Լրահոս
Օրվա լրահոսը

Երկքաղաքացիությունը վտանգավոր բան է

Հունիս 22,2006 00:00

Այս մի հարցում համակարծիք են իշխանության նախկին (ՀՀՇ) ու ներկա (ՀՀԿ) ներկայացուցիչները

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը սարսափելի վիճակում է: Այս իշխանությունները պատրաստ չեն խնդիրը կարգավորելու եւ ամեն ինչ անում են, որ ստատուս-քվոն պահպանվի, նույնիսկ այն գնով, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաթույլ զարգացած երկիրն է: Յոթ տարի շարունակ ոչինչ չի արվել, ՀՀ-ն դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային ծրագրերից, ժողովրդին խաբում են կեղծ հայրենասիրական լոզունգներով, իսկ մարդը մնացել է իր խնդիրների հետ միայնակ՝ շաքարավազի 350 դրամ գնով»,- երեկ «Հայելի» ակումբում արձանագրեց ՀՀՇ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Ի պատասխան մի քանի տեղից հնչեցին «ազատ ու պատասխանատու» լրագրողների ռեպլիկները՝ «բա որ ձեր ժամանակ ընդհանրապես շաքարավազ չկար» կամ՝ «էն ցուրտն ու մութը մոռացվեցին, հա՞, շաքարավազն եք մեջ բերում»: Պրն Հովակիմյանը կամ չլսեց կամ հարկ չհամարեց անդրադառնալ ժամանակավրեպ կշտամբանքներին, իսկ նրա հետ բանավիճող ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը փորձեց բացատրել, թե ինչու ոչինչ չի արվել, եւ ինչու է ՀՀ-ն դուրս մնացել տարածաշրջանային գործընթացներից: Ըստ նրա, Հայաստանի առջեւ միշտ դրվել է պայման՝ Ղարաբաղը վերադարձրեք Ադրբեջանին եւ կմտնեք, ասենք, Բաքու-Ջեհյանի կամ այլ տարածաշրջանային ծրագրերի մեջ: Անդրանիկ Հովակիմյանը ի պատասխան «պաշտոնապես հայտարարեց», որ «երբեւէ Բաքու-Ջեհյանը կապված չի եղել ԼՂ վերադարձի հետ», սակայն հետո հստակեցրեց, որ, այնուամենայնիվ, ՀՀ մասնակցությունն այդ ծրագրին կապված եղել է ԼՂ խնդրի քաղաքական լուծման հետ: Այսինքն՝ եթե այդ հարցը որեւէ կերպ լուծված լիներ, այժմ նավթամուղը կանցներ նաեւ ՀՀ տարածքով: Բնականաբար, ՀՀՇ-ի ներկայացուցիչը շարունակում էր պնդել, որ «չկա ԼՂ հարցի այլ լուծում, քան փուլայինը», ու իրենց փակուղում հայտնվելն արդեն քանիցս խոստովանած իշխանություններին առաջարկում՝ «փակուղո՞ւմ եք հայտնվել՝ հեռացեք, նորմալ ընտրություններ անցկացրեք, թող իշխանության գան լեգիտիմ ուժեր, որոնք կլուծեն հարցը»: Պրն Նիկոյանն էլ փորձեց հարցը ներկայացնել այլ տեսանկյունից՝ իբրեւ կարեւոր չէ փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակով կլուծվի հարցը, կարեւորն այն է, որ իմանաս, թե ինչի համար ես զիջումների գնում: Եվ ստացվեց, որ հհշական-փուլային տարբերակով անհասկանալի էր, թե ինչի համար պիտի հայկական ուժերը դուրս գային ազատագրված տարածքներից կամ ադրբեջանցիները վերադառնային իրենց տները, իսկ հիմա հասկանալի է, որ այդ ամենը մենք անելու ենք որպես երաշխիք, որ ճանաչվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի տեսքով: Լրագրողներից մեկի հարցը՝ «տասը տարի հետո հանրաքվե անցկացնելու խոստումը դուք երաշխի՞ք եք համարում», պրն Նիկոյանին ստիպեց խոստովանել, որ իրականում դա շատ հեղհեղուկ գաղափար է, նույնիսկ՝ ավելին:

«Հայելու» հյուրերն անդրադարձան նաեւ երկքաղաքացիության հարցին: Պրն Հովակիմյանը հիշեցրեց, որ 1995-ին ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն ձեռք ձեռքի էին աշխատում ընդդեմ երկքաղաքացիության, իսկ հիմա ՀՀԿ-ն դարձել է երկքաղաքացիության կողմնակից: Պրն Նիկոյանը փորձեց իր կուսակցության անհետեւողականությունը բացատրել տարբեր խուճուճ պատճառներով, բայց չկարողացավ թաքցնել, որ ՀՀԿ-ի համար երկքաղաքացիության ընդունումը լուրջ հարց է՝ երկրի ազգային անվտանգության տեսակետից: Ամենահետաքրքիրն այն էր, որ երբ պրն Հովակիմյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են որոշելու պոտենցիալ երկքաղաքացու «ազգությամբ հայ» լինելը, եւ զգուշացրեց, որ օրենքի մեջ ազգային պատկանելության մասին որեւէ նշում ՀՀ-ն կկանգնեցնի միջազգային լուրջ խնդիրների առջեւ, պարոն Նիկոյանը, ըստ երեւույթին հիշելով ՀՀԿ-ի վերջին տարիների աշխատելաոճը, ասաց. «Համաքաղաքացիության կամ միջազգային ուրիշ նորմերի տակ կգցենք, կանցկացնենք, որ հարց չլինի»: Ահա այսպես, մանր խարդախությամբ էլ փորձում են այսօր մեր վզին փաթաթել մի օրենք, որով կամ մեր երկիրը կկանգնի գոյության-չգոյության լուրջ հարցի առջեւ, կամ Հայաստանում կհայտնվեն մի քանի սորտի քաղաքացիներ՝ տարբեր իրավունքներով եւ տարբեր պարտականություններով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել