Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հունիս 22,2006 00:00

Անմիջական
կապ մասնագիտական աշխարհի հետ 2000-ից Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարանը,
որը կոչված է պատրաստելու բարձրակարգ մասնագետներ՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճման:
Ստեղծման օրից ի վեր, համալսարանը ստանում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության
ֆինանսական աջակցությունը: Համալսարանի հիմնական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն
3 համալսարանը եւ Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատը: Բուհի վարչական եւ ուսումնական
կառավարումն իրականացնում է ֆրանսիացի եւ հայ մասնագետներից կազմված աշխատակազմը՝
ռեկտոր Պոլ Ռուսեի գլխավորությամբ: Ըստ ռեկտորի. «Ֆրանսիական կառավարությունը ուշի
ուշով հետեւում է համալսարանի գործունեությանը: Սա նախադեպ է, երբ ֆրանսիական կառավարությունը
համալսարան է հիմնել այլ երկրում: Տպավորությունն այս նախադեպից դրական է եւ ծրագիր
կա նմանատիպ համալսարաններ հիմնել այլ երկրներում: Մեզ համար թեեւ այստեղ կան նաեւ
դժվարություններ, բայց դրանց հաղթահարումը հաճելի է: Մենք այս միջավայրում նոր իրողություններ
ենք հայտնաբերում»: «Ֆրանսիական համալսարանի հիմնական նպատակն այն է, որ Հայաստան
տեղափոխվեն ֆրանսիական բարձրագույն կրթական համակարգի մեթոդներն ու փորձառությունները:
Բայց դա ոչ թե արտագրվում է, այլ մենք համապատասխանեցնում ենք դրանք հայկական իրականությանը:
Հայկական համալսարանական համակարգը եւ հայ ուսանողները շատ որակներ ունեն՝ ունեն
փայլուն հիշողություն եւ օտար լեզուներ սովորելու մեծ ձգտում: Ֆրանսիական համակարգը
ավելի շատ փորձառություն ունի ժամանակակից կառավարման տեխնիկաներին տիրապետող մասնագետներ
պատրաստելու (առեւտրի, միջազգային հարաբերությունների, դասավանդման, հետազոտական
աշխատանքների, մեթոդոլոգիաների դասավանդման) բնագավառներում: Ֆրանսիական կողմը լավ
փորձ ունի ծրագրերի կառուցման եւ գործարարության մեջ: Մեր նպատակն է մեր այդ փորձերը
փոխանցել Հայաստանին եւ հիմնվել հայ ուսանողների որակների վրա, պատրաստել որակյալ
կադրեր Հայաստանի ապագայի համար»,- ասում է համալսարանի ռեկտորը: Համալսարանի
ուսումնական ծրագրերը մշակվել են Լիոն 3 համալսարանի դասախոսների եւ հայ մասնագետների
համատեղ ջանքերով: Ամեն տարի Լիոն 3 համալսարանի ավելի քան 50 դասախոս դասախոսություն
է կարդում բակալավրիատի 3-4-րդ կուրսերում եւ 6 մագիստրատուրաներում: Ուսանողներին
գնահատում են հայ եւ ֆրանսիացի դասախոսները համատեղ: Լիոն 3 համալսարանի հետ կնքված
համաձայնագրի շնորհիվ՝ ուսման ավարտին համալսարանի ուսանողները միաժամանակ կստանան
լիանս/բակալավրի եւ մաստեր/մագիստրոսի պետական նմուշի հայկական եւ ֆրանսիական դիպլոմներ:
– Լինո՞ւմ են դեպքեր, որ ուսման ընթացքում ուսանողների մեջ հետաքրքրություն
է առաջանում դեպի ֆրանսիական կրթությունը եւ նրանք ցանկություն են հայտնում ուսումը
շարունակել Ֆրանսիայում, եւ եթե լինում են, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը նրանց նկատմամբ:
– Չենք քաջալերում ուսանողին գնալ Ֆրանսիա: Մենք նրանց այստեղ տալիս ենք այն
դիպլոմները, որոնք Ֆրանսիայում են տրվում՝ միաժամանակ եւ հայկական, եւ ֆրանսիական:
Եվ կարծում եմ, որ ուսանողներն այստեղ ստանում են ավելին, քան դա կարող են Ֆրանսիայում,
քանի որ այստեղ ֆրանսիական դիպլոմ ստանալն ավելի դժվար է, քան Ֆրանսիայում: Ընդհակառակը,
մենք ֆրանսիացի ուսանողների ենք քաջալերում՝ գալ այստեղ կրթություն ստանալու: Բայց
աշխատում ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր ուսանողները պրակտիկան
անցկացնեն Ֆրանսիայում,- պատասխանեց Պոլ Ռուսեն: Այս տարի Ֆրանսիայում պրակտիկա
անցկացնելու համար արդեն 31 ուսանող մեկնել է, 7-ը կմեկնի առաջիկայում: Համալսարանը
համաձայնագրեր է կնքել Հայաստանում եւ Ֆրանսիայում գործող մոտ 400 ձեռնարկության
հետ: Համալսարանի եւ նրանց համագործակցությունը բազմաբնույթ է՝ պրակտիկայի կազմակերպում,
մասնագիտական ուսումնասիրություններ, այց ձեռնարկություն, կոնֆերանսներ: Պրակտիկայի
ընթացքում ուսանողն ունի երկու ղեկավար: Նրանցից մեկը համալսարանի դասախոս է, մյուսը՝
ձեռնարկության կողմից նշանակված ղեկավար: Դասախոսը վերահսկում է պրակտիկայի համապատասխանությունը
ուսանողի կրթական ծրագրին, մասնակցում արդյունքների ամփոփմանը, ուղղություն է տալիս
գրավոր աշխատանքը ճիշտ կազմելու եւ ներկայացնելու համար: Ձեռնարկության կողմից նշանակված
ղեկավարը ձեւակերպում է ուսանողի առջեւ դրված առաջադրանքը, նպատակները, ծանոթացնում
աշխատանքային մեթոդներին: Երկու ղեկավարները գնահատում են պրակտիկայի արդյունքները
եւ մասնակցում գրավոր աշխատանքի պաշտպանությանը: Հարկ է նշել, որ Ֆրանսիական համալսարան
ընդունվելու համար ֆրանսերեն լեզվից քննությունը պարտադիր չէ: Դիմորդին հնարավորություն
է տրվում ընտրություն կատարել գերմաներենի, անգլերենի եւ ֆրանսերենի միջեւ: Սակայն
ուսանողին տրվում է երկու տարի ժամանակ՝ ինտենսիվ դասընթացների արդյունքում ֆրանսերենի
միջին գիտելիքների տիրապետելու համար, հակառակ դեպքում ուսանողը երրորդ կուրս չի
փոխադրվի: Ֆրանսերենից բացի, բուհում ուսանում են նաեւ անգլերեն եւ ռուսերեն, շեշտադրվում
է մասնագիտական բառապաշարի լիարժեք տիրապետումը, որպեսզի ուսման ավարտին շրջանավարտներն
ի վիճակի լինեն աշխատել բազմազգ միջավայրում: Ցանկացողների համար գերմաներեն լեզվի
ամբիոնը կազմակերպում է գերմաներենի դասեր: Համալսարանն ունի համակարգչային
սրահներ եւ գրադարան: Այստեղ խրախուսվում է սպորտային ակտիվությունը եւ Ֆրանսիայի
սենատի ֆինանսավորմամբ կառուցվել է սպորտային դահլիճ՝ համապատասխան սարքավորումներով:
– Իսկ ինչպե՞ս է բուհում լուծված, հայաստանյան մյուս բուհերին բնորոշ՝ կոռուպցիայի
խնդիրը: – Կոռուպցիա մեզ մոտ չկա: Ես մշտարթուն եմ այդ հարցում եւ մեր աշխատողներից
մի քանիսին աշխատանքից ազատել եմ հենց այդ պատճառով: Պայքարելու տարբեր միջոցներ
կան: Նախ պետք է դասախոսին լավ վճարել եւ նա էլ պետք է իմանա, որ նման օրինազանցության
դեպքում կհեռացվի աշխատանքից: Մենք պայքարում ենք այն իրողության դեմ, որ դասախոսը
կարող է ուսանողի ճակատագրում՝ ուսման պրոցեսում, որեւէ բացասական դեր կատարել՝ կտրել,
դուրս թողնել եւ այլն: Ֆրանսիական մի շարք մեթոդներ նպաստում են կոռուպցիայի դեմ
պայքարին. քննությունները բոլորը գրավոր են եւ անանուն, բանավոր քննությունների հանձնաժողովի
3 անդամից մեկը ֆրանսիացի է, ուսանողը հաջորդ կուրս փոխադրվում է միջին գնահատականի
հիման վրա: Ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահները ֆրանսիացիներ են՝
նշանակված ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: ՆԱԻՐԱ
ՎԱՆՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել