Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴՈ՞ՒՐՍ ԹՈՂՆԵԼ

Հունիս 20,2006 00:00

Մինչ խորհրդարանում խորհրդակցում են
«Ընտրական օրենսգրքի» շուրջ, ընդդիմադիրները շարունակում են խոչընդոտների հանդիպել,
որոնց հեռագնա նպատակը հետո նրանց ընտրական հանձնաժողովներում չընդգրկելն է: Գործող
«Ընտրական օրենսգրքի համաձայն»՝ ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի
այն քաղաքացիները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել
են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ:
Եվ մինչեւ 2007-ի համապետական ընտրությունները ԿԸՀ-ն կազմակերպում է ընտրական հանձնաժողովների
անդամության թեկնածուների մասնագիտական որակավորման դասընթացներ: Հուլիսի 21-ից դրանք
անցկացվելու են Երեւանում, եւ հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 14-ը ընդունվում են այդ
դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների դիմումները: Սակայն
երեկ մեր խմբագրություն այցելած մի քանի քաղաքացիներ, որոնք «Ազգային միաբանության»
համակիրներ են, պատմեցին, թե ԿԸՀ-ում ինչ հակազդեցության են արժանացել ուրբաթ՝ հունիսի
16-ին, երբ փորձել են դիմում ներկայացնել որակավորման դասընթացներին մասնակցելու
համար: Դոնարա Մկրտչյանը պատմեց. «Ոստիկանն ինձ թույլ չտվեց, որ բարձրանամ,
գրանցվեմ գրասենյակում: Ասաց, թե իրավունք չունեք ներս մտնել՝ դիմումը տվեք ինձ,
ես կփոխանցեմ: Ասացի, թե ինչպե՞ս կարող եմ իրեն տալ՝ չեմ վստահում, ինքս եմ ուզում
ներկայացնել, որ ստանամ գրանցման կտրոն եւ անձնական համար: Թույլ չտվեց»: Ոստիկանն,
ի դեպ, հետաքրքրվել է, թե ինչ կուսակցություն է ներկայացնում Դոնարա Մկրտչյանը: Միայն
վերջինիս համառ խնդրանքներից հետո ոստիկանը զանգահարել է գրասենյակի աշխատակցին եւ
հարցրել, թե ինչ համար պիտի ասի, եւ փորձել վերցնել դիմումը. «Չէի համաձայնում: Ասացի՝
բա հետո ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ ձեզ դիմում եմ ներկայացրել: Բայց ի վերջո
թողեցի, եկա: Չգիտեմ, թե որքանով կարող եմ համոզված լինել, որ ինձ ընդգրկելու են
դասընթացներում»: Համանման վերաբերմունքի արժանացել էին նաեւ մեր մյուս զրուցակիցները:
Սոս Պետրոսյանը պատմեց. «Ոստիկանը թույլ չտվեց, որ անձամբ ներկայացնեմ դիմումս այն
բաժին, ուր որ հարկն է: Ասաց, թե մեզ կարգադրել են, որ թույլ չտան: Ասացի՝ շատ բարի,
բա ո՞ւմ հանձնեմ դիմումս: Ասաց, որ իրեն տամ: Հարցրի, ո՞ր համարն եմ, հաշվառման կտրոն
տվեք»: Սոս Պետրոսյանը նույնպես ջանքեր գործադրելուց հետո էր կարողացել միայն պարզել
իր անհատական համարը, այն էլ ասել էին՝ «Կարող է, փոփոխություններ լինեն: Ես ասացի՝
իսկ ինչո՞ւ պիտի փոփոխություններ լինեն: Սա կասկածելի է, ուրեմն, պատրաստվում են
ինչ-որ բաներ անել»: Նադեժդա Սայամյանը եւս չէր համաձայնել դիմումը ոստիկանին
հանձնել. «Ասացի, թե ինքս պիտի հանձնեմ, որ իմանամ գրանցման համարը: Եվ երբ տեսան,
որ շատ եմ համառում՝ հարցրին, թե ո՞ր կուսակցությունից եք… Ի վերջո, ոստիկանը ներքին
հեռախոսով զանգեց, վերեւից մի կին իջավ, վերցրեց դիմումս, նայեց եւ ասաց, որ կզանգահարեն:
Հարցրի, թե ո՞րն է համարս: Ասաց, թե չի կարող պատասխանել»: Գառնիկ Պետրոսյանը
եւս հունիսի 16-ին էր դիմումը տարել ԿԸՀ. «Ոստիկանը վերցրեց դիմումս: Ասում եմ՝ բա
ոչ մի գրանցում չկա՞: Պատասխանում է՝ մենք ձեզ կզանգահարենք, կներկայանաք դասընթացներին:
Փաստորեն ոստիկաննե՞րն են մեզ կանչելու»: Ե՛վ Գառնիկ Պետրոսյանը, ե՛ւ մեր խմբագրություն
այցելած մյուս անձինք դժգոհեցին, որ իրենց կուսակցությունը ԿԸՀ-ում չունի ներկայացուցիչ
(Ռոբերտ Քոչարյանը 2005-ի դեկտեմբերից ի վեր այդպես էլ չի հրամանագրում ԿԸՀ-ում ԱՄ
ներկայացուցիչ Զավեն Պլուզյանին), եւ իրենք չեն կարող իրենց ներկայացուցչի միջոցով,
որպես կուսակցության անդամներ, միասնական ցուցակով հայտ ներկայացնել դասընթացներին
մասնակցելու համար: «Հիմա իրենք ինչպես ուզեն՝ այդպես էլ կվերաբերվեն մեզ հետ»,-
ասաց Գառնիկ Պետրոսյանը: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը
մեզնից տեղեկանալով այս բողոքների մասին՝ վստահեցրեց, թե որեւէ միտում չկա դասընթացներից
դուրս թողնելու ընդդիմության ներկայացուցիչներին, եւ նշեց. «Այս պահին ԿԸՀ-ում ընթանում
են վերանորոգման աշխատանքներ: Եվ բացի այդ էլ՝ ընդհանրապես դիմումները մեզ մոտ ընդունվում
են ոստիկանության պահակակետի մոտ: Այնտեղ սեղան է դրված, գրիչ կա եւ դիմումի ձեւ,
որը լրացնելով՝ քաղաքացիները կարող են անձնագրի պատճենի հետ միասին հանձնել համապատասխան
բաժին՝ մեր համակարգչային կենտրոն: Այստեղ են ընդունվում դիմումները, մուտքագրում
համապատասխան գրանցամատյանում եւ քաղաքացուն անմիջապես տալիս կտրոն, որի վրա գրված
է, թե ինքը որ խմբի հետ, որտեղ եւ որ ժամին պետք է գնա դասընթացների»: Բողոքներից
դատելով՝ վերոնկարագրյալ կարգը բոլորովին չի պահպանվել մեր նշած դեպքերում: Ծովինար
Խաչատրյանը չկարողացավ ասել, թե ինչու է նման վիճակ առաջացել. «Առաջին երկու օրերը,
երբ նոր էին ընդունվում դիմումները, հնարավոր է, որ նման թյուրիմացություններ եղած
լինեն: Ամեն դեպքում, հիմա աշխատանքները կազմակերպվում են արդեն նորմալ ընթացքով»:
ԿԸՀ նախագահի խոսնակը հեռախոսահամար տրամադրեց՝ 56-31-29, որով կարող են զանգել,
եթե ուզում են տեղեկություններ ստանալ գրանցման մասին: Իսկ մինչ այդ՝ «Արդարություն»
դաշինքի ներկայացուցիչը ԱԺ նախագահի՝ երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ առաջարկել
է մինչեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխված տարբերակի ընդունումը դադարեցնել ընտրական
հանձնաժողովների ապագա անդամների արդեն իսկ անցկացվող ուսուցումը: Իրոք, ի՞նչ կարիք
կա մարդկանց սովորեցնել ընտրություններ անցկացնել մի օրենսգրքով, որը փոխվելու է
աշնանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. «Ազգային
միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն «Արմինֆո»-ին ասել է, որ ընդդիմության
առաջարկություններն ուղարկելով Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը՝ կառավարող ուժերը
հատուկ աղավաղել են դրանց էությունը անգլերեն թարգմանելիս, ինչի հետեւանքով Վենետիկի
հանձնաժողովի փորձագետները բացասական գնահատական են տվել իրենց որոշ առաջարկություններին:
Այսպես, Վենետիկի փորձագետները բացասական գնահատական են տվել ընտրական տեղամասերում
տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ ԱՄ առաջարկությանը, քանի որ կարծել են, թե առաջարկվում
է տեսախցիկներ տեղադրել ընտրական խցիկներում, ինչը մարդու իրավունքների խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել