Լրահոս
Օրվա լրահոսը

«Շունն ու կատուն»՝ 21-րդ դարում

Հունիս 17,2006 00:00

Քեռի քուչին, Միսթր Քեթը, Գմփո գամփռը,
չղջիկներն ու ագռավները «Մետրո» թատրոնի տնօրեն Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն»
պիեսի հերոսներն են: Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ
ներկայացման պրեմիերան: Այն Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի արդիականացված
տարբերակն էր: Ուղղակի այստեղ փիսոն ուստա չէր, այլ Միսթր Քեթ, խոսում է անգլերեն,
թիկնապահ էլ ունի՝ Գմփո գամփռը: Վ. Ստեփանյանի «Շունն ու կատուն» մյուզիքլում հեքիաթը
պատմում են բամբասասեր ագռավները: Պիեսի հերոսներին մարմնավորում են Պատանի հանդիսատեսի
թատրոնի դերասանները: Շան դերում Իշխան Ղարիբյանն է, կատվի դերում՝ Սամվել
Դանիելյանը, իսկ ագռավների դերում՝ Լեռնիկ Բալյանը, Մարիամ Ղազանչյանը, Լարիսա Թեւոսյանը:
«Լինելով ներսի մարդ՝ կարծում եմ, որ դերակատարների ու թատրոնի ընտրությունը ճիշտ
էր: Այս համատեղ գործունեությունը ի շահ հանդիսատեսի է»,- ասաց Իշխան Ղարիբյանը:
Այս պիեսում էլ, ինչպես Թումանյանի հայտնի ստեղծագործությունում, Քեռի քուչին նորից
գդակ կարելու գործը վստահում է կատվին: Ու կատուն վարվում է հանրահայտ հեքիաթի իր
ցեղակցի պես: Ձգձգումից հոգնած եւ հուսահատված՝ Քեռի քուչին ասում է. «Ափսոս, իմ
ցեղում գդակ կարող չկա, թե չէ կատվին մորթի կվստահվե՞ր: Ինչ ասեմ ձեր պատվին, ձեր
տեսակին ու ձեր ցեղին»: Ի. Ղարիբյանը փաստեց, որ այսօր «կատուները»՝ «քցողները»,
շատ են մեր հասարակությունում, ու մյուզիքլի հերոսը հավաքական կերպար է: Պիեսում
եւս շան ու կատվի գործը հասնում է դատարան: «Ինչո՞վ ենք պակաս, դատավոր չդառնա՞նք»,-
որոշում են ագռավները: Ի դեպ, դատը կաշառքով շահում է Միսթր Քեթը: «Դատն էլ, ավաղ,
նա է շահում, ով փողով օրենք է առնում»,- բացատրում է հեքիաթասաց ագռավը: Ներկայացման
ավարտը թումանյանական բնագրից չի շեղվել. «Քանի մեկը խաբում է, մյուսը՝ խաբվում,
քանի մեկը ջոջ է, մյուսը՝ ծառա, աշխարհը միշտ էլ այսպես կմնա»: Միջոցառմանը
ներկա ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Կարինե Խոդիկյանն «Առավոտին»
ասաց, որ այս տողերն ասելիս Թումանյանն այն ժամանակ հաստատ մի բան գիտեր: ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հ. Գ. Ափսոս, ներկայացման պրեմիերային քաղաքից
բացակայելու պատճառով ներկա չէր ռեժիսոր եւ սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը, ով
ավելի հանգամանալից կներկայացներ, թե ինչու է որոշել մյուզիքլ բեմադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել