Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիա գոյություն չունի

Հունիս 21,2006 00:00

Ըստ
Գուրգեն Արսենյանի, կա խորհրդարանական մեծամասնություն ՀՀ ԱԺ ՄԱԿ խմբակցության
ու համանուն կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ «Փաստարկ» ակումբում խորհուրդ
տվեց այն վերլուծաբաններին, ովքեր կարծում են, թե ՄԱԿ-ն ՕԵԿ-ի տեղն է զբաղեցրել,
«փակել սեփական հիմնարկը»: Գ. Արսենյանի ասելով, ամեն ինչ բնականոն է եղել գոնե այնքանով,
որքանով ՄԱԿ-ը 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի
թեկնածությունը: Իսկ ընդհանրապես, Գ. Արսենյանի ասելով, իշխանական ճամբար անցնելը
չի նշանակում, թե ՄԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի նպատակները նույնանում են, պարզապես հիմա
ՄԱԿ-ը ստանձնել է պատասխանատվություն «կառավարության քաղաքականության համար»: Ըստ
ՄԱԿ-ի նախագահի, այսօր ԱԺ-ում կոալիցիա՝ որպես քաղաքական մեծամասնություն, այլեւս
գոյություն չունի, կա «խորհրդարանական մեծամասնություն»: Ինչ վերաբերում է նախկինում
իր ընդդիմադիր կեցվածքով արած հայտարարություններին, ապա Գ. Արսենյանը արձանագրում
է, թե ՄԱԿ-ը երբեք էլ «չոր» ընդդիմություն չի եղել. «Մենք միայն հասարակության շահերն
էինք սպասարկում»: Իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Արդարություն» եւ «Ազգային
միաբանություն» խմբակցությունները, պարոն Արսենյանի համոզմամբ, մինչեւ ՕԵԿ-ի՝ ընդդիմության
դաշտն անցնելը գրեթե բացակայում էին խորհրդարանից, եւ ՄԱԿ-ը լրացրել է այդ բացը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ՄԱԿ-ի նախագահը չբացառեց
ազատական գաղափարախոսության կրող ուժի հետ նախընտրական համագործակցությունը, թեեւ
ՄԱԿ-ի օրակարգում նախընտրական դաշինքի հարց չկա: «Մենք չենք ուզում մեծացնել մեր
հարմարվելու ցանկությունը»,- հայտարարել է Գ. Արսենյանը: Ու թեեւ ՄԱԿ-ն այդ ընտրություններում
լուրջ հավակնություններ ունի ու ձգտում է ԱԺ-ում մեծամասնություն ունենալ ու կառավարություն
ձեւավորել, այդուհանդերձ, մի քիչ համեստություն անելով՝ ՄԱԿ նախագահը հայտարարեց,
թե միայն ընտրություններից հետո պարզ կլինի, թե ՄԱԿ-ն ինչ հնարավորություններ ունի:
Գ. Արսենյանը կարծիք հայտնեց նաեւ, որ հաջորդ խորհրդարանում գերակշռելու են
ազատական ուժերը, որովհետեւ, նրա ասելով, «ընտրողը հոգնել է սոցիալիստական եւ պոպուլիստական
մոտեցումներից»: Իսկ թե հատկապես ո՞ր ազատական ուժերը ներկայացված կլինեն ապագա ԱԺ-ում՝
պարոն Արսենյանը չմասնավորեցրեց՝ «նրանք, ովքեր կհաղթահարեն 5 տոկոսի բարիերը»: Նա
միայն ակնարկեց, որ խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին չէ, որովհետեւ այդ կուսակցությունն
ազատական չէ. «Գենշերի ծրագիրն է, պահպանողական առաջադիմական: Այդ երկու բառը Գենշերն
է»: «Բարգավաճ Հայաստանի» մասով նա երեկ մի կարեւոր «բացահայտում» էլ արեց՝ նշելով,
որ այդ կուսակցության ծրագրի հեղինակը, շատերի կարծիքին հակառակ, Վիկտոր Դալլաքյանը
չէ: Պատրաստեց Ն. Մամիկոնյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել