Ազգային
ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այն կարծիքին է, որ ՀՀԿ-ն ինքն
է որոշում իր ճանապարհը: – Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների
մեկնարկի պահը, այնքան ավելի կոնկրետանում են լուրերն այն մասին, որ իշխանական վերնախավում
որոշել են ՀՀԿ-ին դուրս թողնել խաղից, եւ որպես այդ պնդման ապացույց նշվում է այն,
որ պաշտպանության նախարարը երբեք չի հայտարարելու, որ ընտրություններին գնալու է
ՀՀԿ համամասնական ցուցակով, նույնիսկ խոսվում է այն մասին, որ նախապատվությունը տրվելու
է «Բարգավաճ Հայաստանին»: Այս իրավիճակում ո՞րն է Հանրապետականի տեղն ու դերն ապագայում:
– Հանրապետականի տեղն ու դերը պետք է որոշի ժողովուրդը, եւ արդեն կատարված
գործը ոչ միայն տնտեսության մեջ, այլեւ քաղաքական կյանքում իր դրական ազդեցությունն
ունեցել է գնահատականի առումով, եւ, կարծում եմ, առաջիկա ընտրություններում եւս ՀՀԿ-ն
ժողովրդի կողմից բավականին բարձր գնահատական կստանա: Հանրապետականն ունի քաղաքական
մեծ պոտենցիալ, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ազդեցություն ունենալ նրա
հետագա ճակատագրի վրա եւ մտածի, որ կարող է, ասենք, փայտիկի մեկ հարվածով հարցերը
լուծել: ՀՀԿ-ն արդեն կայացած խոշոր քաղաքական ուժ է եւ ինքն է որոշում իր հետագան:
– Դուք իրո՞ք հավատում եք, որ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ ինչ-որ բան
է որոշում, այդ թվում նաեւ իր ապագան: Դուք մոռանո՞ւմ եք միակ տղամարդու մասին խոսակցությունները
եւ այն, որ երկրում կատարվող բոլոր քայլերը ուղղորդվում են մեկ կետից: – Կարծում
եմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր ապագան, ինքն է որոշում իր ճանապարհը
եւ այդ ճանապարհով էլ գնում է դեպի ընտրություններ: – Ի՞նչ հարաբերություններ
կան ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ, եւ արդյո՞ք այս երկուսը ինչ-որ պահի կհամագործակցեն:
– Մեր կուսակցության վերջին համագումարում կուսակցության նախագահը հայտարարեց,
որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է առանձին, չնայած չբացառվեց նաեւ
որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու հավանականությունը: Առայժմ բանակցային
փուլն է ընթանում զուտ անձնական մակարդակով, որը բավականին դրական եմ գնահատում եւ
կարծում եմ` վերջնական որոշումները կկայացվեն ընտրությունների նախաշեմին: –
Հանրապետականի կարեւորությունը եւ թափը կախված չե՞ն այն բանից, թե ձեր ցուցակում
կլինի՞ պաշտպանության նախարարը, թե՝ ոչ: – Ես գնահատում եմ պաշտպանության
նախարարի քաղաքական պոտենցիալը, այն բավականին բարձր է, եւ մեծ ուրախությամբ ես կհայտնեմ
իմ կարծիքը, թե ցանկալի է, որ պաշտպանության նախարարը լինի մեզ հետ, մեզ հետ մասնակցի
ընտրություններին: – Կոալիցիան թեպետ արտաքուստ գործում է, բայց խիստ զավեշտական
պայմաններում: Կոալիցիոն հուշագրի մասին վարչապետը վերջերս հայտարարեց, թե այն գործում
է, իսկ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը իր հերթին բառացիորեն երեկ հայտարարեց, թե
կոալիցիան այլեւս չի գործում: Ի վերջո, այս իրավիճակում կարելի՞ է ասել, թե հուշագիրը
գործում է եւ ՄԱԿ-ն էլ կոալիցիայի անդամ է: – Հուշագիրը գործում է, եւ դրանում
ամրագրված կետերը իրականացվում են կոալիցիայի շրջանակներում մնացած քաղաքական ուժերի
կողմից: Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի այն խոսքին, թե կոալիցիան
այլեւս չի գործում, իրականությունից բավականին հեռու է: – Ըստ մեր տեղեկությունների,
շատ հանրապետականներ այս օրերին փորձում են սիրաշահել վարչապետին՝ ձեր կուսակցության
ցուցակում կրկին հայտնվելու համար: Կուսակցության ներսում տեղերը արդեն բաժանվա՞ծ
են: – ՀՀԿ-ն հանրապետությունում իրոք ուժեղ քաղաքական ուժ է եւ իր խոսքը բավականին
ծանրակշիռ է լինելու առաջիկա քաղաքական ընտրություններում, եւ ոչ միայն ԱԺ-ի, այլեւ
նախագահական ընտրություններում: Կարծում եմ, սա է պատճառը, որ այսօր բոլորը ցանկանում
են լինել Հանրապետական կուսակցությանը մոտ, իսկ ինչ վերաբերում է ցուցակներին, դրանք
ընդամենը խոսակցություններ են, ցուցակները ճշտված կլինեն նախընտրական պրոցեսին մոտ:
– Իսկ եթե փետրվարին, երբ ամեն ինչ հստակ կլինի, պարզվի, որ ՀՀԿ-ի շատ նվիրյալներ
հանկարծ «թռել» են եւ հայտնվել, ասենք, նույն «Բարգավաճ Հայաստանի» ցուցակներում
կամ՝ հովանու ներքո, ի՞նչ եք ասելու: – Ես ընդհանրապես քաղաքական դաշտում
ոչինչ չեմ բացառում, եւ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են ամենանվիրված մարդիկ,
խոսքով չէ, որ դա պետք է ապացուցեն, այլ՝ գործով: Իսկ գործով Հանրապետականին ամենանվիրված
մարդիկ, չեմ կարծում, որ դուրս կգան մի դաշտից եւ կհայտնվեն քաղաքական մեկ այլ դաշտում:
Գործով եւ գաղափարով կուսակցության մոտ գտնվողները միշտ էլ հավատարիմ կմնան Հանրապետականին:
Եթե ինչպես դուք եք ասում՝ «թռնողներ» գտնվեն, ուրեմն նրանք նվիրված չեն եղել Հանրապետականին:
Իսկ եթե կան մարդիկ, որ մտածում են դուրս գալու մասին, ավելի լավ է շուտ դուրս գան,
ինչքան շուտ դուրս գան, այնքան Հանրապետականը ավելի ուժեղ կլինի: – Որոշ վերլուծությունների
արդյունքում եզրակացություն է արվում, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո ամենից շատ շահեց
Հանրապետականը, դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը: – Նման կարծիք կարող են հայտնել
միայն երկրի թշնամիներն ու դավաճանները: «Հոկտեմբերի 27»-ից հետո երկիրը ցնցվեց,
սկսվեց խոր ներքաղաքական ճգնաժամ, որը ազդեց նաեւ տնտեսության վրա, եւ եթե չլիներ
Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ, հավանական էր քաղաքացիական պատերազմը:
Հանրապետականը կարողացավ իր զսպվածությամբ, իր քայլերով ժողովրդին ետ պահել պատերազմից:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ