Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հունիս 20,2006 00:00

Պարոն
Հակոբյան. Ձեզ ուղղված իմ բոլոր նամակները մնացել են անպատասխան, հետեւաբար
ես որոշել եմ Ձեզ դիմել բաց նամակով եւ այն հրապարակել մամուլում։ Կարծում եմ, այս
պարագայում յուրաքանչյուր բանիմաց եւ կիրթ մարդ պետք է պատասխանի այն հարցերին, որոնք
զետեղված են այս նամակում։ Ամեն օր մենք ՀՀ իշխանություններից լսում ենք, որ մեր
երկրում գործում է Օրենքը։ Համոզված եմ, որ Դուք էլ ամեն օր Ձեր աշխատանքային առօրյան
սկսում եք «օրինապաշտ» հրահանգներ տալով Ձեր ստորադասներին։ Իմ նպատակը Ազգային անվտանգության
ծառայությունը (ԱԱԾ) սեւացնելը չէ։ Ես պարզապես ցանկանում եմ ցույց տալ հանրությանը
եւ ծառայության հարյուրավոր պրոֆեսիոնալ չեկիստներին, թե ովքեր են այսօր կանգնած
այդ հույժ կարեւոր կառույցի ղեկին։ Ես ուզում եմ Ձեզ հարցեր ուղղել, որոնց պատասխանները
չեմ ստացել ո՛չ Ձեզնից, ո՛չ էլ իշխանության բարձրագույն այլ ատյաններից։ ՀԱՐՑ
ԱՌԱՋԻՆ – Օրենքի ո՞ր հոդվածի եւ տառի հիման վրա եք Դուք հարուցել գործ եւ օպերատիվ
հետաքննություն եք անցկացնում՝ ապացուցելու, որ ես այլ երկրի «լրտես» եմ։ Ի՞նչ
տեղեկատվության հիման վրա է այդ հետաքննությունը վարվում։ Ունե՞ք, արդյոք, դատախազության
եւ դատարանի համապատասխան թույլտվությունը՝ այդ հետաքննությունը վարելու համար։ Մի
քանի անգամ դիմել եմ Ձեզ եւ Ձեր տեղակալներին, որպեսզի ներկայացնեք, թե ո՞ր երկրի
օգտին եմ «լրտեսական գործունեություն» ծավալում Հայաստանում եւ ունե՞մ, արդյոք, համապատասխան
կապի միջոցներ, ստանո՞ւմ եմ, արդյոք, դրամական փոխանցումներ ու հանգանակություններ՝
«սույն գործունեությունը» ծավալելու համար։ Եթե այդ ամենը սուտ է, ապա ինչո՞ւ գեթ
մեկ անգամ հրապարակավ ելույթ չեք ունենում եւ չեք հերքում Ձեր իսկ կողմից եւ Ձեր
հրամանով տարածվող հերյուրանքները։ Սա չի՞ նշանակում, արդյոք, որ Դուք փորձում եք
նման գործելակերպով վարկաբեկել ինձ՝ որպես քաղաքական գործչի՝ կատարելով երկրի ղեկավարության
քաղաքական պատվերը։ ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ – Ինչի՞ հիման վրա եք հարցումներ արել «Յունիստրում»
բանկին՝ ճշտելու, թե ի՞նչ դրամական փոխանցումներ եմ ստանում ես եւ իմ մերձավորները
Մոսկվայից։ Չե՞ք խախտել, արդոք, օրենքներն այդ պարագայում՝ մտնելով մարդու անձնական
կյանքի եւ գործունեության ոլորտը։ Ստանալով պատասխաններ՝ հրահանգե՞լ եք, արդյոք,
տեղեկատվությունը փոխանցել Ձեր կողմից վերահսկվող հասարակական եւ «քաղաքական» գործիչներին,
որպեսզի նրանք լրատվական միջոցներով փորձեն վարկաբեկել ինձ՝ որպես «դրսից ֆինանսավորվող»
քաղաքական գործչի եւ քաղաքական ուժի։ Մասնավորապես 2005թ. նոյեմբերին ԱԱԾ սահմանադրական
կարգի պահպանման վարչության կողմից (պետ՝ գնդապետ Եպիսկոպոսյան) փոխանցվե՞լ է, արդյոք,
այդ տեղեկատվությունը Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին,
որպեսզի նա վարկաբեկիչ գործողություններ իրականացնի իմ նկատմամբ։ ՀԱՐՑ ԵՐՐՈՐԴ
– Ինչի՞ հիման վրա եք հարցումներ արել արտերկրի տարբեր մայրաքաղաքներ՝ ճշտելու, թե
ինչ քաղաքական, տնտեսական կապեր ունեմ ես եւ իմ ազգականները, զբաղվե՞լ են նրանք,
արդյոք, բիզնեսով այդ երկրներում եւ ի՞նչ ֆինանսական միջոցներ ունեն։ Օրենքի ո՞ր
տառի հիման վրա են արվել այդպիսի հարցումները։ Փորձե՞լ եք, արդյոք, ստանալ աջակցություն
օտար երկրների հատուկ ծառայություններից, որպեսզի նրանք խանգարեն ինձ եւ իմ բարեկամներին՝
զբաղվելու համապատասխան օրինական գործունեությամբ՝ թե՛ քաղաքականությամբ եւ թե՛ ձեռներեցությամբ՝
ստանալով օրինական շահույթ։ Այդ հարցումների քանակը չի՞ անցնում, արդյոք, 15-ից։
ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ – Ինչի՞ հիման վրա են համապատասխան դիմումներ հղվել ՀՀ բոլոր
այն ձեռնարկությունների եւ հաստատությունների արխիվներին, որտեղ ես երբեւէ աշխատել
եմ եւ սովորել։ ՀԱՐՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ – Ներդրե՞լ եք, արդյոք, «Նոր ժամանակներ» կուսակցությունում
հետեւյալ ծածկանուններով գործակալներին՝ «Դոկտոր» (հավաքագրվել է 1993թ.-ին), «Մուրադ»
(հավաքագրվել է 1987թ.-ին), «Լեգենդ» (հավաքագրվել է 1990թ.-ին), «Ժուռնալիստ» (հավաքագրվել
է 1989թ.-ին), «Աստղ» (հավաքագրվել է 2000թ.-ին), «Մկնիկ» (հավաքագրվել է 2002թ.-ին)։
Արդյո՞ք նրանց առջեւ դրված չի եղել ՆԺԿ-ն տրոհելու, քայքայելու եւ ինձ վարկաբեկելու
առաջադրանք։ Եթե դա այդպես է, ապա չե՞ք խախտել, արդյոք, ՀՀ համապատասխան օրենքները։
ՀԱՐՑ ՎԵՑԵՐՈՐԴ – Իրագործե՞լ եք, արդյոք, գաղտնալսումներ եւ գաղտնի նկարահանումներ
իմ եւ իմ մերձավորների, ՆԺԿ Վարչության անդամների եւ նրանց մերձավորների առնչությամբ։
Գաղտնալսվե՞լ են, արդյոք, նրանց հեռախոսները, նկարահանվե՞լ են նրանց հանդիպումները։
Այդ պարագայում չե՞ք խախտել, արդյոք, ՀՀ օրենքները։ ՀԱՐՑ ՅՈԹԵՐՈՐԴ – Ճի՞շտ
է, արդյոք, որ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը 2006թ.-ի մարտին
ՀՀ նախագահի մոտ կայացած մի խորհրդակցության ժամանակ ներկայացրել է մի ծրագիր, ըստ
որի՝ պետք է տրոհել ու քայքայել «Օրինաց երկիր» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները,
որին հետեւեց ՕԵԿ-ից որոշ մարդկանց դուրս գալը եւ ՆԺԿ տարածքային կառույցներից մեկի
ղեկավարի հայտարարությամբ դուրս գալը «Նոր ժամանակներից»։ Եթե դա այդպես է, Դուք,
Ձեր տեղակալների հետ միասին, չե՞ք խախտել, արդյոք, ՀՀ օրենքները։ ՀԱՐՑ ՈՒԹԵՐՈՐԴ
– Ի՞նչ տեղեկատվության հիման վրա է որոշում կայացվել՝ իմ թիկնապահներին եւ վարորդներին
հատուկ ստորաբաժանումների կողմից շուրջկալ օպերացիայի ենթարկելու վերաբերյալ, որի
արդյունքում նրանցից վերցրել են օրինական ճանապարհով ձեռք բերված երեք գազային ատրճանակները
(դրանցից մեկն, ի դեպ, մինչ օրս չեն վերադարձրել)։ Օրինակա՞ն էին, արդյոք, Ձեր եւ
հրահանգ ստացած այլ պաշտոնյաների գործողությունները՝ հիշյալ «օպերացիան» իրականացնելիս։
Դրա հիմնական նպատակն ինձ վախեցնելը չէ՞ր, արդյոք, եւ այդ վիճակում նկարահանելն ու
լրատվամիջոցներով ցուցադրելը՝ փորձելով ինձ, որպես քաղաքական գործչի, վարկաբեկել։
Ու երբ այդ ծրագիրը ձախողվեց, Դուք չե՞ք, արդյոք, տարածում այն տեղեկությունը, որ
այդ ամենը արվել է Ձեր կողմից՝ իմ վարկանիշը բարձրացնելու համար՝ ձգտելով կապել ինձ
իշխող վարչախմբի հետ, ինչի արդյունքում հանրության աչքում պետք է վարկաբեկվեր իմ
անձը։ Նման ստահոդ լուրերի տարածմամբ չե՞ք փորձում, արդյոք, կոծկել ճշմարտությունը
եւ արդարացնել ԱԱԾ-ի կողմից իրականացված վերոնշյալ ո՛չ պրոֆեսիոնալ օպերացիայի անցկացումը։
Ստացվում է, որ Դուք արջի ծառայություն եք մատուցում ինձ, որովհետեւ օգնում եք ՀՀ
քաղաքական ղեկավարության հակառակորդին։ ՀԱՐՑ ԻՆՆԵՐՈՐԴ – Չե՞ք կարծում, արդյոք,
որ Հայաստանում բարձրագույն իշխանության շրջանակներում եւ հատկապես հատուկ ծառայությունների
ոլորտում այսօր ձեւավորվել է պետական պաշտոնյաների մի խումբ, ովքեր պատրաստ են իրենց
աթոռը պահպանելու համար դիմել ցանկացած արկածախնդրության՝ կատարելով ցանկացած հրահանգ։
Օրինակ՝ Դուք ժամանակին պաշտոն ստացաք Դավիթ Շահնազարյանի շնորհիվ եւ ձերբակալեցիք
դաշնակցականներին։ Այսօր դաշնակցական իշխանության պարագայում աշխատում եք մեր կուսակցության
դեմ։ Եթե ապագայում մենք գանք իշխանության, այդպես հլու-հնազանդ ծառայելո՞ւ եք մեզ։
Ձեր տեղեկալ Հրաչյա Հարությունյանն ընդհանրապես հետաքրքիր ուղի է անցել։ Ժամանակին
նա «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալելու համար արժանացավ ԽՍՀՄ բարձր պարգեւի, հետո փախավ
Հայաստանից։ Այժմ նա «Ղարաբաղ» կոմիտեի կարկառուն գործընկեր, ՀՀՇ Վարչության նախկին
անդամ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության օրոք ծառայում է վերջինիս։ Եթե ապագայում
մենք գանք իշխանության, նա մեր հրամանով կձերբակալի՞, արդյոք, Ռոբերտ Քոչարյանին։
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Հ. Գ.
– Պարոն Հակոբյան, սա Ձեզ ուղղված բաց նամակի մի մասն է միայն, որը շարունակություն
ունի։ Ի դեպ, փետրվարի 11-ին լրացավ Ձեր 60-ամյակը։ Դուք ունեք գեներալի կոչում։
Թե՛ տարիքի, թե՛ կոչման տեսանկյունից արդեն իսկ ժամանակն է հասկանալ, որ պետք չէ՛
հիմնվել աղջնակ գործակալների տեղեկությունների վրա եւ քաղաքական դաշտին նայել նրանց
աչքերով։ Ձեր պաշտոնն այլ բան է պարտավորեցնում։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել