Լրահոս
Օրվա լրահոսը

«Օթելլոյի» համար Եվրոպայից ոտքով կգամ»

Հունիս 21,2006 00:00

Ասում
է Եվրոպայում հայտնի օպերային սոպրանո, շվեյցարաբնակ Ջուլիետ Գալստյանը Երգչուհին
«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր «Սերենադ» կամերային նվագախմբի նվագակցությամբ
(դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես կգա համաշխարհային օպերային գրականության հայտնի դերերգերի
կատարումներով: Հայ օպերային արվեստի երախտավոր Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհու՝
Ջ. Գալստյանի առաջին բեմելը կայացել է 1996թ. Թուրինի թագավորական թատրոնում, Պուչինիի
«Բոհեմ» օպերային ներկայացման մեջ Միմիի դերերգով: Երգչուհու հավաստմամբ, նույն 1996-ին
Իտալիայում անցկացվելիք վոկալիստների ամենամյա, Վիոտտիի անվան միջազգային մրցույթում
առաջին մրցանակին արժանանալուց հետո սկսվել է նրա բեմական գործունեությունը տարբեր
օպերային թատրոններում, այդ թվում՝ Լոնդոնի Covent Garden-ում, Ժնեւի Grand teatre-ում,
Ցյուրիխի, Տոկիոյի ազգային օպերային թատրոններում եւ այլուր: Ներկայացումները ղեկավարել
են աշխարհահռչակ դիրիժորներ Վիլյամ Քրիսթին, Ջեյմս Քոնլոնը, Էվելինո Պիդոյը, Միշել
Պլասոնը եւ այլք: Նրա խաղընկերներն են եղել հայտնի անուններ Բրին Տերֆելը, Չեչիլիա
Բարտոլին, Ջուզեպե Ջակոմինին, Ռոդնի Գիլֆրին եւ ուրիշներ: Գլխավոր դերերգերով հանդես
է եկել «Բորիս Գոդունով», «Դոն Ժուան», «Պայացներ», «Եվգենի Օնեգին» եւ այլ օպերաներում:
Մեր հետաքրքրությանը, թե ինչու երգչուհուն չենք հանդիպում Երեւանի օպերային
թատրոնում, Ջ. Գալստյանը պատմեց հայկական մենթալիտետին հարիր այս անեկդոտը. «Մի ընտանիքի
գլխավորի հարցնում են՝ աղջիկդ արդեն 30 տարեկան է, ինչո՞ւ չես ամուսնացնում: Հայրը
պատասխանում է՝ է՜, հարյուր պատճառ կա: Խնդրանքին՝ ասել գոնե դրանցից մեկը, հայրն
ասում է՝ նախ ուզող չունի: Հետաքրքրասերն էլ ավելացնում է՝ մնացած 99-ը արդեն կարեւոր
չէ»: Շարունակելով ավելի լուրջ պատասխանել մեր հարցին, երգչուհին նշեց, որ Երեւանի
օպերային թատրոնում չկա այն խաղացանկը, որտեղ ինքը կարող էր հանդես գալ. «Բայց եթե
բեմադրվի Վերդիի «Օթելլոն» եւ գլխավոր դերերգում հանդես գա Գեղամ Գրիգորյանը, հավատացնում
եմ՝ ես Եվրոպայից ոտքով կգամ Դեզդեմոնա երգելու»: Դիտարկմանը՝ որ Եվրոպայում
կան հայտնի վոկալիստներ, որոնց անվանում են PR երգիչներ, իսկ սա առաջին հերթին կապվում
է գովազդ բառի հետ, Ջ. Գալստյանը տեղեկացրեց, որ աշխարհում ամենահայտնի իմպրեսարիոների
գործակալությունները գործում են Գերմանիայում եւ Լոնդոնում. «Եթե դու այս գործակալությունների
մեջ չես ընդգրկված, ապա ստեղծագործական կյանքում ցանկացած դժվարության ու անակնկալի
կարող ես հանդիպել»: Ջ. Գալստյանը չթաքցրեց, որ թեեւ ինքն այսօր ունի երկու
իմպրեսարիո, որոնցից մեկը զբաղվում է զուտ ֆրանսիական թատրոններով, իսկ մյուսը՝ Եվրոպայի
այլ երկրների մշակութային օջախներով, այնուամենայնիվ, ինքը ձգտում է իմպրեսարիո ձեռք
բերել վերոնշյալ երկրների գործակալություններից: Նա ցավով հիշեց առաջին իմպրեսարիոյին,
որի շնորհիվ իր դեբյուտը կայացել էր Թուրինի թագավորական թատրոնում. «Իմպրեսարիոս
հիանալի անձնավորություն էր, իր գործի գիտակ, բայց ընդամենը մի քանի տարի հետո նա
շեղվեց դեպի սպորտ»: Հարցին՝ բացառվո՞ւմ է ձեր վերադարձը Հայաստան, Ջ. Գալստյանը
պատասխանեց. «Եվրոպայում շատ ծրագրեր ունեմ: Արդեն որոշված է իմ 2007-08թթ. ներկայացումների
ու համերգների ցանկը: Եթե Երեւանի օպերային թատրոնում հնարավորություն ունենամ բեմ
բարձրանալու, իսկ դա կախված է խաղացանկից, ինչու չէ, մեծ հաճույքով կհամատեղեմ հայաստանյան
գործունեությունս եվրոպականի հետ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել