«Թաթարական»
ինքնավարությո՞ւն Պաշտոնական Բաքուն լուրջ արդյունքներ է ակնկալում
ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի գործունեությունից: Այս մասին,
ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ, ԼՂ հակամարտության
կարգավորման գծով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Ըստ նրա,
նոր համանախագահը լավ ծանոթ է տարածաշրջանին, ինչը կարագացնի վերջինիս ընտելացումը
բանակցային գործընթացին: «Մեթյու Բրայզան փորձառու դիվանագետ է, հոյակապ ծանոթ է
ադրբեջանական իրականությանը: Մենք շատ բան ենք սպասում նրա գործունեությունից»,-
նշել է Ազիմովը: Հիշեցնենք, որ Բրայզան պաշտոնապես կներկայացվի հունիսի 22-ին
Վիեննայում: Բաքվում եղած ժամանակ «Թրենդին» տված հարցազրույցում նա հայտարարել էր,
թե ԱՄՆ-ը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Մենք հավատում ենք,
որ 2006 թվականը «հնարավորությունների պատուհան» կլինի հակամարտության լուծման համար,
եթե նախագահները կարողանան բարդ եւ համարձակ որոշումներ ընդունել դրա կարգավորման
ուղղությամբ»,- ընդգծել էր նա: Դժվար է, իհարկե, կիսել ամերիկացի դիվանագետի
չխամրող լավատեսությունն այն պարագայում, երբ կողմերը շարունակում են խաղաղ կարգավորման
հնարավորությունն ի չիք դարձնող իրենց կոշտ հայտարարությունների շարքը: Մասնավորապես,
Բաքվում Իսլամական համաժողովի կազմակերպության՝ արտգործնախարարների 33-րդ նիստի բացման
ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այդքան չարչրկվող ՄԱԿ-ի բարեփոխումների
շրջանակներում նախ եւ առաջ հարկ է բարեփոխել «որոշումների կատարման մեխանիզմները»,
ինչը հնարավորություն կտար կենսակոչել ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ ՄԱԿ-ի
ընդունած ու «ներկայումս չկատարվող» 4 բանաձերը: «Ադրբեջանը մտադիր է կարգավորել
ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, սակայն մյուս բոլոր տարբերակները
նույնպես պետք է սեղանին լինեն»,- հատուկ նշել է Իլհամ Ալիեւը: Խաղաղ կարգավորման
համար բարենպաստ ֆոն ապահովելու կամ, ավելի ճիշտ՝ այդ ֆոնը ոչնչացնելու տեսակետից
ոչ պակաս ուշագրավ են նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունները:
«Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է գիտակցեն, որ իրենց իսկ բարօրության համար ավելի
շահավետ է մնալ Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության
ղեկավարը: Ի լրումն, խոսելով Ղարաբաղին «աշխարհում երբեւէ եղած ամենաբարձր ինքնավարության
աստիճան տալու՝ Բաքվի պատրաստակամության» մասին, Մամեդյարովը բերել է Ռուսաստանի
կազմում Թաթարստանի Հանրապետության օրինակը: Ի դեպ, երեկ Մեթյու Բրայզան Վրաստանում
ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆֆթի եւ ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերի խորհրդական Բրիջեթ
Բրինքի հետ այցելել է Աբխազիա: Ըստ «Կավկազպրեսի», նրանք մտադիր էին հանդիպել Աբխազիայի
նախագահ Սերգեյ Բագապշի հետ: Սեփ. լր.