաստանյութը չի ընդունել: Երեխաների մահվան այլ դեպքեր էլ են եղել, որոնց մասին
մինչ այժմ չի բարձրաձայնվել եւ միշտ էլ ախտորոշումը հիմնված է եղել երեխաների թաքնված
հիվանդությունների վրա: ԿԿԽ պատվաստանյութը Հայաստան է ներկրվել 2002 թ.՝
իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում, որի ղեկավարը Սիրակ Սուքիասյանն
է: Դեպքի հետ կապված երեկ մենք փորձեցինք պարոն Սուքիասյանից դեղի վտանգավորության
աստիճանի մասին տեղեկություն ճշտել, սակայն նա հանրապետությունից բացակայում էր:
Թեեւ ընդամենը մի քանի օր առաջ ԿԿԽ-ի թեմայով քննարկման ժամանակ պարոն Սուքիասյանը
հավաստիացրել էր, որ այդ պատվաստանյութը լիովին անվտանգ է եւ կարելի է ներարկել նույնիսկ
սովորական գրիպի, թեթեւ ջերմության, պակաս քաշի դեպքում եւ նախապես փորձարկելու կարիք
էլ չկա: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել