Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ԽՄԻՉՔ

Հունիս 20,2006 00:00

Երեւանի շամպայն գինիների գործարանի արտադրանք Այսօր
շուկայում կարելի է հանդիպել էժանագին, բայց կասկածելի ծագում ու բաղադրություն ունեցող
շամպայն, գինի, օղի, կոնյակ: Իսկ Շամպայն գինիների գործարանը, շարունակելով տասնամյակների
ավանդույթը, սպառողին է հասցնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ու իսկական վարպետների
ձեռքով պատրաստված խմիչք: Գործարանի արտադրած շամպայնը 18-րդ դարից եկած դասական
ֆրանսիական շամպայնի տեխնոլոգիաների կիրառման արդյունք է: Գործարանը մասնավորեցվել
է 1995-ին: Այն գտնվում էր այնպիսի քայքայված վիճակում, ինչպիսին երկրի տնտեսությունն
էր եւ աշխատում էր շատ փոքր հզորությամբ: 12 տարվա ընթացքում այն ոչ մի օր չի դադարել
աշխատել: Իսկ երկու արտադրատեսակին՝ շամպայնին եւ գինուն, ավելացել է կոնյակի, օղու
եւ կոկտեյլի արտադրությունը, աստիճանաբար բարելավվել է գործարանի վիճակը՝ համալրվելով
այսօրվա պահանջները բավարարող ժամանակակից սարքավորումներով: Ամենամյա եկամուտների
20-25 տոկոսը ներդրվում է գործարանի շենքային պայմանների բարելավմանը: Ըստ ընկերության
նախագահ պարոն Հակոբյանի, գործարանի արտադրանքը հիմնականում սպառվում է ներքին շուկայում,
միայն 10-15%-ն է արտահանվում: Դա պայմանավորված է արտահանման ծախսերի հետ, սակայն
նախատեսվում է ավելացնել դրա ծավալը: Հայաստանում բավական դժվար է օղու արտադրությունը:
Դա հավաստում են օղի արտադրող շատ ընկերություններ: Եթե ՌԴ-ում եւ մյուս երկրներում
շատ խիստ է դրված օղու ներկրման խնդիրը եւ դրսի օղին այդ երկրներում «արտոնյալ» չէ,
ապա բոլորովին հակառակ վիճակն է Հայաստանում, որտեղ ներկրված օղին իր անհայտ բաղադրությամբ
ու ծագումով ավելի արտոնյալ վիճակում է, քան տեղում արտադրված բարձրորակ ու իսկական
օղին: Օղու արտադրության զարգացմանը խանգարում է նաեւ գովազդի արգելքը, ինչը թույլ
չի տալիս, որ օղու նոր տեսականիները ճանաչվեն սպառողների կողմից: Դրա արդյունքում,
բնականաբար, դրանք չեն սպառվում: Իսկ այս ամենը կարող է հանգեցնել Հայաստանում օղու
արտադրության վերացմանը: Երեւանի շամպայն գինիների գործարանում խստագույնս
բծախնդրորեն է դրված շամպայնի արտադրության տեխնոլոգիան: Ի տարբերություն այն արտադրությունների,
որտեղ արհեստականորեն ածխաթթու գազի ավելացմամբ փրփրեցվում է գինին եւ էժան գնով
վաճառվում իբրեւ շամպայն, ավանդական այս գործարանում շամպայնի ստեղծումը բավականին
ժամանակատար ու աշխատատար գործընթաց է: 17-18% շաքարայնություն պարունակող՝
Հայաստանի հյուսիսային շրջանների խաղողի գինեհումքը երկարատեւ՝ 3 տարի մշակվում է
հենց շշի մեջ, հատուկ ջերմաստիճանում եւ մառաններում, այդ ընթացքում 4 անգամ թափահարվելով
եւ վերադասավորվելով: Այնուհետեւ շշերը տեղափոխվում են նստեցման արտադրամաս, որտեղ
լավ մշակված կաղնու տակառատախտակներից պատրաստված անկյունակների վրա դասավորվելով՝
սկզբում հորիզոնական, այնուհետեւ 2 ամիս պտուտական շարժումներով, բարձրացվում են,
որպեսզի նստվածքը հասնի խցանի մոտ եւ գինին դառնա իդեալական մաքուր, տասն օր հանդարտվելուց
հետո շշերը տեղափոխվում են հաջորդ արտադրամաս: Այսպիսով, Երեւանի շամպայն
գինիների գործարանում միայն բնական ճանապարհով ստեղծվում է իսկական շամպայն, որը
իր մանր մարգարտաշարի երկարատեւ խաղով տարբերվում է արհեստական ճանապարհով փրփրեցված
գինիներից: Թեեւ աշխատանքային այս երկար ու բարդ ընթացքը բարձրացնում է շամպայնի
ինքնարժեքը, սակայն, ըստ գործարանի ղեկավարության, իրենք այն վաճառում են էժան, հաշվի
առնելով սպառողների գնողունակությունը, որպեսզի արքայական խմիչքը հասանելի լինի բոլորին
եւ իր շռինդով յուրաքանչյուրի տոնը եւ ուրախությունը դարձնի ամբողջական: Երեւանի
շամպայն գինիների գործարանը տալիս է կոնյակի՝ 5, շամպայնի՝ 6, գինիների՝ 12 եւ օղու՝
10 տեսակի արտադրանք, որոնք ներկայացվելով հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների
եւ մրցույթների, միշտ արժանանում են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների: ՆԱԻՐԱ
ՎԱՆՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել