Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ում պարզաբանում են

Հունիս 20,2006 00:00

Դրանից տպավորություն ենք ստանում, թե մեր կողքին հրեշտակներ են ապրում, իսկ մենք տեղյակ չենք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը երեկ արձագանքել է ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանի՝ հունիսի 13-ին խորհրդարանում արած հայտարարությանը, որտեղ նա անդրադարձել էր ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման խնդրին՝ մտահոգություն հայտնելով, որ, մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչների առջեւ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում որակավորման քննությունները հանձնելու եւ հանձնաժողովները համալրելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու հարցում:

Ըստ ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանի, պարոն Հարությունյանի այս եւ այլ որակումները, որոնք հնչել են վերջինիս հայտարարության մեջ՝ «չեն համապատասխանում իրականությանը»:

Այսպես, ԿԸՀ-ից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ «ըստ հարգարժան պատգամավորի՝ «…իշխանությունն այսօրվանից արդեն լուրջ պատրաստվում է ընտրություններին…»: Այո, ընտրական իշխանությունը լուրջ պատրաստվում է առաջիկա համապետական ընտրություններին, սակայն ոչ թե «այսօրվանից», այլ դեռեւս 2004-ից՝ ներկայացրել եւ ներկայացնում է առաջարկություններ ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար, ստեղծում համակարգչային ցանց կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջեւ, կատարելով օրենքի պահանջը՝ կազմակերպում ընտրական հանձնաժողովների ապագա անդամների ուսուցում եւ այլն:

«…Իշխանությանը սատարող քաղաքական ուժերն ընդդիմության ներկայացուցիչներին տեղյակ չեն պահում»՝ ենթադրելի է դասընթացների մասին, արձանագրում է պարոն Հարությունյանը՝ մոռանալով, որ իր խոսքի ընդամենը նախորդ պարբերությունում ասվածը՝ ուսուցման հետ կապված «կազմակերպչական աշխատանքները դրվել են տարածքային հանձնաժողովների վրա…», «…այն կոորդինացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:

Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման ժամանակացույցի մասին կուսակցություններին տեղյակ չպահելու ԱԺ պատգամավորի դիտարկմանը, ապա ԿԸՀ նախագահի ասելով՝ «այո, չի պահվում եւ չի էլ պահվելու: Ուսուցման մասին քաղաքացիները տեղեկացվում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ինտերնետային էջի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում պարբերաբար տրվող հայտարարությունների, մարզերում՝ նաեւ տեղական հեռուստաընկերությունների միջոցով, իսկ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններն այդ իմաստով տեղեկատվության պակաս չեն կարող ունենալ, քանի որ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, նրանք ուսուցումը կազմակերպող մշտապես գործող ընտրական հանձնաժողովներում ունեն անդամներ: Չբացառելով ուսուցման գործընթացում հնարավոր բացթողումները, որոնք աշխատանքային կարգով վերացվում են՝ ստիպված եմ արձագանքել նաեւ ուսուցումը որպես «նոր տեխնոլոգիա» որակմանը: Իմ կարծիքով, հարգարժան պատգամավորի կողմից փորձ է արվում կիրառել հին «տեխնոլոգիա», այն է՝ հող նախապատրաստել առաջիկա ընտրություններում հնարավոր պարտության իրական պատճառները քողարկելու համար»,- պարզաբանել է Գ. Ազարյանը:

Նա միայն չի անդրադարձել այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ հատկապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համակիրները չեն կարողանում հաղթահարել հանձնաժողովների անդամների թեկնածուներին առաջադրված որակավորման քննությունները:

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել