Սեյսմամեկուսացումը Հայաստանում զարգանում է 1993-ից եւ մինչեւ այսօր մեր երկրում կառուցվել է 30-ից ավելի սեյսմամեկուսացված շենք: Այս թվով մենք առաջատար ենք ամբողջ աշխարհում:
Երեկ Ամերիկյան համալսարանում «Արդի հակասեյսմիկ տեխնոլոգիաները եւ սեյսմիկ վտանգի նվազման գործում դրանց դերը» թեմայով ասուլիսի ժամանակ այսպես ասաց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Հակասեյսմիկ տեխնոլոգիաների միջազգային ընկերակցության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ հունիսի 15-17-ը Ամերիկյան համալսարանում անցկացվում է «Սեյսմամեկուսացված բարձրահարկ շենքեր» թեմայով միջազգային համաժողով: Այս ընթացքում անցկացվեցին գիտական նիստեր, կազմակերպվեց ցուցահանդես:
Այսօր կկատարվի տեխնիկական այցելություն դեպի «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի բարձրահարկ սեյսմամեկուսացված շենքեր: Համաժողովին մասնակցում են աշխարհի 9 երկրից (ԱՄՆ, Իտալիա, Իրան, Ղրղըզստան, Ճապոնիա, Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սլովակիա) 42 մասնագետ, ովքեր սեյսմամեկուսացման հիմնադիրներն են իրենց երկրներում: Համաժողովի նպատակը, նրանց կարծիքով, աշխատանքների գնահատումն է, երկրների փորձի փոխանակումը: Օրինակ, Իտալիայից ժամանած Ալեքսանդր Մարտելլին ասաց, որ իրենց երկրում առաջին անգամ 1975-ին է օգտագործվել սեյսմամեկուսացումը, 2002-ի երկրաշարժից հետո, միայն 2003-ին ընդունվեց սեյսմամեկուսացված շինություններ կառուցելու մասին օրենքը:
Մ. Մելքումյանն էլ ասաց, որ Հայաստանում 10-20 հարկանի սեյսմամեկուսացված շենքերը եզակի են Եվրոպայում, այդպիսիները կան միայն Ճապոնիայում եւ Չինաստանում:
Ռուսաստանից ժամանած Յակոբ Էյզենբերգն ասաց, որ իրենք սեյսմամեկուսացումը կիրառում են դեռեւս 1970-ից, իսկ 74-ից մի ամբողջ սեյսմամեկուսացված քաղաք են կառուցել: Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Մ. Մելքումյանը տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում Հայաստանում առաջին անգամ՝ առանց բնակիչների տեղահանման եւ շենքերի շահագործման դադարեցման, կատարել են շենքերի ամրացումներ, օգտվելով սեյսմամեկուսացումից՝ հիմքում եւ կտուրում: Գիտաժողովը կավարտվի այսօր, կհրատարակվի նաեւ համաժողովի գիտական աշխատանքների ժողովածու:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ