Տնտեսաիրավագիտական
համալսարանը հայցով դիմել է ՀՀ տնտեսական դատարան՝ քաղաքապետարանի անգործությունը
վիճարկելու պահանջով: 1998-ից համալսարանն իր կրթական գործունեությունն իրականացնում
է Շահումյան 32/1 հասցեում գտնվող, սեփական ուժերով կառուցված ուսումնական շենքում:
Կառուցապատման առաջին իսկ օրվանից համալսարանը բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետին
եւ բոլոր մնացած ատյաններին՝ իր բոլոր շինություններն օրինականացնելու համար: Սակայն
բարձրացված հարցը եւ դրա հետ կապված բոլոր դիմումներն ու գրությունները հասնելով
քաղաքապետարան՝ անհասկանալի պատճառներով դառնում էին ձայն բարբառո հանապատի եւ մնում
էին անպատասխան: Մյուս գերատեսչությունները պատասխանում էին, որ շինության վերաբերյալ
հայտը ներկայացրել են քաղաքապետարան եւ արդյունքների մասին տվյալներ չեն ստացվել:
Հարկ է նշել, որ 2005-ի օգոստոսին նշված կառույցները Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից ճանաչվել
են շահագործման համար հուսալի եւ ՀՀ քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան:
8 տարի հարցը անպատասխան թողնելուց հետո, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեն 2006-ի մայիսի 12-ին համալսարանին պատասխանել է,
որ «Ինքնակամ կառուցված շենքեր-շինությունների եւ ինքնակամ զբաղեցրած հողամասերի
իրավական կարգավիճակի մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտված է եւ այն չի գործում,
ուստի ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ»: Այնուհետեւ համալսարանամերձ տարածքն
իր շինություններով աճուրդային կարգով հատկացվել է այլ ընկերության: Այսպիսով, քանդվելու
են համալսարանի կաթսայատունը, տպարանը եւ գիտական վերջին սարքավորումներով (այդ թվում
նաեւ՝ լազերային թնդանոթ) համալրված լաբորատորիաները, որտեղ առաջատար գիտնականները
իրենց գործնական փորձն էին փոխանցում ուսանողներին: ՆԱԻՐԱ
ՎԱՆՅԱՆ