Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽԱՌՆԱՇՓՈԹ

Հունիս 21,2006 00:00

Ըստ
ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի, իշխանությունները
դիտմամբ ձախողում են ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը: ԿԸՀ-ում
«Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձելով ԿԸՀ նախագահ
Գուրգեն Ազարյանի վերջերս հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը այժմվանից հայտարարություններ
է անում հետագայում իր իրական պարտությունը արդարացնելու նպատակով, որը հնչել էր
ի պատասխան ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի արտահայտած դժգոհությանը՝ ընտրական
հանձնաժողովի անդամների դասընթացների կազմակերպչական աշխատանքներից, ասաց. «Մենք
երբեք չենք պարտվել, մենք հաղթել ենք եւ 1998-ին, եւ 2003-ի նախագահական եւ խորհրդարանական
ընտրություններում, նաեւ՝ 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, պարտվել են սպարտակեղիազարյանները
եւ նրանց նշանակողները. ուրիշ հարց, որ մեր իրական հաղթանակը իշխանությունների ներկայացուցիչները
հետեւողականորեն կեղծել են: Իսկ Գրիգոր Հարությունյանի ասածներն ամբողջությամբ իրական
են. նա ասել էր, որ Գորիս քաղաքում հավաքվել են դասընթացների եւ դասավանդողները չեն
եկել, անձամբ ես եմ ահազանգել հանձնաժողովի նախագահին, որ մարդիկ հավաքվել են եւ
դասավանդողները չեն եկել: Դրանից հետո ստիպված հանձնաժողովի նախագահը հանձնարարել
է Գորիսի թիվ 37 ՏԸՀ-ի հանձնաժողովի նախագահին՝ Սիսիանից գնալ Գորիս եւ պարապմունքն
անցկացնել: Նույնը եղել է Մեղրիում, այսինքն՝ վաղօրոք հայտարարված օրը պարապմունք
չի եղել, իսկ դուք գիտեք՝ գյուղերից մարդկանց հավաքելը ինչ դժվար բան է, հետո արել
են պարապմունք, բայց ժողովուրդը այլեւս չի եկել»: Նման անկազմակերպ վիճակը Ֆելիքս
Խաչատրյանը բացատրում է իշխանությունների կողմից հատուկ միտումով՝ ամեն ինչ անել,
որ դասընթացներին քիչ մարդ մասնակցի, եւ որ հետո հնարավոր լինի վկայականներ տալ նրանց,
ում կուզեն: Պարոն Խաչատրյանը դժգոհություն ունի նաեւ դասընթացների կազմակերպման
ամբողջ ընթացքից, թեպետ ինքը եւս հանդես է գալիս որպես դասավանդող. «Կազմված է 16-ժամյա
ծրագիր, որը շատ քիչ է այսքան ընդգրկուն փաստաթղթային ուսուցումն իրականացնելու համար:
Հունիսի 16-18-ը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ինքս էի որպես դասավանդող մասնակցում
դասընթացներին։ Առաջին տպավորությունս շատ վատ էր եւ վերաբերում էր դասընթացների
կազմակերպչական մասին: Ես կխոսեմ անձամբ իմ կողմից անցկացված պարապմունքի եւ այն
խմբի մասին, որի հետ ինքս պետք է պարապեի, եւ դուք կարող եք ընդհանրացված պատկերացում
կազմել, թե ինչ է կատարվում ընդհանրապես: Այդ խումբը, որի հետ ես պետք է պարապեի,
ցուցակով 154 հոգիանոց խումբ էր: Երբ բարձրացանք դահլիճ, պարզ դարձավ, որ 154 հոգու
պարապմունքի անցկացման համար տրամադրված էր 90 տեղանոց դահլիճ: Դա Մասիսի քաղաքապետարանի
դահլիճն էր, որտեղ 90 աթոռ է տեղավորվում. հասկանալի է, որ մարդիկ հոտնկայս պարտավոր
չէին լսել դասը: Եվ ներկա-բացակայի ժամանակ էլ պարզվեց, որ դասին ներկա էր իսկապես
միայն 92 մարդ, մյուսները բացակա էին, իսկ օրվա վերջում հանձնաժողովների ապագա անդամները
բառացիորեն փախել էին դասից, եւ ներկա-բացակայի արդյունքում պարզվեց, որ 90-ից մնացել
էր 27 մարդ: Դասընթացի ավարտին, արդեն ստուգարքի ժամանակ, 154 հոգուց մասնակցեց ընդամենը
25 հոգի: Իսկ սա նշանակում է, որ եթե գործը ընթանա այս տեմպերով, մենք հաջորդ համապետական
ընտրությունները չենք կարող անցկացնել: Սակայն ո՞վ է հասկանում, մեկ էլ տեսար պարզվեց,
որ Մասիսի տարածաշրջանում բոլոր ապագա հանձնաժողովականները անցել են. այ, դա արդեն
անհասկանալի կլինի»,- իր մտավախությունն արտահայտեց ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչը:
Պարոն Խաչատրյանը անուն առ անուն հիշատակեց բոլոր այն գյուղերը, որոնց ներկայացուցիչները
պարապմունքներին այդպես էլ չեն մասնակցել՝ Դարակերտ գյուղից 17 հոգու փոխարեն եկել
էր 7 մարդ, Այնթապ գյուղից ոչ ոք չէր եկել, Դարբնիկ գյուղի 16 հոգուց միայն մեկ օր
պարապմունքի է եկել 6 մարդ, Սիփանիկի 14 հոգուց՝ 1 մարդ, Նորամարգ գյուղից՝ նույնպես
միայն մեկ մարդ, եւ այսպես շարունակ: Եվ եթե իրոք պարզվի, որ այս եւ բոլոր մյուս
գյուղերում եւ քաղաքներում հանձնաժողովի անդամ դառնալու վկայականներ են ստացել բավարար
թվով մարդիկ, ըստ պարոն Խաչատրյանի, ակնհայտ կլինի, որ իշխանությունները հերթական
անգամ գործեցին իրենց գծած սցենարով: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել