Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԳԱՄ ԵՐԵՔ ԳՈՏԻՈՎ»

Հունիս 22,2006 00:00

Հունիսի
3-ին Լաս Վեգասում մեքսիկացի Լուիս Մալդոնադոյին 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելուց
հետո թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի հնգակի եւ IBO-ի վարկածով
աշխարհի քառակի չեմպիոն վանաձորցի Վախթանգ Դարչինյանը երկու օր առաջ ժամանեց հայրենիք:
– Հայաստանում մարզասերները մեծագույն հաճույքով են հետեւում քո մենամարտերին
ու ամեն անգամ անասելի բերկրանք ապրում, երբ ի նշան հաղթանակի բարձրացնում են քո
ձեռքը: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս նշեցիր 26-րդ անընդմեջ հաղթանակդ: – Տեղացի,
ինչպես նաեւ Ավստրալիայից ու այլ երկրներից ինձ երկրպագելու եկած հայ ու այլազգի
ընկերներիս հետ երեք օր անցկացրի Լաս Վեգասում: Հետո վերադարձա Ավստրալիա, որտեղ
ճոխ դիմավորում էին կազմակերպել: Հեռուստաընկերությունները, թերթերը, գործակալություններն
անընդհատ հրավիրում էին հարցազրույցների: – Հաջորդ մրցակցիդ՝ արգենտինացի
Օմար Նարվաեսի մասին ի՞նչ կասես: – Նա WBO-ի աշխարհի չեմպիոնն է ու նույնպես
պրոֆեսիոնալ ռինգում առայժմ պարտություն չունի: Մենք միմյանց լավ ենք ճանաչում դեռ
այն ժամանակվանից, երբ երկուսս էլ հանդես էինք գալիս սիրողական բռնցքամարտում: Ճիշտ
է, ռինգում դեռ չենք հանդիպել: Օմարը, որքան հիշում եմ, նույնիսկ երկու անգամ օլիմպիական
մեդալ է նվաճել: Ես վաղուց էի ուզում նրա հետ մենամարտել: Հիմա եկել է այդ ժամանակը:
– Նարվաեսի պարտություն չունենալը քեզ ուրախացնո՞ւմ է: – Ես հենց այդպիսի
մրցակիցներ եմ որոնում: Ամերիկայում իմ մասին ասում են, որ նոկաուտ եմ անում այն
մրցակիցներին, ովքեր չեն իմացել պարտություն ասածը: Եվ որ ժամանակից շուտ հաղթում
եմ, թերեւս, ամենաահեղներին, այն էլ՝ աշխարհի տիտղոսի համար մարտերում: Իրենե Պաչեկոյին
2004-ին նոկաուտի ենթարկելուց հետո չորս անգամ պաշտպանել եմ IBF-ի չեմպիոնի տիտղոսը
ու բոլորն էլ նոկաուտով: Վիճակագրությունն ասում է, որ պատմության մեջ դեռ չի եղել,
որ իմ քաշային կարգում միեւնույն մարզիկը հինգ անգամ աշխարհի տիտղոսը պահպանի նոկաուտով:
– Որ Նարվաեսին էլ կհաղթես, հավատում ենք: Այդ դեպքում աշխարհի բացարձակ չեմպիո՞ն
կհռչակվես: – Ոչ: Դրա համար պետք է հաղթել նաեւ WBC-ի չեմպիոն թաիլանդցի Պոնգսակլեկ
Վոնխկոնգամին: Ի դեպ, նա այդ վարկածով աշխարհի 15-ակի չեմպիոն է: Դա ռեկորդային ցուցանիշ
է: Ես նրան ձեռնոց նետել եմ, բայց Պոնգսակլեկը հրաժարվում է ինձ հետ մենամարտել,
քանի որ ինձ լավ է ճանաչում ու վախենում է տիտղոսից, հետեւաբար, նաեւ հետագայում
մեծ գումարներ վաստակելու հնարավորությունից զրկվելուց, թեեւ իմ պրոումոթերը մեր
մենամարտի համար նրան սովորականից երեք անգամ շատ գումար է առաջարկում: Կարծում եմ,
նա կհամաձայնի այն ժամանակ, երբ որոշի հեռանալ ռինգից ու անցկացնել հրաժեշտի մենամարտը:
– Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մինչ մենամարտը կողմերը մեկը մյուսին ջարդուփշուր
անելու խոստումներ են տալիս: Դա ինքնաոգեւորո՞ւմ է, թե՞ մրցակցի վրա հոգեբանական
ճնշում գործադրելու փորձ: – Հիմնականում երկուսն էլ միասին: Շատերը ռինգ մտնելիս
կամ դրա մասին մտածելիս մի տեսակ հուզվում են: Այդպես արտահայտվելով՝ նրանք իրենց
ոգեւորում են, համոզում, որ ամեն բան լավ է լինելու: – Ռինգ մտնելիս դու ի՞նչ
ես մտածում: – Որ ասեմ, գուցե ծիծաղեք: Քանի որ մենամարտին նախապատրաստվելիս
մի քանի օրում մոտ ութ կիլոգրամ քաշ եմ գցում, ռինգի ճանապարհին ներսումս մրցակցիս
ասում եմ. «Քո՞ պատճառով այսքան նիհարեցի, ուրեմն ռինգում քո հալը կտեսնես»: –
Դու երկար տարիներ հանդես ես եկել սիրողական ռինգում: Այն ժամանակվա ու պրոֆեսիոնալ
Վախթանգի մարտավարման ոճերի մեջ տարբերություն կա: – Հիմա, իհարկե, ծանրաբեռնվածություններս
անհամեմատ մեծ են: Օր է լինում, որ 1000-1500 անգամ հատակից արտասեղմում եմ անում
կամ մկաններս ամրացնում եմ հընթացս որեւէ ֆիլմ դիտելով: Բայց մարտավարությունում
շատ քիչ բան է փոխվել: Ես միշտ էլ հարձակվողական բռնցքամարտի կողմնակից եմ եղել:
Պարզապես, սիրողականում հատկապես ռեֆերին կարող է միջին մակարդակի ցանկացած մարզիկի
աշխարհի կամ օլիմպիական չեմպիոն սարքել, իսկ արժանավորին ուզած պահին դուրս թողնել
պայքարից: Ինձ հետ այդպես շատ են վարվել: Ունես քո մարտավարությունը: Մրցակցիդ «սեղմում»
ես ռինգի անկյուն, որպեսզի այնտեղ հարցերը լուծես: Բայց ռեֆերին ամեն անգամ միջամտում
է գրոհիդ ու վերադարձնում ռինգի կենտրոն: Սիրողականում թեթեւ հպումն էլ մրցավարները
կարող են որպես միավոր գրանցել՝ չտեսնելու տալով քո հարվածները: Իսկ պրոֆեսիոնալում
ամեն բան հստակ է: Անգամ եթե հարվածներիցդ մրցակիցը ցնցվում է, մրցավարը նոկդաունի
հաշիվն էլ չի բացի, քանի դեռ ձեռնոցը չի դիպել ռինգի հատակին: Այս առումով պրոֆեսիոնալ
բռնցքամարտը իմ տեղն է, տարերքը: Այստեղ տղամարդկանց դիմակայություն է, որում հաղթում
է իսկապես ուժեղը: – Դու 26 մենամարտերից 21-ում հաղթել ես նոկաուտով կամ
բացահայտ առավելությամբ: Միավորներով տարած հաղթանակն արդեն երկրպագուներիդ չի գոհացնում:
Վերջն ի՞նչ է լինելու: – Միավորներով հաղթել եմ սկզբնական շրջանում, երբ մարտերը
4 կամ 6 ռաունդ էին լինում: Այդքան կարճ ժամանակում նոկաուտ անելը հեշտ չէ ու միշտ
չէ, որ հաջողվում է: Այ, 8 եւ ավելի ռաունդանոց բոլոր մենամարտերն ավարտել եմ ժամանակից
շուտ: Անհամեստություն թող չթվա, բայց վստահ եմ. եթե նրանք էլ երկար լինեին, անպայման
նոկաուտներ կգրանցվեին: Եթե ուշադրություն դարձրել եք, իմ առավելությունն անվիճելի
է դառնում հիմնականում 4-8-րդ ռաունդներում: Պաչեկոյին նոկաուտի ենթարկեցի 11-րդ
ռաունդում: Հեռուստամեկնաբանն այն ժամանակ ասել էր, թե մենամարտի սկիզբն անցել է
ու վերջնամասում Վիկը խնդիրներ կունենա: Բայց դրանից հետո արդեն ասում են. «Վախթանգից
պետք է վախենալ բոլոր 12 ռաունդներում»: Ինձ հաճախ են հիշեցնում, որ արդեն 30 տարեկան
եմ: Դա ինձ համար նշանակություն չունի: Նման դեպքերում պատասխանում եմ. «Ինձ համար
իսկական բռնցքամարտը նոր է սկսվում ու դեռ շատ բարձունքներ ունեմ նվաճելու»: –
Կանանց բռնցքամարտի մասին քո կարծիքը: – Անձնապես դեմ եմ: Եթե դուստր ունենամ,
բացառվում է, որ նա բռնցքամարտով զբաղվի: – Դու հաճախակի ես գալիս Հայաստան:
Այս անգամ ի՞նչ նպատակով ես եկել: – Ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս
տեսնելու: Ուզում եմ նաեւ վերջին մենամարտի հիշողություններից հեռանալ: Գիտեք, որ
իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, բռնցքամարտի ակումբ եմ հիմնել: Տեղեկացրել են,
որ քաղաքի կենտրոնում ինչ-որ հարմար տարածք են հատկացնում: Հիմա, երբ իմ անունն արդեն
հայտնի է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, հենց Ավստրալիայում մեծահարուստ հայերը պատրաստ
են ներդրումներ կատարել: Ուզում եմ լավ մարզաբազա կառուցել՝ հյուրանոցով: –
Վերջին մարտիդ ժամանակ տրիբունայում նստած մի գեղեցկադեմ օրիորդ էին ցույց տալիս:
Նա շատ էր երկրպագում քեզ: – Նա ընկերուհիս է: Ազգությամբ ռուս է: Հինգ տարի
միասին ենք ապրում: Հայերեն արդեն լավ հասկանում ու խոսում է, բայց ամաչելով: Հաջորդ
անգամ Հայաստան կգամ նրա հետ ու կամուսնանամ մեր հայկական օրենքներով: Նպատակ ունեմ
նաեւ հետս մի անգամից չեմպիոնական երեք գոտի բերել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել