Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԺՊԻՏՆ ԻՆՉ Է՝ ՉԵՆ ԲԱԽՇՈՒՄ

Հունիս 22,2006 00:00

Զուգարանի,
ժպիտի ու էժան հյուրանոցների բացակայությունը Հայաստան այցելած տուրիստներին «հուշտ»
է անում: Մինչ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը Հայաստանում
տուրիզմը զարգացնելու ուղղությամբ ծրագրեր է մշակում, տուրիստներին գայթակղելու համար
հյուրանոցներին աստղեր է շնորհում ու մեծ գումարներ ծախսելով՝ մեր երկրի տեսարժան
վայրերը CNN-ով գովազդում՝ գործնականում ամենատարրական հարցերին ուշադրություն չի
դարձվում: Մինչդեռ նման մանր-մունր խնդիրներն են, որ մեր երկիրն ընտրած տուրիստներին
վանում են: Պարզվում է, առաջին անգամ Հայաստան այցելած զբոսաշրջիկները երդվում
են այլեւս այստեղ չգալ՝ հենց միայն այն թերության համար, որ հասարակական զուգարաններ
գրեթե չկան: Այդ խնդիրը մայրաքաղաքում մասամբ լուծված է, բայց մարզերում զուգարաններն
ընդհանրապես բացակայում են: Տուրիստներին սպասարկող ավտոբուսներն էլ զուգարաններ
չունեն: Զբոսաշրջիկները բնական կարիքները հոգալու համար ստիպված են մեքենան ճանապարհի
կեսին կանգնեցնել ու թուփ ման գալ: Հայաստանում ներգնա տուրիզմը կազմակերպող
գործակալությունները զբոսաշրջիկներից բազմաթիվ բողոքներ են ստանում նաեւ, որ այստեղ
իրենց չեն ժպտում, քիթումուննաթով են պատասխանում: Տուրիզմի զարգացման հայկական գործակալության
գործադիր տնօրեն Նինա Հովնանյանը «Առավոտի» հետ զրույցում հենց հայերի ոչ ժպտերես
լինելը նշեց՝ որպես հայաստանյան տուրիզմի ամենամեծ պրոբլեմ: Ընդ որում, իրենց գործակալության
տվյալներով՝ չեն ժպտում հատկապես տեղական հյուրանոցներում, իսկ օտարերկրյա ներդրումով
մոթելներում, հանգստյան տներում ու հյուրանոցներում նման խնդիր չկա. «Տուրիստները
նեղանում են, ասում են՝ ձեր ժողովուրդը մեզ հետ ջերմ չի, նույնիսկ բողոք է եղել,
որ իրենց թշնամաբար են նայում»: Դա նրանից է, որ արտասահմանյան ներդրումով հյուրանոցների
աշխատակիցները ժամանակ առ ժամանակ թրեյնինգների են գնում ու հատուկ դասընթացներ անցնում՝
հաճախորդին միայն ի սրտե ժպտալու համար, իսկ տեղական հյուրանոցներում թրեյնինգների
վրա փող չեն ծախսում: Բացի այդ, օտարերկրյա օբյեկտներում աշխատակիցները վարձատրվում
են միջազգային աղբյուրից՝ այլ չափանիշներով, իսկ մեզ մոտ աշխատավարձն այնքան ցածր
է, որ սիրտ էլ չեն ունենում ժպտալու: Հայկական տուրիզմի զարգացման մյուս ամենակարեւոր
խնդիրը սպասարկման, ծառայությունների չափազանց բարձր գներն են: Ըստ Ն. Հովնանյանի,
տուրիստները գներից ավելի շատ ոչ թե դժգոհում են, այլ զարմանում. «Դրսում Հայաստանը
սոված, աղքատ երկիր է համարվում, բայց գալիս-տեսնում են՝ գները համարյա իրենց երկրի
մակարդակին են: Դրա համար նոր ծրագրեր ենք ուզում մշակել, որ նորմալ պայմաններով
այնպիսի օբյեկտներ ստեղծվեն, որոնք թեկուզ 2-3 աստղանի կլինեն, բայց ծառայություններ
կառաջարկեն»: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչությունը
մոտ մեկ տարի առաջ հյուրանոցների չափազանց բարձր գները օրախնդիր համարեց, նույնիսկ
այդ թեմայով ասուլիս հրավիրեց՝ ասելու, որ ամեն ինչ անելու են ծառայությունների գները
իջեցնելու եւ սպասարկման որակը բարձրացնելու համար, սակայն տարեցտարի գներն ավելի
շատ բարձրանում են, ոչ թե իջնում, սպասարկման որակն էլ էապես չի փոխվում: Տուրիստական
տասնյակ գործակալություններից մեր հարցումները ցույց տվեցին, որ վերջին շրջանում
Հայաստան այցելած զբոսաշրջիկները նախընտրում են ոչ թե հյուրանոց պատվիրել, այլ գյուղեր
մեկնել եւ ժողովրդի ծոցում իրենց հանգիստն անցկացնել: Տուրիզմի զարգացման հայկական
գործակալության տվյալներով՝ Հայաստան հիմնականում գալիս են Ռուսաստանից, ԱՄՆ-ից,
Ֆրանսիայից ու Իսպանիայից, իսկ այս տարի Ճապոնիայից մեծ թվով զբոսաշրջիկների հետ
պայմանագրեր ունեն: Նրանցից շատերն իսկապես նախընտրել են մեկնել գյուղական բնակավայրեր՝
հայերի համուհոտը զգալու, հայ ժողովրդին մոտիկից ճանաչելու համար: Անցյալ
տարի մեր երկիր է այցելել մոտ 318 հազար զբոսաշրջիկ: Տուրիստական գործակալությունները,
հաշվի առնելով միայն զբոսաշրջիկների հետ կնքած պայմանագրերը, հավաստիացնում են, որ
այս տարի այդ թիվը շատ ավելի մեծ է լինելու: Ինչ վերաբերում է Հայաստանից
մեկնող զբոսաշրջիկներին, տուրգործակալությունների հարցումներից պարզ դարձավ, որ մերոնք
էլ դժգոհություններ ունեն արտասահմանյան հանգստյան տներից: Դրանք հիմնականում կապված
են սննդի հետ: Ընդ որում, շատ են դժգոհում հատկապես Կաբուլետի մեկնողները: Իսկ ընդհանուր
առմամբ հայերը հանգստանալու նպատակով նախընտրում են Անթալիան, Եգիպտոսը, Դուբայը,
Թեհրանն ու Վրաստանը, իսկ Եվրոպա մեկնողները մեծ թիվ չեն կազմում: Անցյալ
տարի Հայաստանից շատ զբոսաշրջիկներ մեկնել են Սոչի: Թեեւ A320-ի ավիավթարից հետո
«Արմավիա» ընկերությունը հավաստիացրեց, որ իրենք ոչ մի չվերթ չեն հետաձգելու, քանի
որ Սոչին շատ սիրուն հանգստավայր է, եւ վթարը դժվար թե բացասական հետեւանքներ ունենա
Սոչիի տուրիզմի համար, այնուամենայնիվ, տուրիստական մի շարք գործակալություններ տեղեկացրին,
որ առայժմ Սոչի մեկնող ոչ մի տուրիստ չեն գտել, իսկ մեկնողները միայն զոհվածների
հարազատներն են եղել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել