Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական» ժամանց

Հունիս 17,2006 00:00

Մի գիշեր ստրիպ-ակումբում

Գործակատարի 15 տարվա փորձով 53-ամյա տիկին Մարուսը արդեն 5 տարի է, որ փոխել է զբաղմունքի տեսակը. «զալի վարիչի» կարգավիճակով ղեկավարում է Երեւանի կենտրոնում գտնվող զվարճանքի օբյեկտներից մեկի սպասարկման սրահի ցերեկային եւ գիշերային աշխատանքը: Նրան մոտեցանք գիշերային հերթափոխի ընդմիջմանը: Մինչ այդ՝ տիկին Մարուսը ձեռքերը կողքերին կանթած կամ կզակի տակ, հետեւում էր ստրիպ-պարուհիների աշխատանքին, իսկ երբ համարն ավարտում էին, հետեւներից կրնկակոխ մտնում էր նրանց սենյակ՝ ելույթի շահույթը ներքնաշորերի արանքներից հանելու: Լրագրողի ներկայությունը անակնկալի բերեց սրահի վարիչին եւ նա ինչ-ինչ պատճառներով խուսափեց զրույցի բռնվել: Մենք էլ որոշեցինք պարզապես հետեւել շոուին եւ ոչ մասնագետի աչքով գնահատել պարուհիների կատարողական վարպետությունն ու այցելուների պահվածքը: Սկսենք պարուհիներից: Մեկը հայ էր, երեքը՝ ռուս: Աղջիկներին այդ գիշեր ցանկահարույց պար ցուցադրել չհաջողվեց: Նրանց ալարկոտությունը փոխանցվում էր նաեւ ներկաներին:

Զբաղեցված երեք սեղանների այցելուները չէին շտապում իրենց մոտ հրավիրել պարուհիներին: Երրորդ ելույթին երկու սեղաններից մոտենալու «հրահանգ» ստացվեց՝ մանր-մունր «հոնորարներ» բախշեցին: Հետո եղավ եւս երկու պար: Երրորդ սեղանի կանչի նշանը պարուհիները չնկատեցին:

Նրանց փոխարեն ուշադիր գտնվեց տիկին Մարուսը եւ, բնականաբար, իր ասելիքը պարուհիներին փոխանցեց արդեն «կուլիսների» հետեւում: Դրանից հետո վերջիններս աչքները չէին կտրում երրորդ սեղանից, բայց արդեն կանչող չկար. երեւի սկզբունքի հարց էր կամ էլ ջահելները պարզապես խաղ էին անում: Որոշ ժամանակ անց նույն սեղանը նորից ազդանշան տվեց եւ պատվիրեց կրծկալը հանել իրենց սեղանի մոտ, պատվերն անկատար մնաց: Այցելուները սկսում էին ձանձրանալ: Հետո մի խումբ էլ եկավ եւ զբաղեցրեց չորրորդ սեղանը: Նորեկների տրամադրությունն այնքան բարձր էր, որ նրանցից մեկը պարով հիանալու փոխարեն սկսեց ռուս պարուհուն ընկերակցել: Սրահի այցելուների ընդհանուր տրամադրությունն էլ բարձրացավ: Պարող այցելուն արդեն հաջորդ պարին «զուգընկերուհուն» անջատեց խողովակից, սուրճ պատվիրեց նրա համար, նստեցրեց կողքին եւ սկսեց «խոսեցնել»: Այդ վերաբերմունքը ծափողջույնների արժանացավ հարեւան սեղաններից մեկի կողմից: Մեկ էլ պարող հաճախորդը սկսեց ռուս պարուհուն համոզել, որ երկուսով էլ հանվեն: Բնականաբար, երկուստեք ստրիպտիզը չստացվեց. նորաթուխ ստրիպ-պարողն իրեն գռեհիկ էր պահում: Ու քանի հետաքրքրված ներկաները սուր զգացողությունների պահանջ ունեին, ինչն այդպես էլ չբավարարվեց, խումբ-խումբ լքեցին զվարճանքի վայրը:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել