Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր ժամանակները» ամռանը չի հանգստանա

Հունիս 23,2006 00:00

Հավաստիացնում է Արամ Կարապետյանը

Երեկ տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հանդիպումն իր երեւանաբնակ կուսակիցների հետ։ Հայտարարվեց, որ կուսակցության նպատակն է առաջիկայում Երեւանում ստեղծել ակտիվիստների մեծ բանակ եւ ցույց տալ իշխանական կլաններին, որ «Նոր ժամանակները» գործում է անգամ ամռան շոգին։ Ըստ Ա. Կարապետյանի՝ «մենք ուզում ենք ունենալ այն ակտիվը, ինչն ունենք մարզերում, Երեւանում պետք է ունենանք շուրջ 1000 գործուն ակտիվիստներ, մարզերն էլ ներառյալ՝ 3-4 հազար»:

Պարոն Կարապետյանն իր համախոհներին տեղեկացրեց, որ Երեւանում 10 օրվա ընթացքում արդեն բացվել են երեք նոր գրասենյակներ՝ Աջափնյակ, Դավիթաշեն եւ Կենտրոն համայնքներում։ ՆԺԿ նախագահը վստահ է՝ եթե իրենք այժմ չգործեն, եթե չնպաստեն առաջիկա ընտրությունների թափանցիկ լինելուն, ապա «2007-2008 թվականների ընտրություններին նույն իրավիճակն է լինելու, որը ստացվեց 2003-ին»։ Նա համոզված է, որ իշխանություններն այժմ փնտրտուքի մեջ են, թե ինչպես դասավորեն գալիք ընտրությունների թվերը, որպեսզի պահեն իրենց դիրքերը։ «Այս իշխանություններն ուղղակի Հայաստանից գնալ չեն ուզում»,- եզրակացրեց Արամ Կարապետյանը։

Ըստ նրա, իրավիճակը արմատապես պետք է փոխել, այն է՝ «հեղափոխական ալիքով ժողովուրդը պետք է ասի՝ հեռացեք, այլապես քավոր-սանիկային իշխանությունը կվերադասավորվի»։ Պրն Կարապետյանի վրդովմունքը ներկա իշխանությունների նկատմամբ ավելի հախուռն արտահայտվեց (այդ վրդովմունքը, սակայն, որեւէ ձեւով չարտահայտվեց.- Գ. Մ.), երբ իրեն մեղադրեցին գործակալ լինելու մեջ. «Ենթադրենք, ես քաղաքական գործակալ եմ եւ ինֆորմացիա եմ տրամադրում այլ երկրների, սակայն այդքան կառույցներ ծախեցին ռուսներին ու ֆրանսիացիներին, բայց իրենք գործակալ չեն»։ Նա ընդգծեց, որ իրենց ենթարկում են ինֆորմացիոն մեկուսացման՝ «արդեն 2 տարի մենք զրկված ենք եթերից, շատ լավ հասկանում են՝ եթե մեզ թողնեն հեռուստատեսությամբ խոսենք, ապա կարճ ժամանակում երկրում հեղափոխական մթնոլորտ է լինելու»։ Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց գործունեության առաջին քայլը լինելու է հանրահավաքներ կազմակերպելը։

«Առավոտի» այն հարցին՝ իրեն բավարարե՞ց ՀՀ ԱԱԾ-ի պատասխանն այդ հիմնարկի ղեկավար Գորիկ Հակոբյանին ուղղված իր նամակին, պրն Կարապետյանն ասաց. «Կարող եմ ասել մեկ հստակ բան։ Երբ կարդում եմ ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրությունը, դրանում մի շատ կարեւոր նախադասություն կա գրված, որն ինձ ամեն ինչ ասում է. այնտեղ գրված է, որ դուք ձեր տրված հարցերի պատասխանները գիտեք, այդտեղից դուրս է գալիս, որ ես ինչ հարցեր տվել եմ, ճշմարտություն է»։ «Առավոտի» հաջորդ հարցին՝ կուսակցության հետագա ճակատագրի մասին, ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Սեւանում ապրիլի 20-ին մեզ վրա կրակելուց հետո ով վախեցավ՝ գնաց, ով չվախեցավ՝ մնաց»։

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել