Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 21,2006 00:00

Մի
բուհ ավարտում են, մեկ ուրիշ բուհից դիպլոմ ստանում Հունիսի 11-ին ավարտվեցին
ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների քննությունները: 2003 թ. կառավարության
որոշմամբ, այս քննությունները պետք է իրականացվեին 2003-2006թթ., եւ նպատակ ունեին
հավասար պայմաններ ապահովել ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների եւ
այն շրջանավարտների միջեւ, ովքեր բուհերն ավարտել էին արդեն հավատարմագրված ժամանակ:
Եվ որպեսզի 90-ականներից մինչեւ 2002-ն այս բուհերն ավարտած անձինք ստանան պետական
նմուշի դիպլոմ, արդեն 2-րդ տարին է՝ նրանք կենտրոնացված քննություններ են հանձնում
այն առարկաներից, որոնք հանձնել են բուհն ավարտելիս: Մենք արդեն մասնակցել ենք դրանց,
եւ, մեր տպավորությամբ, «վերաքննությունները» չէին փայլում իրենց բարձր մակարդակով,
ինչին արդեն անդրադարձել ենք: Այս կարծիքը չի կիսում ԿԳՆ բուհերի բաժնի պետ Սասուն
Մելիքյանը՝ վկայակոչելով գրանցված արդյունքները, ըստ որոնց էլ քննություն հանձնողների
միայն 28,4 տոկոսը չի կարողացել պետական նմուշի դիպլոմ ստանալ: Ընդհանուր առմամբ,
«վերաքննություններին» մասնակցելու հայտ է ներկայացրել 1111 հոգի, որի 10-15 տոկոսը
չի ներկայացել քննության: Երեկ Սասուն Մելիքյանը մեզ տրամադրեց թվային որոշ տվյալներ:
Ըստ այդմ՝ 2 քննությունից դրական է ստացել հանձնողների 71.6 տոկոսը՝ 795 հոգի: Մեկ
դրական արդյունք է գրանցվել 67 հոգու դեպքում՝ 6 տոկոս: Ըստ ներկայացված տվյալների,
249 հոգին (22.4 տոկոս) կամ չեն ներկայացել, կամ 2 քննությունից էլ բացասական միավոր
են ստացել: Մասնագետների կարծիքով, հատկապես բարձր են ստանում այն շրջանավարտները,
ովքեր ավարտելուց հետո աշխատել են, իսկ ովքեր ոչ՝ նույնիսկ հայոց լեզվից էին բացասական
միավոր ունենում, ինչը նշանակում է տարրական գիտելիքների բացակայություն՝ մայրենի
լեզվից: Այն բուհերը, որոնք այս պահին այլեւս գոյություն չունեն, դրանց շրջանավարտները
պետական նմուշի դիպլոմ կստանան այն բուհերից, որտեղ «վերաքննություն» են հանձնել:
Անհայտ է միայն այն անձանց հարցը, ովքեր միայն մեկ քննությունից են դրական
միավոր վաստակել: Ս. Միքայելյանն ասաց, որ այս հարցը կքննարկվի միայն սեպտեմբեր-հոկտեմբեր
ամիսներին, եւ, հնարավոր է, այս մարդկանց մեկ անգամ եւս վերահանձնելու հնարավորություն
տրվի: Սակայն նոր դիմումներ այլեւս չեն ընդունվի: Պրն Մելիքյանի դիտարկմամբ, առավել
բարձր ցուցանիշներ գրանցվել են Հր. Աճառյանի անվան, «Գլաձոր» եւ օտար լեզուների «Ինտերլինգվա»
համալսարաններում, սակայն ըստ բուհերի մանրամասն վիճակագրություն ԿԳՆ-ն դեռեւս չունի:
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել