Ի՞նչ փոխվեց ԱԺ-ում Արթուր Բաղդասարյանից հետո: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի՝ իր նոր պաշտոնում երեկ հրավիրած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ «Առավոտը» հենց այդ հարցն էլ ուղղեց ԱԺ նորաթուխ խոսնակին։ Պատասխանից պարզ դարձավ, որ էական լուրջ փոփոխություններ առայժմ տեղի չեն ունեցել, սակայն սպասվում են աշխատակազմի կրճատում եւ կազմակերպչական այլ փոփոխություններ:
«ՀՀ»- Դուք որպես ԱԺ նախագահ, պատրաստվո՞ւմ եք այցելել որեւէ երկիր, Հայաստան առաջիկայում ի՞նչ այցեր են սպասվում, այցելելո՞ւ եք մարզեր, արդյոք ԱԺ նախագահին կից խորհուրդները շարունակելո՞ւ են աշխատել:
– Այս տարվա աշնան համար շատ հրավերներ են եղել մինչ այժմ, եւ հուլիսին, կարծում եմ՝ մինչեւ հուլիսի կեսերը, հնարավոր կլինի այս ամենահրատապ խնդիրներին պատասխան գտնելուց հետո զբաղվել նաեւ այդ հարցով եւ ճշտել, թե ի վերջո մենք ինչ ենք անելու աշնանային նստաշրջանի ընթացքում՝ միջազգային կապերի հետ կապված: ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովին մեր հրավերն արդեն ընդունվել է, այս անգամ բյուրոյի նիստում կարծում եմ այն վերջնական կհաստատվի, եւ հավանաբար հոկտեմբերի 16-17-ին Հայաստանում տեղի կունենա ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Կարծում եմ, եւ Հայաստան այցերը, եւ Հայաստանից պատվիրակությունների այցերը պետք է հստակորեն նպատակներ հետապնդեն, այսինքն՝ զուտ արարողակարգային այցեր ճիշտ չի, որ լինեն, կամ գոնե դրանք պետք է նվազագույնի հասցնել: Որքան հետաքրքրվել եմ, վերջին ամիսներին խորհուրդների նիստեր չեն անցկացվել (Արթուր Բաղդասարյանը հրաժարականից 2 օր առաջ անցկացրել էր հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի նիստ- Մ. Ե.), կարծում եմ, կյանքը ցույց տվեց, որ դրանք առանձնապես արդյունավետ չեն խորհրդարանի աշխատանքի համար, բայց տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանց, մասնագետների կողմից եթե կլինեն կոնկրետ առաջարկություններ` կոնկրետ հարցերի վերաբերյալ, որոնք կառնչվեն խորհրդարանի աշխատանքին, քաղաքական կյանքին, բնականաբար, հանդիպումներ կլինեն: Կարծում եմ, որեւէ տեղ այցը ինքնանպատակ չպետք է լինի. եթե մենք ունենանք խնդիրներ, որոնց համար պետք է այցելել մարզեր, ուրեմն կայցելենք մարզեր, եթե պետք լինի այցելել Անտարկտիդա, ուրեմն կայցելենք Անտարկտիդա:
«Առավոտ»- Երբ դուք ասում եք՝ այցերը ինքնանպատակ չպետք է լինեն, արդյո՞ք ակնարկում եք, որ մինչ այժմ այցերը ինքնանպատակ էին: Եվ երկրորդ հարցը՝ ի՞նչ փոխվեց խորհրդարանում ձեր՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո:
– Բնականաբար, ձեր առաջին հարցին համաձայն չեմ, 7 տարի աշխատել ենք միասին եւ տեսել եք, որ նման գնահատականներ չեմ տալիս, ավելին, այսօր երբ հանդիպում էր տեղի ունենում աշխատակազմի հետ, եւ երեկ, երբ վարչության պետերի հետ ընթանում էր խորհրդակցություն, շատ հստակ ասել եմ, որ այն հարաբերությունները, այն գնահատականները, որոնք եղել են մինչ այժմ, լինելու են եւ այսօր, այն վերաբերմունքը, որ եղել է պարոն Բաղդասարյանի նկատմամբ, լինելու է նաեւ այսուհետեւ: Մեր հարաբերությունները երբեք չեն փոխվել այս 7 տարիների ընթացքում, մենք աշխատել ենք փոխադարձ հարգանքի եւ արդյունավետ լուծումների որոնման ճանապարհով, եւ դա փոփոխելու որեւէ հիմք չկա: Եվ եթե խորհրդարանում այս կամ այն հարցի հետ կապված փոփոխություններ տեղի ունենան, սա պետք է դիտարկել ոչ թե ի հակադրություն այն ամենի, ինչ արել է պարոն Բաղդասարյանը կամ՝ ավելի վաղ, ԱԺ այլ նախագահներ, այլ պետք է դիտարկել խորհրդարանի աշխատանքի ենթատեքստում: (Ասվեց, որ կուսակցական պատկանելությունը խորհրդարանում աշխատելու համար որեւէ բանի հետ չի կապվելու, իսկ կուսակցականները կուսակցական խնդիրները պետք է թողնեն ԱԺ դարպասներից այն կողմ եւ խորհրդարանում զբաղվեն զուտ խորհրդարանական աշխատանքով- Մ. Ե.)։
«Ազատություն» ռ/կ- Արդյոք աշնանը խորհրդարանում կլինե՞ն վերադասավորումներ:
– Կարծում եմ՝ վերադասավորումներ արդեն տեղի ունեցան, եւ խորհրդարանը իր աշխատանքները կավարտի արդեն ձեւավորված ուժերի հարաբերակցության շրջանակներում:
«ՀԺ»- Ալեքսան Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմության առաջարկներից տեսախցիկների տեղադրման վերաբերյալ առաջարկությունը միտումնավոր սխալ է թարգմանվել Վենետիկ ուղարկելիս եւ այդ պատճառով էլ այն Վենետիկը չի ընդունել: Երկրորդ հարց՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հարցը այս (հունիսի 25-27- Մ. Ե.) այցից հետո որոշվա՞ծ է, թե՞ դուք շարունակելու եք ղեկավարել պատվիրակությունը:
– Ես չգիտեմ՝ ով է այդ նախագիծը թարգմանել եւ ինչպես, բայց մի բան վստահաբար կարող եմ ասել, որ միտումնավոր նման բան չէր կարող արվել: Մեր քաղաքական կյանքից նման որակումները, կարծում եմ, պիտի վերջնականապես դուրս գան, որովհետեւ, եթե մարդիկ իրար չեն վստահում մի պարզ փաստաթղթի թարգմանության հարցում, համագործակցության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Ինչ վերաբերում է պատվիրակությունը գլխավորելուն, ապա մենք շուտով պատվիրակության նոր ղեկավար կունենանք:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ