ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ Երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական
խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ոտնահարելով
մեր ազգին սահմանադրությամբ ընձեռված անխախտելի իրավունքներից հերթականը, իշխանությունը՝
իրեն անվերապահորեն քծնող մանկլավիկների անմիջական մասնակցությամբ, չորս տարի առաջ
զրկեց մեր ժողովրդին ազատ խոսքի՝ իրոք միակ ու անփոխարինելի, անկաշառ ու անկողմնակալ
տեղեկատվություն ստանալու վերջին հնարավորությունից՝ փակելով «Ա1+» հեռուստաընկերությունը,
դրանով իսկ իրենց ապահովելով կեղծիքների անվերահսկելի իրականացման հնարավորություն:
Չանսալով ոչ բանականության ձայնին, ոչ ժողովրդի արդար պահանջին, ոչ միջազգային
հեղինակավոր կառույցների հորդորներին՝ այս հանցավոր իշխանությունները այդպես էլ եթեր
չվերադարձրեցին ժողովրդի կողմից սիրված հեռուստաալիքը, ավելին՝ այսօր արդեն հերթական
խաբեությամբ «Մելտեքս» ընկերությանը զրկեցին նաեւ իր տարածքից, անուղղակի ձեւով սպառնալով
զրկել մեզ նաեւ վերջին հնարավորությունից՝ օգտվել գոնե այդ հրաշք ստեղծագործական
կոլեկտիվի մտքի արգասիք «Այբ-Ֆե» թերթից ու «Ա1+»-ի կայքից, որտեղից կարելի է ստանալ
իրոք հավաստի տեղեկատվություն մեր Անկախ Հանրապետության իրական վիճակի մասին»: «Ժողովրդավարական
ուղի» կուսակցությունը հայտարարում է. «Երկրում ազատ եւ թափանցիկ, իրոք ժողովրդավարական
ընտրություններ անցկացնելու համար՝ որպես ազատ խոսքի ապահովման երաշխիք, հորդորում
ենք իշխանություններին սթափվել, հատկապես՝ իրենց ազգայնական հորջորջող ուժերին, ու
շտկել «Ա1+»-ի հանդեպ իրականացրած անարդարությունը, եթե ուզում են իրոք տեղ ունենալ
մեր ժողովրդի բարի հուշերում, այլապես նրանց հետագա ճակատագիրը իրենք են կերտում
իրենց իսկ ձեռքով՝ ապացուցելով, որ լիովին սպառել են ամեն մի հնարավորություն, իրենց
ղեկավարման ընթացքում ի զորու չեն վերականգնելու կորսված հավատի յուրաքանչյուր հույս
եւ կրկին գնում են կեղծիքների»: