Լրահոս
Օրվա լրահոսը

Խոպանչիների հիվանդ երեխաները կրկնակի են տուժում

Հունիս 21,2006 00:00

Արտասահմանում անվճար բուժվելու շանսեր ունեցող շատ անչափահաս երեխաներ չեն կարող մեկնել բուժվելու՝ հայրերի անհայտ կորած լինելու պատճառով:

Օրերս Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցում գերմանացիները հետազոտեցին Շիրակի մարզի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Դատելով հիվանդանոցի միջանցքներում կուտակված հերթերից ու հիվանդ երեխաների հոսքից, նրանց թիվը չափազանց մեծ էր: Գերմանացիների ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանկական ասոցիացիայի հետ համատեղ: Հետազոտությունը դեռ չսկսած՝ բժիշկները 3 հոգու արդեն ընդգրկել էին «թանկարժեք» ծրագրի մեջ, որը տարին երկու անգամ՝ օգոստոս եւ փետրվար ամիսներին, նախատեսում է անվճար բուժում եվրոպական երկրներում:

Նկատենք, որ Շիրակի մարզում ծայրահեղ աղքատներն արտոնություն ունեն օգտվելու ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալական ծրագրերից: Սակայն շատ հաճախ այդ արտոնություններից օգտվում են նաեւ ունեւորները, որոնք ամեն ջանք գործադրում են «Փարոս» խցկվելու ու աղքատության բարձր միավորներ հավաքելու համար: «Առավոտը» հետաքրքրվեց, թե հատկապես որ երեխաները եւ ինչ պայմաններով կարող են ընդգրկվել ծրագրի մեջ կամ աղքատ լինել-չլինելը արտոնություն տալի՞ս է:

Հայաստանի մանկական ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանի պարզաբանմամբ, աղքատ կամ էլ հարուստ լինելը կապ չունի, արտասահման մեկնելը կախված է միայն հիվանդության բարդությունից: Ծրագրում ընդգրկվելու են այն վատառողջները, որոնց համար մեր երկրում նմանատիպ բուժում չկա կամ արվել է եւ բացասական արդյունք է ունեցել. «Իհարկե նախապատվությունը ավելի շատ տրվում է աղքատներին, որովհետեւ ունեւորը էսպես թե էնպես իր հարցերը կկարողանա լուծել, բայց եթե երեխան այնպիսի հիվանդություն ունի, որը չի բուժվում Հայաստանում, էստեղ արդեն ունեւոր-չունեւոր առանձնացնելը ճիշտ չէ: Հայաստանում քչերը հնարավորություն ունեն 70-100 հազար եվրո տալ վիրահատությանը»: Նրա խոսքերով, գերմանացիների հետ կնքած պայմանագիրը չի սահմանափակում ոչ մեկնողների թիվը, ոչ էլ՝ ժամկետ է դնում:

Չնայած գերմանացիների բաց սիրտ լինելուն, երեխաների մեկնելու հետ կապված խոչընդոտներ են ստեղծվում մեր երկրում: Վ. Սեդրակյանի ներկայացմամբ, շատ են այն երեխաները, որոնք փաստաթղթով հայրեր ունեն, բայց նրանք անհայտ կորած են. երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է ծնողների համաձայնությունը, իսկ շատերի հայրերը կամ տարին տասներկու ամիս խոպաններում են, կամ էլ նրանց մասին ընտանիքը խեր-խաբար չունի: Վ. Սեդրակյանը դժգոհեց նաեւ գյուղերում բժշկական վատ սպասարկումից. «Գյուղերից գալիս են՝ հիվանդությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չունենալով: Ոչ ռենտգեն նկար ունեն, ոչ կոմպյուտերագրաֆիա, բժշկական քարտի եղածն ինչ է, որ անգամ դա չունեն»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել