Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶ, ԲԱՅՑ՝ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիս 17,2006 00:00

… Անդադար կլսեն, բայց չեն հասկանա, շարունակ կնայեն, բայց չեն տեսնի, որովհետեւ այս ժողովրդի միտքը թանձրացել է, նրանք խցել են իրենց ականջները եւ փակել են իրենց աչքերը, որպեսզի չլինի թե իրենց աչքերը տեսնեն, եւ ականջները լսեն, մտքերը հասկանան ու դարձի գան…

* * *

… Անդադար կնայեն, բայց չեն տեսնի, շարունակ կլսեն, բայց չեն հասկանա, որպեսզի չլինի թե Աստծուն դառնան եւ Աստված էլ ների նրանց:

* * *

Մենք աշխարհիս ամենաանհասկանալի ժողովուրդն ենք: Պատմությունը ոչ մի ժողովրդի հետ այնքան չի կատակել, ինչքան մեզ հետ: Մինչեւ իսկ երեկ մենք այն էինք, ինչի մասին այսօր ուզում ենք մոռանալ: Բայց մենք նաեւ չփոխվեցինք: Մենք շփոթված կանգ առանք ճանապարհի կեսին: Մենք արդեն չենք կարող որեւէ տեղ գնալ: Մենք խարսխից պոկվեցինք, բայց հանգրվան չենք գտել: Ճիշտ այն գետակի նման, որը հեռացավ մայր գետից ու ոչ կարող է շարունակել հոսել, ոչ կարող է կանգ առնել, այնքան մեծ չէ, որպեսզի լիճ դառնա, բայց նաեւ այնքան փոքր չէ, որպեսզի կուլ գնա հողին: Մենք փոքր-ինչ ամաչում ենք մեր ծագումից, փոքր-ինչ մեղավոր ենք զգում դավաճանության համար եւ չենք ուզում ետ նայել, բայց առաջ նայելու տեղ էլ չունենք: Այդ պատճառով կանգնեցրել ենք ժամանակը, որովհետեւ վախենում ենք ինչ-որ բան վճռել: Մեզ արհամարհում են եւ մեր եղբայրները, եւ նորեկները, իսկ մենք պաշտպանվում ենք ատելությամբ ու հպարտությամբ: Մենք ուզում ենք պահպանել մեր գոյությունը, բայց այնքան ենք հեռացել մեր էությունից, որ արդեն չգիտենք մեր ով լինելը: Դժբախտությունն այն է, որ մենք սիրեցինք մեր մեռյալին եւ չենք ուզում նրանից բաժանվել: Բայց ամեն ինչի համար պարտավոր ենք վճարել, այդ սիրո համար՝ նույնպես:

* * *

Այն, ինչ մեզ հետ կատարվեց, կարելի էր առանց դժվարության կանխատեսել: Մեզ տիրեց մտավոր ծուլությունը: Ոչ ոք այլեւս չի կարդում, նույնիսկ արկածային վիպակները թվում են հոգեկան մեծ լարվածություն պահանջող ստեղծագործություններ, նույնիսկ մանկական ֆիլմերը թվում են ծայրահեղ հոգնեցնող, իսկ այդ ժամանակ կապիկներն իրենց համար մտածում են: Եվ այդ լուռ միայնակ խոհերի մեջ նրանց ուղեղը զարգանում է: Եվ նրանք արդեն տիրապետում են խոսքին: Օ, իհարկե, նրանք մեզ հետ գրեթե չեն խոսում, արհամարհանքով կրծոտում են այն փոքրաթիվ խիզախներին, որոնք դեռ հանդգնում են նրանց կարգադրել: Գիշերները, երբ բոլորս քնում ենք՝ նրանք տպավորություններ են փոխանակում եւ միմյանց պատմում են այն, ինչ իմացել են օրվա ընթացքում:

* * *

Մեր ազգի անցածը տխուր է, այն օրերի պատմական հիշատակներից արտասուք է հոսում: Մեր ազգի ներկան թշվառ է՝ ստրկությունը եւ աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ:

* * *

Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է եւ որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության եւ կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքնուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները. նրանք զոհվում են իրենց չգիտակցված չարիքների ծանրությունից:

* * *

Այստեղ դիտմամբ է, որ չակերտներ չեն դրված: Պարզապես որոշել էի մեր էս վիճակի արմատներն ու զարգացման միտումները փնտրել ու գտնել, ու հանկարծ հիշեցի, որ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ էլ կա ու գրված է:

Ու երեկվա օրն ու այսօրվանը ու վաղվանը ակնառու տրված են:

Առանց չակերտների:

Մնում էր միայն «գրագողություն» անելը:

Ինչը եւ արել եմ:

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել