ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ չորրորդ
ՆՍՏԱԿՅԱՑ ՎԻՃԱԿՆԵՐ
– Հիմի մեր տնեցիք կանհանգստանան,- Հրաչին ասացի ես:
– Էդ արդեն նորություն ես ասում,- ասաց Հրաչը.- որ օրերով էն Սամոյենց պադվալից դուս չես գալի՝ չես մտածո՞ւմ, որ տնեցիք կանհանգստանան: Թե՞ արդեն ղումար խաղալը թարգել ես:
– Էս սավսեմ ուրիշ վարիանտ ա,- ասացի ես.- սիգարետ էի առնելու ու էլի հետ էի գնալու տուն:
– Ոչինչ,- ասաց Հրաչը.- ձերոնք որ սաղ վարիանտներին վարժվել են՝ էս վարիանտին է՛լ կվարժվեն:
– Էս վարիանտը դժվար թե պատկերացնեն,- ասացի ես:
– Սեւանից կոդով կզանգես տուն,- ասաց Հրաչը:
– Մինչեւ հեռախոս ճարենք՝ օրը կանցնի ու հետ կգանք տուն,- ասացի ես:
– Էլի՞ երազանքների գիրկն ընկար,- ասաց Հրաչը:
– Ի՞նչ երազանքներ,- հարցրի ես:
– Կարող ա՞ էսքան ժողովրդով հասնենք Սեւան ու գիշերը չմնանք:
– Ո՞նց թե,- շշմեցի ես:
– Հենց ըտե՛նց,- ասաց Հրաչը.- կարող ա՞ էսքան մարդով հասնենք Սեւան ու նույն օրը հետ գանք:
– Այսի՛նքն,- կարկամեցի ես:
– Այսինքն, էսօր գիշերը կմնանք, վաղը երեւի հետ գնանք Երեւան,- ասաց Հրաչը:
Արդեն Ֆանտանի մոտերքում էինք, եւ արդեն ծիծաղելի կլիներ պահանջել, որ Յուրան ավտոմեքենան կանգնեցնի:
– Բա խի՞ նախօրոք չէիր ասում, որ գիշերը Սեւանում ենք մնալու,- շիվարած հարցրի Հրաչին:
– Նախօրոք որ հարցնեիր՝ կասեի,- ասաց Հրաչը:- Համ էլ՝ ի՞նչ տարբերություն. հիմա՛ եմ ասում:
– Շատ մեծ տարբերություն,- ասացի ես:- Բա գիշերը որտե՞ղ ենք մնալու:
– Արխայի՛ն, Արմե՛ն ջան,- ասաց Հրաչը.- ծանոթ տղերք կան՝ ափին մի քանի հատ դոմիկ ունեն. իրանց էդ դոմիկներում ենք մնալու: Հետներն արդեն պայմանավորվել եմ:
– Ասում ես՝ կարա՞նք կոդով Երեւան զանգենք,- հարցրի ես:
– Առանց կոդի ո՞նց Երեւան կզանգես,- զարմացավ Հրաչը:
– Ուզում եմ ասեմ՝ կոդ կա, չէ՞,- հարցրի ես:
– Կոդ կա,- ծիծաղեց Հրաչը.- դու ասա՝ հեռախոս ըլնի:
– Հեռախոս չկա՞,- անկախ ինձանից գոռացի ես:
– Մի՛ գոռա,- ծիծաղեց Հրաչը.- հիմի արդեն շեֆդ չեմ, որ քեզանից վախենամ:
– Մարդ չեք,- հույսս ամեն ինչից կտրելով՝ ասացի ես:
– Ե՞ս ինչ մեղք ունեմ, պարո ՛ն Շեկոյան,- զարմացավ Յուրան:
– Մարդ չեք,- նորից ասացի ես:
– Բայց ե՞ս ինչ մեղք ունեմ,- նորից զարմացավ Յուրան:
– Քե՛զ չի ասում, Յուրա՛ ջան,- ծիծաղեց Հրաչը.- ուղղակի հետս հոգնակի ա խոսում:
– Լափ էլ իրա՛ն եմ ասում,- ասացի ես.- մեռա ասելով՝ մեքենան կանգնեցնի:
– Կներես, Շեկոյա՛ն ջան,- ասաց Յուրան.- շեֆիս խոսքից չէի կարա դուս գամ:
– Շատ անջիգյար մարդ ես,- ինձ ասաց Հրաչը.- կոլեկտիվդ քեզ կարոտում ա, աղջկերքն ամեն օր հարցնում են՝ Արմենն էս խի՞ չի էրեւում: Մեզ չես կարոտում՝ գոնե աղջկերքին կարոտեիր:
Ես հասկացա, որ այլեւս խոսելն անիմաստ է, մանավանդ որ՝ արդեն Հրազդան էինք մտնում: Յուրան շատ արագ էր քշում. ըստ երեւույթին՝ մտքինը կոլեկտիվի ավտոբուսին հասնելն էր:
– Դե ձեն հանի,- ինձ ասաց Հրաչը.- որ ձեն չես հանում, ուրեմն՝ ասածներս ընդունում ես:
– Ո՞ր ասածներդ եմ ընդունում,- հարցրի ես:
– Ընդունում ես, որ շատ անջիգյար մարդ ես,- ասաց Հրաչը:
– Ուղղակի խոսալս չի գալի,- ասացի ես:
– Խոսալու տեղ որ ունենաս՝ լավ էլ կխոսաս,- ասաց Հրաչը:
– Երեւի ես է՛լ պիտի մի քանի բաժակ քցած ըլնեի, որ իրար հասկանայինք,- ասացի ես:
Հրաչը սովորաբար շատ ուշ էր հարբում, եւ եթե արդեն իր խմածությունն զգացվում էր, ուրեմն՝ առնվազն մի շիշ դատարկել էր:
– Մի րոպե կանգնի՛, Յուրա ջան,- ասաց Հրաչը:
– Ինչի՞,- զարմացավ Յուրան:
– Էն թթի արաղը հանի՝ Արմեն ախպորս հետ էս ծառերի տակ մի-մի հատ փորձենք,- ասաց Հրաչը:
– Ես էլ ուզում էի մերոնց ավտոբուսին հասնեմ,- մեքենան արգելակելով՝ ասաց Յուրան:
– Ավտոբուսին էլի՛ կհասնես, – ասաց Հրաչը.- համ էլ՝ իրանք էդ դոմիկների տեղը գիտեն:
– Դո՛ւք գիտեք, պարո՛ն Թամրազյան,- ասաց Յուրան:
– Էս սաղին պարոն ես ասո՞ւմ, Յուրա՛,- հարցրի ես:
– Հա՛, պարո՛ն Շեկոյան,- ծիծաղեց Յուրան:
– Ինձ էլ թվում էր՝ ի՛նձ ես ձեռ առնում,- ասացի ես:
– Բա էղա՞վ, պարոն Շեկոյան,- ծիծաղեց Հրաչը:- Ո՞վ կարա քեզ ձեռ առնի:
– Մեծ աշխարհ ա,- ասացի ես.- ամեն ինչ էլ հնարավոր ա:
– Արդեն ահագին վախտ ա՝ մեր հրատարակչության աշխատողներն իրար պարոն ու տիկին են ասում,- ասաց Յուրան:
– Դե լավ ա,- ասացի ես:
– Պետություն ենք կառուցում,- ժպտաց Հրաչը.- կարող ա՞ գիտես՝ մուկ ենք տշում:
– Առանց զակուսկի ե՞ք խմելու, պարո՛ն Թամրազյան,- մեր բաժակները լցնելով՝ հարցրեց Յուրան:
– Մենք հո ալկաշ չե՞նք, որ առանց զակուսկի խմենք,- ասաց Հրաչը:
– Բագաժնիկի մեջ հաց ու երշիկ կա, հիմա կբերեմ,- ասաց Յուրան՝ լիքը բաժակներն ինձ ու Հրաչին տալով:
– Ես չեմ խմում,- նեղացած ասացի ես:
– Քեզ որ մնար՝ Սեւան է՛լ չէիր գա,- Յուրայի ձեռքից բաժակները վերցնելով ու բաժակներից մեկն ինձ տալով՝ ասաց Հրաչը:
– Հո զոռով չի՞,- ասացի ես.- չե՛մ խմում:
– Մեր ախպերության կենացը,- ասաց Հրաչը:- Խմե՛նք:
– Չե՛մ խմում,- ասացի ես:
– Մեր ախպերության կենացը չես ուզո՞ւմ խմես,- զարմացավ Հրաչը:
– Ախպերությունը միակողմանի չի ըլնում,- ասացի ես:
– Լավ էլ ըլնում ա,- ասաց Հրաչը.- էս քանի տարի ա՝ կորել ես, բայց մենք քեզ կարոտում ենք՝ քիչ ա, հետներս Սեւան է՛լ ենք տանում:
– Ես չեմ խնդրել, որ ինձ Սեւան տանեք,- նեղացած ասացի ես:
– Խնդրելով չի,- ասաց Հրաչը.- մարդ կա՝ շատ ա խնդրում, բայց չենք տանում:
– Էս Սեւանը քթի՛ցս ա գալու,- ասացի ես:
– Բարո՛վ տեսանք,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Հրաչն ու մի շնչում բաժակը դատարկեց:
– Որը որ բարին ա՝ թող էն էլ ըլնի,- ասացի ես ու խմեցի:
– Մի հատ էլ չքցե՞նք,- ինձ նայեց Հրաչը:
– Չէ,- ասացի ես:
– Որ չես ուզում՝ չեմ զոռի,- ասաց Հրաչը:
Յուրան մեզ մեկական արդեն պատրաստի բուտերբրոդ տվեց, ու նորից ճամփա ընկանք:
– Արաղը վատն է՞ր,- արդեն մեքենայի մեջ ինձ հարցրեց Հրաչը:
– Շատ լավն էր,- ասացի ես:- Էս ե՞րբ ես հասցրել քեֆդ լավացնել:
– Զգացվում ա՞,- զարմացավ Հրաչը:
– Մի քիչ,- ասացի ես:
– Էս արաղի հետեւից էինք գնացել,- ասաց Հրաչը:
– Ո՞ւր էիք գնացել,- հարցրի ես:
– Էս արաղի համար առավոտ գիշերով Արտաշատ էինք հասել,- ասաց Հրաչը.- Յուրայի հորոխպոր քաշածն ա:
– Խաղողի ա, չէ՞,- հարցրի ես:
– Չհավանեցի՞ր, պարոն Շեկոյան,- հարցրեց Յուրան:
– Շատ լավն էր,- ասացի ես:
– Ինչքան զոռեցի՝ Յուրայի հորոխպերը փողը չվերցրեց,- ասաց Հրաչը:
– Ամոթ չի՞, պարոն Թամրազյան,- ասաց Յուրան:
– Ամոթս ո՞րն ա, ա՛յ Յուրա,- ասաց Հրաչը.- կարող ա՞ էդ մարդիկ էս արաղը հատուկ մեր համար են քաշել:
– Իրանք էս արաղը ծախելու նպատակով չեն քաշում,- ասաց Յուրան:- Իրանք էս արաղը բարեկամների մեջ են բաժանում. հաշվենք՝ էս մի քանի լիտրն էլ իմ փայն էր:
– Մի ահագին էլ իրանց տանը խմեցի,- ասաց Հրաչը:
– Իրանք էլ ձեր հետ հավասար խմեցին,- ասաց Յուրան:
– Չտեսնված մարդիկ էին,- ասաց Հրաչը.- չէին թողում սեղանից վեր կենանք: Ճիշտն ասած՝ էս արաղի փողն ուզում էի տամ, բայց հենց ձեռս ջեբս տարա՝ Յուրան ընենց թարս նայեց, որ տեղումս քարացած մնացի:
– Փողի մասին նույնիսկ խոսալն ա ամոթ,- ասաց Յուրան.- որ փողով ըլներ՝ Երեւանի՛ց արաղը կառնեինք. էլ խի՞ էինք Արտաշատ հասնում:
– Երեւանում ըսենց արաղ դժվար թե ճարեինք,- ասաց Հրաչը:
– Պարզ ա,- ասաց Յուրան.- դրա համար էլ հասանք Արտաշատ:
– Արժեր,- ասաց Հրաչը:- Ասում ես՝ մի-մի հատ էլ չքցե՞նք, Արմենչո՛:
– Չէ,- ասացի ես.- բարով-խերով տեղ հասնենք՝ էնտեղ կշարունակենք:
– Բարով-խերով կհասնենք, բարով-խերով էլ հետ կգանք. ընենց որ՝ շատ դարդ մի՛ արա, ախպե՛ր ջան,- ասաց Հրաչը:
– Դարդ չեմ անում,- ասացի ես.- ուղղակի վախենում եմ՝ տնեցիք շատ անհանգստանան:
– Ձեր տնեցիք սովոր են,- ասաց Հրաչը:
– Մեր ավտոբո՜ւսը, պարո՛ն Թամրազյան,- բացականչեց Յուրան:
– Հա, մերո՛նք են,- ուրախացավ Հրաչը:- Լավ էլ հետեւներից հասար: Յուրա՛ ջան, իրանցից առաջ անցի, սիգնալ տուր՝ թող կանգնեն:
– Ինչի՞ ես ուզում կանգնեն,- հարցրի ես:
– Էս ծառերի տակ՝ մաքուր օդին մի-մի թաս է՛լ խմենք,- ասաց Հրաչը:
– Սեւանի օդն ավելի՛ մաքուր ա,- ասացի ես:
– Սեւանը չի՛ փախնի,- ասաց Հրաչն ու ավելացրեց.- սիգնալ տուր՝ թող կանգնեն, Յուրա՛ ջան:
Յուրան ավտոբուսից առաջ անցավ, ազդանշան տվեց, եւ մեր ավտոմեքենան ու ավտոբուսն աջ քաշվեցին ու կանգ առան:
Իննսունհինգ թվականն էր: Պատերազմն արդեն ավարտվել էր, լույսերն արդեն կային, եւ մի քանի տարի առաջ «Նաիրի» վերանվանված նախկին «Սովետական գրող» հրատարակչության կոլեկտիվի տրամադրությունը շատ բարձր էր:
«Նախկին» ասացի ու անմիջապես հիշեցի հիսունականների վերջերը, երբ մայրս ուսուցչուհի էր աշխատում Կայարանի թիվ 6 դպրոցում, որը նախկինում Կագանովիչի անունն էր կրել, եւ չնայած մի քանի տարի արդեն էդ դպրոցն Իսահակյանի անունն էր կրում, բայց մարդիկ դեռեւս էդ դպրոցը որպես Կագանովիչի դպրոց գիտեին, եւ երբ մորս հարցնում էին՝ «որտե՞ղ ես աշխատում», մայրս պատասխանում ու ասում էր՝ «նախկին Կագանովիչի դպրոցում», ու ահագին ժամանակ ինձ թվում էր, թե էդ «նախկինը» Կագանովիչի անունն է:
Վերադառնամ Թամրազյան Հրաչին, որպեսզի Հրաչի հետ կապված պատմությունն էլ կարճ կապելով ու արագ ավարտելով՝ վերստին վերադառնամ ավագ Թամրազյանին ու յոթանասունականների կեսերը, ուր կանգ էի առել, ավելի ճիշտ՝ ո՛չ թե կանգ էի առել, այլ Լիզայի հետ գիրկընդխառն պարում էի Նորոյի «Երեքնուկի» երանավետ ելեւէջների ուղեկցությամբ:
Ես արդեն մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլի եմ կրկնում, որ ժամանակային էս թռիչքներն ինձ մոտ ո՛չ թե ինչ-որ նպատակային ու ոճական շեղումներ են, այլ ընդամենը՝ պոեզիայից հանկարծակի արձակի անցած մեկի չափազանց հիմար վիճակ, ու հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ ինձ համար ո՛չ միայն էս հիմար ու սկսնակային վիճակներն են պարտադիր, այլեւ անխուսափելի ու պարտադիր էր նաեւ ոտանավորը թարգելս, որովհետեւ ճիշտ ժամանակին գլխի ընկա, որ ոտանավորներով անհնար է զարմացնել որեւէ միջին հայի՝ ներառյալ ազգականներս ու ազգուտակս, եւ եթե մեծամտությանս պատճառով գրողների շրջանում ոտանավորի գծով արդեն կոնկուրենտ չէի գտնում, ազգականներիս մեջ դրանք պարզապես լիքն էին, ընդ որում՝ հավասարապես լիքն էին թե՛ հորս եւ թե՛ մորս ազգականների մեջ, ու հիմա հետզհետե համոզվում եմ, որ մերոնց մեջ դա միանգամայն գենետիկ երեւույթ է, որովհետեւ, եթե մտածեմ, որ հորս կամ փոքր քեռուս՝ Գագոյի բնաստեղծական տվյալներն ու հանգավորելու բացառիկ ընդունակությունները զուտ պատահականություն են եղել, ապա ոչ մի կերպ չեմ կարող պատահականություն համարել քրոջս երեք որդիների, ինչպես նաեւ հենց ի՛մ հանգաբանելու մոլուցքը, եւ եթե ես ու քրոջս միջնեկը հանգավորելու էդ գործն արել ենք գրիչով ու միանգամայն կանխամտածված, ապա քրոջս մեծն ու փոքրն էդ նույն գործն անում են ոտի վրա՝ էքսպրոմտ ու հանպատրաստից, ու սրանից մի քանի օր առաջ էլ, երբ քրոջս հարեւան Օֆիկը քրոջս փոքրին՝ Դավիթին խնդրեց իր գրած հանաքներից որեւէ բան հիշել ու արտասանել, ու մինչ Դավոն կմտածեր ու կհիշեր, քրոջս մեծը՝ Վարդանը եղբորից առաջ ընկնելով՝ արտասանեց ու ասաց. «Ես Դավոն եմ, քաջ Դավոն, /Հարեւանն եմ Օֆիկի, /Բայց ինձնից լավ են ապրում /Շունն ու կատուն Լըֆիկի»:
Դուք էլ երեւի արդեն համոզվեցիք, որ իմ գերդաստանի անդամներին չափազանց դժվար է ոտանավորով զարմացնել: Այսինքն, ինձ համար էլի դուք եք մնում ու արդեն էս արձակս, եւ եթե ձեր զարմանալու ռեսուրսները վերջնականապես սպառված չեն, կարող եք «Նաիրի» հրատարակչության կոլեկտիվի հետ մի քիչ ժամանակ անցկացնել Սեւանի ափին, ու էդ օրվա էդ պիկնիկը ձեզ երեւի ավելի՛ հաճույք պատճառի, քան՝ ինձ պատճառեց, քանի որ ես էդ օրուկեսն ամենասուր փշերի վրա անցկացրի, որովհետեւ, էլի եմ ասում, առավոտյան տնից դուրս եկա ու գնացի ծխախոտի եւ, փաստորեն, չվերադարձա:
Արդեն մի քանի տարի էր՝ տնափոխության մոլուցքով էի վարակված, եւ արդեն մի քանի տարի էր՝ ծնողներիցս առանձնացել ու նորակազմ ընտանիքիս հետ կինո «Հայրենիքի» մոտերքում էի ապրում, եւ արդեն մի տարի էր՝ հայրս վերջնականապե՛ս էր լույս դառել, ու հորս մահից հետո վերջնականապես էի տղամարդացել, որովհետեւ ճակատագրի հեգնանքով մայրս, կինս ու երկու աղջիկ երեխեքս իմ հույսին էին, ու ճակատագրի հեգնանքով դրանք հենց է՛ն տարիներն էին, երբ ես «Poker»-ի մեջ ոտովգլխով էի խրված, ու չնայած էդ օրերին մի ոտս տանն էր, մյուսը՝ մեր էդ «Հայրենիքի» տանը, բայց հիմնականում Սամոյենց պադվալում օրուգիշեր «Poker» էի խաղում, ավելի ճիշտ՝ ո՛չ թե խաղում էի, այլ, որպես օրենք, տանուլ էի տալիս, ու էդ օրերի միակ սփոփանքս էն էր, որ ուշ տուն գնալուս կամ ընդհանրապես տուն չգնալուս համար որեւէ մեկը չէր տառապում. մայրս մտածում էր՝ «Հայրենիքի» էդ տանն եմ, կինս էլ մտածում էր՝ մորս տանն եմ, իսկ ես Կոնդի Սամոյենց էդ պադվալում էի, ու արդեն երեք տարի էր՝ էդ պադվալում մեր «Poker»-ը շուրջօրյա էր, ու չնայած էդ թվերին Թումանյանի թանգարանի ոչ բարով տնօրենն էի, բայց օրերով գործի չէի գնում, ու եթե գնում էլ էի, մի հատ ճիկ էի անում՝ աղջկերքի հետ մի հատ սուրճ էի խմում ու էլի վերադառնում էի պադվալ, ու իմ բախտից թանգարանն ու էդ պադվալն իրար շատ մոտ էին, ու իմ բախտից էդ թվերին Միքայելյան Մուշեղի խնդրանքով զուգահեռաբար նաեւ դաշնակների մշակութային «Վարուժան» ամսաթերթն էի խմբագրում, ու էդ ամսաթերթի ռոճիկն ու հոնորարներն էլ էդ թվերի համար շատ հարմար էին, ու էդ թերթն էլ էի, փաստորեն, Սամոյենց էդ պադվալում խմբագրում, ու էդ պադվալի տեղը հեղինակներս գիտեին ու իրենց նյութերը պադվալ էին բերում, ու էդ «Վարուժան» ամսաթերթից եկամուտս էնքան էր, որ, փաստորեն, լիուլի հերիքում էր, որ ամբողջ ամիս խաղայի ու տանուլ տայի, չնայած, հիմա որ հիշում եմ, փողը երբեմն քչություն էր անում, ու չնայած մի քիչ առաջ ասացի, թե մայրս, կինս ու երեխեքս էդ թվերին իմ հույսին էին, բայց հենց հիմա հիշեցի, որ մայրս էդ թվերին դեռեւս աշակերտ էր պարապում, ու երբ «Poker»-ի իմաստով փողս քչություն էր անում, մորս օգնությանն էի երբեմն-երբեմն դիմում, իսկ թանգարանի տնօրենի աշխատավարձս մինչեւ վերջին կոպեկը կնոջս էի տալիս, ու կինս թանգարանի էդ փողով ծերը ծերին էր հասցնում, ու իրենց մտքով հեչ չէր էլ անցնում, որ խաղում էի, ու էս առումով հիմա նաեւ հիշում եմ մեր ճանաչված դերասան պոկերիստի ասածը՝ «տնեցիներին խաբում ասում ենք՝ գնում ենք բոզի, գալիս էստեղ՝ ղումար ենք խաղում», ու էս պահին մեր էդ ճանաչված դերասանի անունը չնշելս, փաստորեն, պարտադիր է, որովհետեւ, ի տարբերություն ինձ, մեր մյուս մտավորական պոկերիստները չեն սիրում, երբ իրենց անունն էդ խաղի հետ է կապվում, ու չնայած մեր դերասան, գեղանկարիչ, գիտնական ու պաշտոնյա պոկերիստներն էդ խաղը, որպես կանոն, դերասանությունից, գեղանկարչությունից, գիտությունից ու մինչեւ անգամ պաշտոնից բարձր են դասում, բայց գերադասում են էդ խաղի առումով հասարակությունից թաքնված մնալ, ու էդ բարդույթն ու էդ մտայնությունն, ըստ ամենայնի, սովետական ժամանակներում էին ձեւավորվել ու առաջացել, որովհետեւ Սովետի օրոք բոլոր էդ փողով թղթախաղերը քրեորե՛ն էին պատժելի, ու ես էդ առումով եւս բացառություն եմ ու ո՛չ միայն երբեւէ չեմ թաքցրել թղթախաղի էդ, ուրեմն, հակումներս, այլեւ տեղին-անտեղի հպարտանում ու պարծենում եմ իմ էդ թուլությամբ, ու իմ էդ թուլությունը բառի բուն իմաստով է թուլություն, որովհետեւ իմ խաղալն ու իմ տանուլ տալը գրեթե հոմանիշներ են, մանավանդ որ՝ էդ ասպարեզում միշտ սկսնակ եմ եղել ու հիմա է՛լ եմ սկսնակ, չնայած, այդուհանդերձ, միշտ գերադասել ու գերադասում եմ էդ ասպարեզում առանձնապե՛ս վտանգավոր գիշատիչների հետ «Poker»-ի սեղան նստել, ու քիչ է որ՝ էդ խաղի նրբությունների մեջ չեմ հաջողացնում մինչեւ վերջ խորանալ, մյուս կողմից էլ՝ իմ բնական տվյալներն են հակասում էդ խաղի բուն տրամաբանությանը, եւ ինչպես մեր ճանաչված մաթեմատիկոսն էր ասում ու կրկնում՝ «Արմենի դեմքի գույնի փոփոխությունից կարաս անսխալ ասես, թե ձեռը քանի հատ տուզ կա», ու հիմա իր էդ ասածը հիշելով՝ մտածում եմ, որ մեր դերասան, մաթեմատիկոս, գեղանկարիչ եւ այլ պոկերիստները հենց է՛դ նպատակով էին մորուք պահում, այսինքն՝ որ իրենց դեմքի գունային փոփոխությունները հակառակորդը չտեսնի, բայց, այդուհանդերձ, անձամբ ի՛մ դեմքի գույների հաճախակի վայրիվերումները չէին կարող շարունակական պարտություններիս հիմնական պատճառը հանդիսանալ, որովհետեւ իմ հիմնական պարտությունները տեղի էին ունենում պատերազմական մեր հիմնական հաղթանակներին զուգահեռ, եւ Սամոյենց պադվալում մոմի լույսի տակ դժվար թե որեւէ մեկը նշմարեր դեմքիս գունային փոփոխությունները, մանավանդ որ՝ էդ թվերին դեմքիս կարմրությունը տեւական էր, քանի որ ուրիշները ռազմաճակատում կռվում ու հաղթում էին, իսկ ես Սամոյենց պադվալում մի գլուխ պարտություններ էի իմ հաշվին գրանցում, ու որ հիմա հիշում եմ, էդ թվերի հետ կապված միակ արդարացումս էն է, որ Սամոյենց պադվալում մեզ հետ մշտապես խաղացող մի քանիսն էլ կային, որ հիմա հեռուստացույցով մշտապես որպես պատերազմի չափազանց ակտիվ մասնակից են ներկայանում եւ ուժային նախարարություններում էլ միանգամայն լուրջ պաշտոններ են զբաղեցնում ու շատ հնարավոր է, որ էս ընթացքում «Poker»-ն էլ թարգած լինեն, մինչդեռ էս ընթացքում ինձ հաջողվեց ընդամենը պոեզիան թարգել, եթե, իհարկե, համարենք, որ հանգաբանությունը պոեզիայի հետ որեւէ առնչություն ունի, եւ եթե մեր հանգաբան ցեղից միայն ի՛մ մտքով է անցել հանգաբանությունը տարիներ շարունակ պոեզիայի տեղ ձեզ վրա նաղդել, դա ամենեւին չի նշանակում, թե մեր ցեղի ամենաշնորհքովը հանգաբանության առումով հենց ե՛ս եմ, եւ եթե գրողական շրջանակներում ինձ չհաջողվեց հանգաբանության գծով լուրջ կոնկուրենտ գտնել, մեր ցեղի մեջ կոնկուրենտներ միշտ էլ ունեցել եմ, եւ եթե գրողական մեր միջին ու նորագույն սերունդներն ինձ գլխի չգցեին, որ հանգաբանությունն ու պոեզիան միանգամայն տարբեր բաներ են, ես երեւի առ էսօր էլ շարունակեի էդ անլուրջ ու անշնորհակալ աճպարարությունն ու աջբատեսությունը, մանավանդ որ՝ անհանգ ու ազատ բանաստեղծությանն էլ ի՛նքս երբեւէ լուրջ չեմ վերաբերվել, չնայած մեր հանգաբան ցեղում էդ անհանգ ու ազատ բաներով զբաղվողներ է՛լ են պատահել ու պատահում, եւ երբ անցած տարի քրոջս միջնեկը բանակից վերադարձավ, իր դեմբելսկի պայուսակում զանազան լուսանկարների կողքին քույրս երկյուղածությամբ մի ամբողջ ընդհանուր տետր անհանգ բանաստեղծություն հայտնաբերեց, եւ քրոջս երկյուղածությունն ամենեւին անծանոթ չէր ինձ, քանի որ ժամանակ առ ժամանակ աղջկաս ուսանողական տետրակներում ես է՛լ եմ անհանգ ինչ-որ տվայտանքներ հայտնաբերում:
Այսինքն, պոեզիան թարգելով՝ ես ամենեւին չեմ դադարել բացիլակիր ու վարակ տարածող հանդիսանալ մերոնց ու երբեմն նաեւ այլոց համար, եւ հիմա էս արձակովս փորձում եմ ազատվել ներսերիս պատերից դժվարությամբ քերվող ամենավերջին մնացուկներից եւ, աչքով չտամ, կարծես թե հաջողվում է, ու ես հիմա մոտավորապես է՛ն վիճակում եմ, ինչ վիճակում հայտնվում են ծխելը մի քանի շաբաթ թարգածները. տարիներ շարունակ ներսդ կուտակված սեւահեղուկներն ու զանազան կեղտաջրերը միջիցդ սկսում են դուրս հորդել, եւ ինչքան տհաճ ու զզվելի են էդ սեւալորձերն ու կիսահեղուկները, էնքան հաճելի է է՛ն զգացողությունը, որ դու ազատվում ես էդ, ուրեմն, ամեն տեսակի կեղտաջրերից, ու ես պոեզիայի առումով հիմա հենց էդ վիճակի մեջ եմ, ու համեմատությունս էլ գրեթե ճշգրիտ է, քանի որ ութսունականների կեսերին մի անգամ հաջողացրի ծխելը մի քանի շաբաթով թարգել:
Ասվածից, իհարկե, կարող էի եզրակացնել, որ պոեզիան մոլորություն ու թուլություն է՝ ինչպես, ասենք, ծխախոտն ու նարկոտիկներն են, եւ կարող էի հայտարարել, որ ահա արդեն ազատվում եմ էդ մոլորությունից ու թուլությունից, բայց հիմա՝ հենց հիմա նաեւ զգում ու հասկանում եմ, որ երբեւէ էնպես ու էնքան մոլորված չեմ եղել, ինչպես հիմա՝ հենց հիմա արձակի էս բավիղներում ու ոլորաններում եմ մոլորվել, ու երբեւէ իմ իսկ թուլությունն ու անզորությունն էնքան որոշակի չեմ զգացել, ինչքան հիմա էս անվերջանալի էջերի առիթով եմ զգում, ու խոսքս ո՛չ միայն էս գործիս արհեստային ու արվեստային բարդություններին ու դժվարություններին է վերաբերում, այլեւ ու հիմնականում ժամանակային եւ տարածքային ամբողջականությանն ու անպարփակությանը, ինչպես նաեւ՝ էդ ամենի անմիաբանությանը, ու հիմա էդ ամենն ինձ՝ մի ամբողջ կյանք թռի-վռի ապրածիս նստակյաց կյանք եւ նստակյաց տաժանակրություն է պարտադրում:
Այսուհանդերձ, ես իմ էս նստակյաց վիճակում պարտավոր եմ ահա տեղաշարժվել եւ տեղաշարժվելով գնալ ու հասնել իննսունհինգի Սեւանի էդ ափն ու «Նաիրի» հրատարակչության իմ երբեմնի կոլեկտիվին, իսկ ավելի ճիշտ՝ ես Սեւանի էդ ափն ու երբեմնի կոլեկտիվիս հասնելով՝ պարտավորված եմ հետադարձ մի թռիչքով վերստին հասնել յոթանասունվեցի օգոստոսի յոթ ու «Սեւան» ռեստորան, ուր Լիզայի հետ իմ տանգոն եմ շարունակելու, որովհետեւ Նորոն, ի բարեբախտություն մեզ, մի գլուխ շարունակում ու չէր ավարտում «Երեքնուկը»: